Մոնիկա Մանուչարովան կներկայացնի Հայաստանը «Սլավյանսկի բազարում»
«Սլավյանսկի բազար-2019» երգի ամենամյա միջազգային մրցույթի երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի պատվիրակը երգչուհի Մոնիկա Մանուչարովան է: «Սլավյանսկի բազարը» կանցկացվի հուլիսի 8-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում:
Մրցույթի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:
«Առհասարակ մրցույթն անցկացվում էր երեք փուլով, որոնցից մեկում տվյալ երկրի ներկայացուցիչը կատարում էր երգ իր լեզվով, բայց այս տարի մրցույթը երկու փուլով է լինելու. մասնակիցները սլավոնական հիթ և համաշխարհային հիթ են կատարելու»,-մեզ հետ զրույցում ասաց Մանուչարովան` շեշտելով, որ մրցույթին մասնակցում են 44 երկրի երգիչ-երգչուհիներ:
Երգչուհին խոստովանեց, որ ընտրած մի քանի երգ ունի, բայց չցանկացավ բացել փակագծերը: Այժմ նա հղկում է այդ երգերի կատարումները, փորձեր անում, որպեսզի ապրիլի սկզբին հստակ որոշում կայացնի դրանց ընտրության հարցում:
Մանուչարովայի խոսքով` ամեն անգամ բեմ բարձրանալիս զգացողությունները տարբեր են: «Հիշում եմ, երբ փոքր տարիքում առաջին անգամ բեմ բարձրացա, չափազանց հուզված էի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս, բայց հաճելի ապրումներ ունեի, իսկ երկրորդ անգամ ավելի հեշտ էր, երրորդ անգամ՝ էլ ավելի. քիչ-քիչ սկսում ես հանգիստ լինել, կառավարել քեզ և այլ կերպ, այլ մոտեցմամբ մատուցել երգը: Կարևոր է նաև հանդիսատեսի գործոնը: Մեր երկրում ելույթ ունենալիս իմ երգերի բառերը հասկանում են, օտար երկրներում պետք է ստեղծագործությունն այնպես ներկայացնել, որ առանց բառերը հասկանալու այն ընկալեն երաժշտությամբ: Պատահել է` օտարերկրացին մոտեցել է ինձ ու պատմել իմ երգի բովանդակությունը: Զարմացել եմ, որ հասկացել է»,-պատմեց երգչուհին:
Մոնիկա Մանուչարովան ծնվել է Գյումրիում: Սովորել է տեղի Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում Երազիկ Հարությունյանի դասարանում: Նա ընդգծեց, որ առաջին ուսուցչուհին մեծ դեր է խաղացել իր ստեղծագործական կյանքում, քանի որ երգելու ճիշտ հիմքերն է դրել: Մանուչարովան չորս տարեկանից երգել է «Դեղձանիկ» երգի խմբակում: Հետագայում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային և էստրադային բաժին:
Միջազգային մրցույթների սկսել է մասնակցել 2007 թվականից` արժանանալով տարբեր մրցանակների: Նա ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2008»-ում: 17 տարեկանից երգում է «Գոհար» սիմֆոնիկ երգչախմբում, որի կազմում ելույթներ է ունեցել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Բեյրութում և այլ երկրներում:
«Սլավյանսկի բազար» մանկական կատարողների մրցույթում մեր երկիրը կներկայացնի 10-ամյա Անժելա Ալբերտյանը:
Անժելա Համբարձումյան