Սիրիա հումանիտար առաքելության մեկնած հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են վիրաբուժական և թերապևտիկ բնույթի օգնություն
Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը փետրվարի 19-ին սկսել է ականազերծման աշխատանքները:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510 քմ տարածք:
«Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր հայ բժիշկները, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիային ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից:
Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդամենը` 83 մարդ) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: