Բաժիններ՝

Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր. Տավուշում կատարված սպանության մանրամասները

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 5-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ բութ գործիքով հարվածել է նույն մարզի՝ 1955 թվականի ծնված տղամարդու գլխի աջ քունքային շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Դեպքի վայրից առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող մուրճն ու փայտե ձողը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ՝ ծնված 1986 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ 64-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս