Բաժիններ՝

Ցանեցինք անտարբերություն, հնձում ենք կոնֆլիկտներ

Վերջին շրջանում ավելացել են հաղորդագրությունները դպրոցներում արձանագրված խախտումների մասին։ Ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ դպրոցներում կան «մեռած հոգիներ»։ Այսինքն՝ փաստաթղթերով ձևակերպվում են աշխատողներ, ովքեր աշխատանքի չեն գալիս, բայց գումար են ստանում։ Ու որպես կանոն՝ այդ գումարը ստանում է տնօրենը։ Այդ մարդիկ հատկապես ձևակերպվում են՝ որպես պահակներ, հավաքարարներ, այգեպաններ, սոցիալական մանկավարժներ։

Ցավալի է, որ այսքան տարի նախարարությունը, մարզպետարանները, տեսչությունները, ֆինանսական մարմինները չեն պայքարել մեծ տարածում ունեցող այս երևույթի դեմ։ Մյուս բացահայտումն էլ այն է, որ աշակերտները դասի չեն հաճախում, բայց դասամատյանում նրանց բացակայությունները չեն արձանագրվում։ Վերջերս նման մի դեպք բացահայտվել էր Գյումրիի դպրոցներից մեկում։ Ընդ որում, տնօրենն այս գործընթացին ներքաշել էր շուրջ 15 ուսուցիչների։ Այստեղ էլ խնդիրն այն է, որ հաճախ ընտանիքները մեկնում են արտերկիր և չեն ցանկանում ընդհատել երեխայի ուսումը Հայաստանի դպրոցում։

Այս երևույթներն ինչ-որ չափով արդյունք են դպրոցների տնօրենների ցածր աշխատավարձի։ Ճանաչում եմ դպրոցի տնօրենի, ով ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կամ ուսմասվարը։ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, բնականաբար, մտածում է եկամտի լրացուցիչ աղբյուրներ ունենալու մասին։ «Մեռած հոգիներ» պահելը, թերևս, ամենատարածված դեպքերից մեկն է։ Եվ կարելի է ենթադրել, որ մենք իմանում ենք միայն բացահայտված դեպքերի մասին, իսկ իրականում դրանք կարող են շատ ավելի շատ լինել։

Արդեն հասունացել է պահը, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Դպրոցի օրինակելի հաստիքացուցակը պետք է վերանայել, պետք է լինեն աշխատողների և աշակերտների վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի «մեռած հոգիներ» չլինեն դպրոցներում։ Ճիշտ է, դպրոցի տնօրենն իրավունք ունի խորհրդի որոշմամբ իր աշխատավարձը բարձրացնել, բայց պետք է բարձրացնել տնօրենի նվազագույն աշխատավարձի շեմը։ 150 հազար դրամը շատ ցածր գումար է նման պատասխանատու աշխատանքի համար։

Կարդացեք նաև

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վերջին ամիսներին ավելացել են նման բացահայտումները։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի շատ դպրոցներում կոնֆլիկտային իրավիճակներն ավելացել են։ Ջրի երես են դուրս եկել նախկին բազմաթիվ կոնֆլիկտներ ու խնդիրներ։ Շեշտակի ավելացել է բողոքների թիվը։ Հենց այդ ամենին ընթացք տալու արդյունքում էլ լինում են այս բացահայտումները։

Իհարկե, եթե դպրոցներում եղել են խախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն, և պետությանը հասցված վնասը պիտի վերականգնվի։ Բայց այս գործընթացում կա մի բան, որը շատ մեծ ու հեռահար վնաս է հասցնում դպրոցին։ Մի քանի օր առաջ խոսում էի մի դպրոցի բարձր դասարանցի աշակերտի հետ։ Վերջինս ասաց, որ իրենց դպրոցում գրեթե ամեն օր կռիվ է։ Առկա է կոնֆլիկտ տնօրենի և մի քանի ուսուցիչների միջև։ Եվ իրենք ամեն օր բացահայտ տեսնում են, թե ինչպես են մանկավարժները վիճում իրար հետ, վիրավորում ու կոպտում իրար։ Աշակերտը պատմում էր, որ ուսուցիչները բողոք են գրել, ինչն էլ դուր չի եկել տնօրենին։

Այս ամենը մտահոգիչ է։ Դպրոցի արդյունավետ աշխատանքի կարևորագույն նախապայմաններից մեկը հեղինակությունն է։ Դպրոցը, ուսուցիչները, տնօրենը պետք է հեղինակություն լինեն աշակերտների և ծնողների համար։ Առանց հեղինակության՝ անհնար է բարձրակարգ դպրոց ունենալ։ Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ Ֆինլանդիայի կրթական հաջողությունների գլխավոր գործոններից մեկն այն է, որ այս երկրում ուսուցիչը հեղինակություն է։ Երեխաները կարող են սովորել միայն այն մարդկանցից, ում խորապես հարգում են։ Բայց, ցավոք, այսօր մենք շատ քիչ ուսուցիչներ ու տնօրեններ ունենք, ում հանդեպ կա հարգանք։ Ինչպե՞ս կարող են աշակերտները հարգել իրար հետ վիճող ուսուցիչներին։

Այս իրավիճակը մեկ օրում կամ մեկ ամսում չի ստեղծվել։ Սա դպրոցների հանդեպ ցուցաբերված երկարատև անտարբերության ու սխալ քաղաքականության արդյունք է։ Դպրոցները երկար տարիներ եղել են խնդիրները կոծկող հաստատություններ։ Ուսուցիչը փորձել է կոծկել դասարանում ստեղծված խնդիրները, տնօրենը՝ դպրոցի խնդիրները, մարզպետարանի կրթության վարչության պետը՝ մարզի կրթական խնդիրները։ Այդ ձևով խնդիրները մեծացել են ու լրջացել։ Հեղափոխությունից հետո այդ խնդիրների այն մասը, որոնք կապված էին միջանձնային հարաբերությունների հետ, միանգամից ջրի երես դուրս եկան։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ բովանդակային խնդիրները գերիշխող դառնային, ոչ թե միջանձնային խնդիրները, բայց մարդկանց համար անձնայինը շատ ավելի առաջնային է։ Ու հիմա մեր դպրոցներն օրեցօր ավելի են հեղինակազրկվում։ Նման իրավիճակում անարդյունավետ են դառնում բովանդակային փոփոխությունները։ Եթե չկա հարգանք դպրոցի, տնօրենի, ուսուցչի նկատմամբ, ո՞ւմ է հետաքրքիր դասագրքում գրվածը։

Ունենք մի իրավիճակ, որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է նեգատիվ ազատություն։ Այսինքն՝ մարդիկ ստացել են որոշակի ազատություն և այն փորձում են օգտագործել տնօրենի կամ ուսուցչի հետ ունեցած իրենց հաշիվները պարզելու համար։ Այս ամենի արդյունքում՝ որոշակի գումարներ կվերադարձվեն բյուջե, որոշ վատ տնօրեններ ու ուսուցիչներ կազատվեն աշխատանքից։ Բայց մյուս կողմից, եթե այս ամենի արդյունքում դպրոցն էլ ավելի հեղինակազրկվի, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դա վերականգնել։

Կա մի ձև։ Իշխանությունները պետք է լավ վերաբերվեն դպրոցին։ Պետք է մտածեն դպրոցում աշխատող մարդկանց բարեկեցիկ պայմաններով ապահովելու մասին։ Պետք է հաճախակի հանդիպեն ուսուցիչների հետ։ Չարաշահումների, կոնֆլիկտների մեծ մասն արդյունք են դպրոցի հանդեպ ցուցաբերված ոչ սրտացավ վերաբերմունքի, մարդկանց հոգեկան վատ վիճակի։ Ցանել ենք անտարբերություն և հիմա հնձում ենք չարաշահումներ ու կոնֆլիկտներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս