ՃՈ նախկին պետը ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնող նոր նախաձեռնությունների շարք է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանը սկսելու է օրենսդրական նախաձեռնությունների շարք՝ ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնելու ուղղությամբ։ Համակարգը մի քանի ամիս առաջ թողած նախկին ոստիկանի գնահատմամբ՝ Հայաստանում դատաիրավական ինչքան բարեփոխում կա, բոլորն արվել է ի հաշիվ ոստիկանության լիազորությունների նվազեցման։

«Եվ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանությանն է, սակայն չունի համապատասխան լիազորություններ՝ իրականացնելու համար։ Այն պարագայում, որ հանցավորությունն օրեցօր կատարելագործվում է, տեխնիկական նոր միջոցներ են կիրառվում, հանցագործության նոր տեսակներ են ի հայտ գալիս»։

Ոստիկանությանն առնչվող նախագծերը Արմեն Խաչատրյանը չի բացահայտում։ Միայն ասաց, որ խնդիր է դրված նաեւ ոստիկանության՝ քննություն կատարելու լիազորությունը վերականգնել։

Քանի որ պատգամավորը ոստիկանությանը գաղտնալսելու գործառույթ տալը համարում է հրատապ անհրաժեշտություն, «ոստիկանական նախագծերի» շարքը սկսել է «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելով։

Թեեւ, ինքնուրույնաբար, ոստիկանությունը գաղտնալսելու (առանց դատարանի որոշման ու ԱԱԾ դիմելու) իրավասություն երբեւէ չի ունեցել։ Սա, նրա խոսքով, նոնսենս է, քանի որ աշխարհի բոլոր ոստիկանություններն ունեն նման լիազորություն։

«Հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման 80 տոկոսի պատասխանատու մարմինը ոստիկանությունն է։

Քրեական օրենսգրքում ինչքան հոդված կա, էլ չեմ ասում՝ վարչական իրավախախտումները, պատասխանատուն ոստիկանությունն է։ Ու այսօր ոստկանությանը զրկել նման լիազորությունից, մեղմ ասած, ողջամիտ չեմ համարում։ Ու հարցնում եմ՝ եթե ոչ ոստիկանությունը, ապա ո՞վ»,- հարցնում է Արմեն Խաչատրյանը։ Իհարկե, օրենքով ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ, չգիտես ինչու, ներկայացված է ոչ թե աշխարհի փորձը, այլ հետխորհրդային մի շարք երկրների, ինչպիսիք են ՌԴ-ն, Բելառուսը, Տաջիկստանը եւ Ուկրաինան։ Եվ ՄԻԵԴ-ում էլ գաղտնալսման գործերով բազում որոշումներ կան ընդդեմ այդ երկրների։

Բայց, դե ֆակտո, ոստիկանությունը հարկ եղած դեպքում, դատարանի որոշմամբ այդ գաղտնալսումն այսպես թե այնպես անում է, նախ դիմելով ԱԱԾ՝ կապուղի տրամադրելու համար։ Գործող օրենքով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ-ի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը։

«Որեւէ բան չի փոխվում, խոսքը, կոպիտ ասած, տեխնիկական հնարավորություններին է վերաբերում։ Ինչո՞ւ ոստիկանությունն այն չունենա, չէ՞ որ, երբ դիմում ես մեկ այլ մարմնի, դա ժամանակի կորուստ է։ Երբեմն անհրաժեշտ է լինում հրատապ միջոցառումներ իրականացնել, ավելորդ ժամանակ է։ Ե՛վ կազմակերպչական հարցեր, իրենց ես ծանրաբեռնում»,- ասում է պատգամավորը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս