Ֆրանսիայում քննարկել են բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը

Արցախի էթնիկ զտումից և արցախահայության հայրենազրկումից 2 տարի անց, ս․թ․ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ խորհրդաժողով՝ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ, հայտնում են «Արցախ միությունից»։

«Միջոցառմանը մասնակցում էին ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամաորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքին։

Խորհրդաժողովի առաջին փուլում մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներին և դրանց հետևանքներին արցախահայության համար։ Մասնակիցներն ընդգծեցին, որ բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը։ Այս համատեքստում նշվեց, որ Ֆրանսիացի և եվրոպացի պատգամավորները հանձն են առել մոռացության չմատնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը և շարունակելու են սեփական կառավարություններին դրդել գործնական քայլեր ձեռնարկել՝ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ապահովելու համար։

Երկրորդ քննարկումը նվիրված էր խորհրդարանական դիվանագիտությանը․ կարևորվեց եվրոպական երկրների խորհրդարանականների և Արցախի Հանրապետության խորհրդարանականների միջև կապերի ձևավորումը և համագործակցությունը՝ Արցախ վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու և հայ գերիների ու քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելու համար։

Հատուկ ուշադրություն դարձվեց նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությանը, որը հանդես եկավ կոչով՝ հավաքագրելու ֆրանսիացի խորհրդարանականների ստորագրությունները՝ Արցախի բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը պաշտպանելու և Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը պահանջելու համար։

Խորհրդաժողովը փակվեց Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքերով: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կոչ արեց շարունակել Արցախյան դատի համար պայքարը․ «Քաղաքականությունն այն հզոր ուժն է, որ ունակ է վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուստի առաջարկում եմ, որ համարձակվենք պայքարել բռնության նկատմամբ արդարության հաղթանակն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս