«Համանախագահները կողմերին հիշեցնում են, թե ինչ հարցեր են դրված բանակցային սեղանին»
Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) բավականին ծավալուն հայտարարություն տարածեցին պատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպման, կարգավորման սկզբունքների, տարրերի և, ընդհանուր առմամբ, կարգավորման վերջին շրջանի գործընթացի վերաբերյալ՝ փորձելով վերջակետ դնել որոշ տեղեկատվական սադրանքներին և կողմերի պահանջներին։
Հայտարարության մեջ համանախագահները ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շուտով հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահները, ըստ հաղորդագրության, ովքեր սերտորեն համագործակցում են երկու արտգործնախարարների հետ, նախապատրաստական աշխատանքներ էին տանում ղեկավարների այս կարևոր հանդիպման համար, որը լինելու է երկու ղեկավարների միջև առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը:
Միևնույն ժամանակ՝ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները:
Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Ըստ հայտարարության՝ այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն:
«Համանախագահների հովանու ներքո Բաքվի և Երևանի միջև շարունակական ու ուղղակի երկխոսությունը շարունակում է մնալ՝ որպես կարևոր տարր վստահության կառուցման ու խաղաղության գործընթացին հասնելու գործում: Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում: Համանախագահներն ընդգծում են, որ նրանք շարունակում են իրենց մանդատի համաձայն՝ լիարժեք հանձնառու լինել օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում անկողմնապահ ու կրիտիկական մշտադիտարկման աշխատանքին, որն իրականացնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանն անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մասամբ։
Մեզ հետ զրույցում մեկնաբանելով հայտարարությունը՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով հանդես են գալիս։ Ըստ նրա, այս անգամ հայտարարության նպատակն էր նաև՝ կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը՝ բարձրացնելով իրենց հեղինակությունը՝ որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Նրա որակմամբ՝ ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում. խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը։
«Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել։ ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի։ Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է՝ ստեղծել համերաշխության մթնոլորտ կողմերի միջև, մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին։ Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքներին ու տարրերին՝ ապա այստեղ ևս նորություն չկա, համանախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ։ Բայց մենք տեսնում ենք, որ ղեկավարները խուսափում են ամեն կերպ այս օրակարգին անդրադառնալուց, ինչը նշանակում է, որ նրանք դեմ են այդ օրակարգին։ Այդ պայմաններում ղեկավարների մակարդակով հանդիպումը ոչինչ չի տալու, մինչև որ կողմերը պատրաստ լինեն հակամարտության հավասարակշռված և խաղաղ կարգավորման»,- ասաց Տարասովը։
Նրա կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի մասին խոսակցությունների թարմացումը ևս պետք է դիտարկել այդ կոնտեքստում։
Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը, որպես դրական հանգամանք՝ մատնանշեց այն, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ փորձել են կողմերի կողմից միմյանց համար անընդունելի հայտարարությունների հարցում աջակցություն հայտնել յուրաքանչյուր կողմին։
Ըստ նրա, բնականաբար, գլխավոր հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն էին, որոնք ղեկավարների այս կազմով առաջին պաշտոնական հանդիպումից առաջ հստակեցնող ուղերձ ստացան համանախագահների կողմից՝ հիշեցնելով կողմերին, թե ինչ հարցեր են դրված բանակցային սեղանին, և ինչ հարցերի շուրջ կողմերը առարկություններ ունեն՝ խոսքը և՛ Արցախի մասնակցությանն է վերաբերում, և՛ պատերազմական բնույթ ունեցող հայտարարություններին։
«Չեմ կարող ասել, թե որքանով են կողմերը ներկայումս պատրաստ բանակցությունների մատնանշվող օրակարգի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք ենթադրում են փոխզիջումներ, և որոնց մասին կողմերը ոչինչ լսել չեն ցանկանում։ Այնուամենայնիվ, որքանով էլ կողմերը գոհ չեն այս ձևակերպումներից, որքան էլ օրակարգն անընդունելի է, այս հանդիպումները կարևոր են, և առաջիկա հանդիպումն առավել կարևոր է, քանի որ լինելու է Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,- ասաց նա։