Բաժիններ՝

«ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա». Արա Ղազարյան

«ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, միայն կցկտուր տեղեկություններ են, բայց եթե նման հայց էլ ներկայացվի, դա այնպիսի գործ կլինի, որը կտևի շատ երկար, գուցե տասնամյակներ քննվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում փոխադարձ հայց կներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը կողջունվի եվրոպական կառույցների կողմից:

«Ավելին՝ բոլորն են հասկանում, որ նման հայցի դեպքում դատարանից ոչ միայն երկար ժամանակ կպահանջվի վճիռ կայացնելու համար, այլև դրա կատարումը տասնամյակներ կպահանջի: Դա կարող է կատարվել այն դեպքում, երբ որ քաղաքական դաշտում Արցախի անկախության հարցը լուծվի»,- նշեց Արա Ղազարյանը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էլ նկատեց. «Ադրբեջանական քարոզչությունը տարեցտարի ինչ-որ թվեր է մոգոնում՝ ցույց տալով, թե ինչպիսի վնաս է կրել Արցախյան պատերազմի արդյունքում: Այս տարվա հաշվարկով դա 800 միլիարդ դոլարի է հասել: Նույնը Աղդամի դեպքերով, որն իրենք անվանում են Խոջալու: Տարիներ ի վեր լսում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է գնալ դատարան ՀՀ-ի դեմ, երբ հայկական կողմը սկսում է տրամաբանված հարցադրումներ անել և՛ զոհերի վերաբերյալ, և՛ խոշտանգումների, ադրբեջանական կողմը վեճը տանում է էմոցիոնալ դաշտ, որովհետև փաստարկված հիմք չունեն: Կարծում եմ՝ եթե փաստարկված հիմք ունենային՝ վաղուց այդ հայցով կգնային միջազգային դատարան»:

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց նախապատրաստելու մասին հունվարի 26-ին Tert.am-ի զրույցում նշել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«Ցավոք, ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը նախապատրաստում է միջպետական հայց ընդդեմ Հայաստանի՝ հենց արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում, և այդ հայցն իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ այդ հայցի քննարկման ժամանակ քննարկման առարկա է դառնալու կոնֆլիկտի բոլոր ուղղությունները՝ քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային և այլն, բայց ամենամտահոգիչն այն է, որ տնտեսական լուրջ կոմպոնենտ ունի, ինչո՞ւ, որովհետև ինձ հասած տեղեկատվության համաձայն, մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների և փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար: Այս հայցն ինձ համար ամենակարևորն է, և ես իմ կյանքում ամեն ինչ մի կողմ կդնեմ և այս հարցով կզբաղվեմ, թեկուզ ոչ պաշտոնապես»,- հայտարարել է նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս