Թումանյանագետն ամենայն հայոց բանաստեղծին համարում է գրականության զարգացման ուղենիշ
Թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ Հովհաննես Թումանյանի ամբողջ կյանքի և ստեղծագործության իսկական նշանաբանն էր միշտ դեպի վեր, դեպի կատարյալը, դեպի անհայտը, դեպի Աստվածը, անհունը, բարձրագույնը:
Այս մասին Ուլուբաբյանն ասաց «Թումանյան-150» միջոցառումների շրջանակում անցկացվող հանդիպմանը, որը տեղի ունեցավ մարտի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում:
«1990 թվականից եմ սկսել ուսումնասիրել Թումանյան և դա համարում եմ իմ գործունեության հիմքը: Թումանյանը մահվանից երկու ամիս առաջ ասել է, որ գիտի` մի օր, իհարկե ոչ շուտ, իր կյանքը մեծ հետաքրքրություն է առաջացնելու և աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, բոլորովին այլ բան են տեսնելու, իր գրվածքները դեռ լավ չեն կարդացել, տեսել: Ես այդ ուրիշ բանն եմ հասկացել և մտել եմ այն աշխարհը, որտեղ այդ ուրիշ բանը պետք է արտահայտվեր, որի մասին կա նաև Սևակի խոսքը, որն ասում էր, թե Թումանյանի ստեղծագործության այն ոլորտը, որը կազմում էր նրա խոհափիլիսոփայական աշխարհը, մնացել է ստորադասված և չմեկնաբանված, դա այն ոլորտն է, որը Խորհրդային Միության տարիներին չէին կարող մեկնաբանել, որովհետև կրոնափիլիսոփայական աշխարհն է: Եթե այդ ոլորտը մեկնաբանեին, ապա Թումանյանին պետք է հանեին խորհրդային դասագրքերից»,-նշեց Ուլուբաբյանը:
Նրա խոսքով` Թումանյանը նաև իր ժամանակի մասին է ասել, որ իր գործերը կարդում են և իրեն չեն հասկանում: Թումանյանի քառյակներից մեկում հեղինակը գրել է, որ վար մնացած մարդու համար արդեն խորթ է իր հոգին: «Խորհրդային միության ժամանակաշրջանում եղել է Մարքս-լենինյան գաղափարախոսություն, որից մեր հասարակությունը հրաժարվել է, բայց փոխարենն այլ փիլիսոփայություն չի որդեգրել: Այդ մասին անկախության հենց առաջին տարիներին ասել են ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանը և Էդվարդ Ջրբաշյանը: Նրանք նշել են, որ մենք չենք ունեցել մեթոդաբանություն գրական ստեղծագործությունները գնահատելու և արժևորելու համար: Փաստորեն այդ մեծ գիտնականների խոսքն էլ արհամարվեց և անկախության տարիներին քաոսային վիճակ ստեղծվեց գրականության ոլորտում»,-ներկայացրեց թումանյանագետը:
Ուլուբաբյանը շեշտեց, որ Հովհաննես Թումանյանի պատկերացմամբ` իրական կյանքը տիեզերական կյանքն է, մարդն այդ կյանքով պետք է ապրի իր շրջապատի միջոցով, բայց դրանից ո՞վ է բան հասկանում: «Ըստ Թումանյանի` ապրում են ավելի փոքր կյանքով: Կան ինչպես անսահման մեծ, այնպես էլ` անսահման փոքր կյանքեր. ազգային, պետական, դասակարգային, կուսակցական, թայֆայական, պստիկ ես-ի կյանքը: Այդ կյանքերն ունեն իրենց օրենքները: Թումանյանը վեր է բարձրացել տիեզերական գիտակցության մտածողության դաշտ ու վար մնացած մարդու համար խորթ էր նրա հոգին: Շատերը թութակի պես կարող են կրկնել Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ առանց իմաստն ըմբռնելու, կարող են մեկնաբանել առանց հասկանալու:
Ես հավաքել եմ քսաներորդ դարի մեր մեծերի կարծիքները Թումանյանի մասին, ու բոլորը միանշանակ մտածում են, որ Թումանյանն ամենաբարձրն է»,-ընդգծեց թումանյանագետը:
Նրա համոզմամբ` այսօր գրական աշխարհը մեղմ ասած վատ վիճակում է, և Ուլուբաբյանը ներկայացնում է Թումանյանին որպես այդ վիճակից դուրս գալու, գրականության զարգացման ելակետ, չափանիշ և ուղենիշ:
Միջոցառման նախաձեռնող, բանաստեղծ Արթուր Կարենցի խոսքով` «Թումանյան-150» միջոցառումների շրջանակում Հրայր Ուլուբաբյանը դասախոսություններ է կարդացել Մշակույթի հայկական ֆոնդում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Կույրերի միավորման մշակութային պալատում և այլ հաստատություններում:
Դասախոսությունները եղել են «Լավ ճանաչում ենք մեր մեծերին. Հովհաննես Թումանյան», «Թումանյանը հայ գրականության չափանիշ, ուղենիշ և ելակետ», «Թումանյանի ազգափրկիչ գործունեությունն արդի փիլիսոփայության լույսի ներքո» և այլ խորագրերով:
Կարենցը շեշտեց, որ այդ դասախոսությունները նոր խոսք են թումանյանագիտության ասպարեզում: «Հրայր Ուլուբաբյանը հրապարակախոս, հասարակական գործիչ, արցախյան շարժման հիմքերում կանգնած քաղաքացի է, որն ամեն օր իր խոսքով, կեցվածքով կարծրատիպեր ջարդելու, առաջ գնալու խնդիր է հետապնդում: Նրան միանում են մարդիկ, որոնք նրա գաղափարակիցներն են, իսկ միջոցառումների շարքի հիմքում ընկած է բարձր մշակույթի երկիր Հայաստան կառուցելը»,-ասաց բանաստեղծը: