Բաժիններ՝

«Եթե նոր Կառավարությունը չկարողանա գաղափարներ բերել հրապարակ, գաղափարակիր մարդկանց շարժել տեղից, ապա այս փոփոխությունները ոչ մի արդյունք չեն տա»

«Ավարտվեց բուհերի Հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը: Մենք այստեղ ունենք որոշակի առաջընթաց: Ընդհանուր առմամբ՝ խորհուրդներում այլևս չկան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, նախարարներ, բայց դեռևս կան մեծ թվով Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, փոխնախարարներ:  Երբ որ  առաջին դեմքերը ներգրավվում են բուհերի կառավարման պրոցեսում, դա անցանկալի է, քանի որ ռեկտորի համար կարող է ճնշող դեր ունենալ: Հուսով ենք, որ կամաց-կամաց այս հարցերն էլ կկարգավորվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ միաժամանակ նշելով, որ ինքը դեմ չէ, որ որոշ պաշտոնյաներ լինեն Հոգաբարձուների խորհրդում, օրենքն էլ դա թույլ է տալիս:

«Բուհական խորհուրդների կարգի համաձայն՝ Կառավարությունը պետք է անդամների 25 տոկոսին առաջարկի պետական պաշտոնյաների ցանկից»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստին,  որի օրակարգում մեկ հարց էր` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը, Սերոբ Խաչատրյանը նշեց.

«Ուրախ եմ, որ նիստի ժամանակ առաջացավ տարակարծություն: Ես դա դրական եմ համարում: Մենք հիմա պետք է թողնենք, որ հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց խղճով քվեարկեն: Կարևորն այն է, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց, և հոգաբարձուների խորհուրդն իսկապես դառնա այս գործընթացի տերը:

Ինչ վերաբերում է ռեկտորին անվստահություն հայտնելուն, ապա դա այն հարցը չէ, որ օր առաջ պետք է լուծել:  Բազմաթիվ այլ հարցեր կան: Շատ կարևոր է կրթության նոր բովանդակությունը ներկայացնելը, որի հիման վրա կարող են որոշել՝ այս մարդը կարո՞ղ է աշխատել, թե՞ սա այնպիսի բովանդակություն է, որը պահանջում է նոր տեսակի ռեկտորներ, դպրոցի տնօրեններ: Մենք հիմա մի վիճակում ենք, որը ես կկոչեի նեգատիվ ազատություն: Այսինքն՝ կան ազատության որոշակի հնարավորություններ, բայց այդ ազատությունը բովանդակային չէ:

Դրա համար մենք տեսնում ենք, որ իրար  վիրավորում են, աղբամանը գցելու ակցիաներ են լինում:  Սա շատ վտանգավոր է: Ուստի, մեզ պետք է ծրագիր, գաղափար: Հիմա թամաշան ավելի մոդայիկ է դարձել, քան գաղափարը: Եթե նոր Կառավարությունը չկարողանա գաղափարներ բերել հրապարակ, գաղափարակիր մարդկանց շարժել տեղից, այս ամբողջ փոփոխությունները ոչ մի արդյունք չեն տա: Ինչ-որ դատարկություն կա, որ լցվում է նմանատիպ ակցիաներով: Կարծում եմ՝ սրա արդյունքում երկու կողմն էլ տուժում է, ամենաշատը՝ հեղափոխությունն ու պետությունը»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց՝ շատ բան կախված է նաև նրանից, թե ո՞վ է լինելու հաջորդ ռեկտորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ էր հրավիրված, որի օրակարգի միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն էր: Նիստի ընթացքում օրակարգի փոփոխության հարցի քվեարկություն տեղի ունեցավ, օրակարգը չհաստատվեց, և նիստը հետաձգվեց:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս