Պատերազմի վտանգը Լեռնային Ղարաբաղում միավորող գործոն է

Ըստ Global Insight հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի` հավանական պատերազմի վտանգը Լեռնային Ղարաբաղում միավորող գործոն է, որը քաղաքական ուժերին ստիպում է ավելի հանդուրժող լինել։

Վերջերս հրապարակված իր զեկույցում Global Insight-ի վերլուծաբանը նշել է, որ ի տարբերություն նախկին ԽՍՀՄ-ից  առանձնացած մյուս ինքնավար շրջանների, Լեռնային Ղարաբաղը համեմատաբար ավելի կազմակերպված է`առանց լուրջ քաղաքական կամ գաղափարական տարանջատումների։ «Օրինակ, ի տարբերություն Հարավային Օսիայի, որի վերջին նախագահական ընտրությունները հանգեցրին քաղաքական խժդժությունների, Լեռնային Ղարաբաղի քաղաքական ընդդիմությունը դժվար թե փողոց դուրս գա` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար»:

«Չնայած ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական թիմը հայտարարում է, որ ընտրողների վրա ճնշումներ են բանեցվել, այնուամենայնիվ, Բակո Սահակյանը համեմատաբար ընդունելի (բնագրում` popular- խմբ.) թեկնածու է»,- գրել է Լ. Գևորգյանը։

Նա նաև առանձնացրել է, որ Բ. Սահակյանի արտաքին քաղաքականությունն ավելի մեղմ է` իր հիմնական մրցակցի համեմատ, ով հայտարարում էր, որ ընտրվելու դեպքում ավելի ակտիվ կլծվի տարածաշրջանի անկախության ճանաչման գործին, նվազագույն` Հայաստանի կողմից։ Վերլուծաբանը նշում է, որ թեպետ ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն չեն ճանաչում նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչները գիտակցում են, որ որոշակի չափանիշներին չհամապատասխանելը և, որ ավելի վատ է, կոռումպացված ռեժիմ ունենալը վտանգի տակ կդնի ինքնավարության կարգավիճակին հասնելու ջանքերը։

«Կարևոր հարց է շարունակում մնալ Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու վտանգը։ Վերջին լուրերը, թե Ադրբեջանի զինված ուժերը մտադիր են 10-օրյա արագ պատերազմ նախաձեռնել, անհանգստացնում են Լեռնային Ղարաբաղին և ստիպում մեծ ներդրումներ անել պաշտպանության ոլորտում։ Իսկ դա արվում է տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացման հաշվին»,- եզրափակել է Global Insight-ի վերլուծաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս