Բաժիններ՝

«Չեմ հասկանում քաղաքապետարանի այս շտապողականությունը». Ռուբեն Մելիքյան

Օպերայի և բալետի ազգային թատրոնի տարածքում օրեր շարունակ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ սրճարանների ապամոնտաժման շուրջ զրուցել ենք Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Ըստ Datalex-ի (գործ՝ ԵԴ4628/02/19, դատավոր՝ Գոռ Թորոսյան)՝ 2019թ. փետրվարի 19-ին  Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի դատարան դատական հայց է ներկայացված մի քանի սրճարանների սեփականատեր «Մագնոլիա» ՍՊԸ-ի դեմ՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետևանք՝ իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելու և Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Չնայած հայցադիմումին, սակայն, Երևանի քաղաքապետարանը չի սպասել դատական նիստին, դատարանի վճռին և շտապել է սկսել ապամոնտաժման կոպիտ և ապօրինի գործողությունները։ Այն դեպքում, երբ օրենքի համաձայն՝ քաղաքապետարանը վարձակալության կամ այլ պայմանագրերը  փոփոխության ենթարկել կամ վաղաժամկետ դադարեցնել  կարող է միայն և միայն դատարանի միջոցով։ Ինչո՞վ էր պայմանավորված քաղաքային իշխանությունների այս շտապողականությունը։

-Տեղեկացել եմ այդ փաստի մասին, և, եթե իսկապես ընթանում է դատական գործընթաց, և բարձրացվել է պայմանագրի միակողմանի խզման հարց, ապա կարծում եմ՝ այստեղ լուրջ խնդիր կա, որովհետև ինչպե՞ս կարող է Երևանի քաղաքապետարանն առանց դատարանի որոշման՝ գնալ այդ քայլին։ Ավելին, նախ՝ հայտնի չէ, թե դատարանն ինչպիսի որոշում էր կայացնելու, և հետո՝ այդ ամենը տևական ժամանակ է պահանջում, քանի որ խոսքը ոչ թե առաջին ատյանի որոշման մասին է, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի, որը նշանակում է՝ բողոքարկելու հնարավորություն Վերաքննիչ, Վճռաբեկ, ապա նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական (ՄԻԵԴ) դատարաններ։ Ինձ համար քաղաքապետարանի այս շտապողականությունն անհասկանալի է։

Ճիշտ է, յուրաքանչյուր սեփականատիրոջ դեպքում ունենք իրավական տարբեր իրավիճակներ,  բայց կարծում եմ՝ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա, և շատ կասկածում եմ, որ քննարկման առարկա է դարձել  Եվրոպական դատարանի կողմից մշակված, այսպես կոչված, իրավական կամ օրինաչափ ակնկալիքը։ Նշանակում է, որ ըստ Եվրոպական դատարանի՝ սեփականության իրավունքը տարածվում է ոչ միայն այն նեղ շրջանակի նկատմամբ, որը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, այլև, օրինակ՝ այն գործարարների ողջամիտ ակնկալիքի վրա, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և ողջամտորեն հույս ունեն, որ որոշակի ժամանակահատված շարունակելու են իրենց տնտեսական գործունեությունը։ Այս դեպքում, որքան գիտեմ, սրճարանների պայմանագրերի ժամկետը նախատեսված է մինչև 2026-28 թվականները։

Այս տեսանկյունից այստեղ իսկապես խնդիրներ տեսնում եմ, և քաղաքապետարանի այս շտապողականությունը կարող է բերել ոչ միայն ներպետական, այլև միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ում, եթե մարդիկ որոշեն այդ գործիքակազմն օգտագործել, մեր պետության համար խնդիրների առաջացման։ Կրկնում եմ՝ չեմ հասկանում այս շտապողականությունը, հատկապես, որ շատ սեփականատերեր պնդում են, որ նրանք սկզբունքորեն պատրաստ են եղել բանակցային եղանակով խնդիրը լուծելու, ավելի ուշ ժամկետում հանձնելու սրճարանները, թե ինչո՞ւ այս տարբերակները չեն ընտրվել՝ չեմ հասկանում։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս