ՀՀ իշխանությունները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում 2 հնարավորություն ունեն
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաղորդագրությունը հավասարակշռված միջնորդական հայտարարություն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած աղմկահարույց վերջին հաղորդագրությանը և այսօր Ստեփանակերտում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին Արցախի մասնակցության թեմայով։
Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունների հենց սկզբից պարզ էր, որ դա դյուրին խնդիր չի լինելու ՀՀ իշխանությունների համար, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է այդ հեռանկարին, իսկ Մինսկի խումբը հետաքրքրված է բանակցային գործընթացի շարունակականությամբ, որը ենթադրում է նման հարցերի վերաբերյալ չեզոք դիրքորոշում։
Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ ժամանակին դուրս է բերվել Արցախը բանակցություններից՝ ավելի թեթև բանակցային գործընթաց կազմակերպելու նպատակով, և այս ողջ ընթացքում չի եղել մի փուլ, երբ բանակցային մթնոլորտը թույլ տար Արցախին վերադառնալ բանակցային սեղանին։
«Իսկ համանախագահների հայտարարությունը կարելի է համարել հավասարակշռված միջնորդական հաղորդագրություն։ Բանակցային ձևաչափի փոփոխությունների օգտին ավանդաբար հանդես էր գալիս Ադրբեջանը, այդ ուղերձների հասցեատերը նաև Ադրբեջանն է, որը ցանկացել է ժամանակ առ ժամանակ փոփոխել այս ձևաչափը։ ՀՀ իշխանությունները որոշում են, թե ինչպես վարվել առաջիկա հանդիպման հետ, երբ համանախագահները հստակեցրել են, որ ներկայումս չկա օրակարգում Արցախի մասնակցության հարց։ ՀՀ իշխանությունները կա՛մ կարող են հրաժարվել բանակցելուց, որը քիչ հավանական է, կա՛մ շարունակել բանակցել՝ ակնկալիքով կամ պայմանավորվածությամբ, որ ինչ-որ պահից Արցախը վերադառնալու է բանակցային սեղան՝ որոշելու իր ճակատագիրը։
Ես այն համոզմանն եմ, որ առաջին տարբերակով ՀՀ իշխանություններն առաջ չեն շարժվի, քանի որ խոսում են երկխոսությունից, խաղաղությանը նախապատրաստվելուց։ Վերջերս խոսվում է նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգերի մասին, որոնք ողջունելի են, քանի որ բանակցային գործընթացի հնարավոր բարդ շրջանը կողմերը կարող են հաղթահարել այդ պայմանավորվածությունները կատարելու միջոցով»,- ասաց Ֆելգենգաուերը։