«Ո՛չ Նազենի Ղարիբյանը, ո՛չ մյուս փոխնախարարները մեր թանգարանում չեն եղել և չգիտեն այս թանգարանի իրականացրած գործունեության մասին». Մարինե Օթարյան
Որոշ ՊՈԿԱ-ների և մշակութային հաստատությունների հնարավոր միավորման կամ փակման մասին լուրն արդեն տևական ժամանակ թեժ քննարկումների տեղիք է տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակված փաստաթուղթն արդեն Կառավարությունում է: Ըստ այդ փաստաթղթի՝ մի շարք ՊՈԱԿ-ներ կվերամիավորվեն կամ կփակվեն։ Չնայած այն հանգամանքին, որ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ Կառավարություն ուղարկած փաստաթուղթը «սևագիր» է, և այն չի կարող ընդունվել նման տեսքով, այդուհանդերձ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։
Ըստ Մշակույթի նախարարության «սևագրի», Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը պետք է վերամիավորվի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ, ինչի հետ, սակայն, համաձայն չէ Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը։
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թանգարանների միավորմանը՝ նշեց, որ արդեն 7 տարի է՝ բարձրաձայնում է թանգարանների խնդիրները։
«Անկեղծ ասած՝ ինձ համար մի քիչ անհասկանալի է, առանց այդ էլ մեր թանգարանը գործառույթների առումով հսկայական թանգարան է, ունենք 1,5 մլն արխիվային փաստաթուղթ և օր ու գիշեր աշխատում ենք արխիվներ հավաքելով ու մշակելով։ Այս ամենին զուգահեռ՝ մենք ունենք վեց մասնաճյուղ։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ ես, գլխավոր հաշվապահը և ֆոնդապահը ղեկավարում ենք միանգամից 7 հիմնարկ, էլ չեմ ասում, որ նույն աշխատավարձով, ինչ 7-8 հոգանոց մի այլ տուն-թանգարան, պատասխանատվությունը շատ մեծ է։ Օրինակ՝ Դսեղում գործող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը կամ Աշտարակում Պռոշյանի տուն-թանգարանը նույնպիսին է, ինչպես այլ տասնյակ թանգարաններ»,- ասաց Կ. Վարդանյանը։
Նրա խոսքով՝ երևույթը նորմալ է, բայց հիմնավորումները պետք է կայուն լինեն, և այն, որ մշակութային հաստատությունները վերամիավորելու մասին Մշակույթի նախարարության նախնական փաստաթուղթը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, գուցե նպատակ ուներ, որպեսզի շահագրգիռ կողմերից նկատառումներն ու կարծիքները լսեին և վերլուծեին։
«Որքանով հասկացել եմ, սա ընդամենը նախագիծ է, դեռ որոշում չկա։ Մեկնաբանում են, թե նախարարությունից տեղեկատվության արտահոսք է եղել, դրան այդքան էլ չեմ հավատում։ Այդ փաստաթղթում եղած հիմնավորումները՝ կապված որոշ թանգարանների ու թատրոնների հետ, ինձ տարօրինակ են թվում։ Գուցե այստեղ ճիշտ չէ նման մոտեցումը, հնչող վիրավորանքները, և այլն։ Եթե կան շահեկան առաջարկներ, ապա դրանց մասին պետք է բարձրաձայնեն։ Օրինակ, ասում են, որ մասնաճյուղի կարգավիճակով մեզ պետք է միացնեն Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը, մեզ մոտ ծանրաբեռնվածությունը 7-ի փոխարեն՝ դառնալու է 8-ը, այդ ծանրաբեռնվածությանը մենք մի տեսակ սովորել ենք, քանի որ մեզ մոտ 6 մասնաճյուղերը գրողների տուն-թանգարաններ են, բայց երաժշտական թանգարանի միացման դեպքում պետք է մեր պրոֆիլը վերանայվի, կլինեն նոր ցնցումներ»,- շեշտեց Կարո Վարդանյաը։
Նա նաև նկատեց, թե ինչու չեն մտածում, օրինակ՝ Սպենդիարյանի տուն-թանգարանը միացնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։
«Պետք չէ ամեն ինչ տանել վիրավորանքների դաշտ, եթե 10 առաջարկ կա այդ նախագծում, որից 6-ն անընդունելի են, կարելի է հիմնավորել, որ դրանք անընդունելի են։ Մշակույթի նախարարությունը պարտավոր է այդ ամենը մանրակրկիտ վերլուծել, քանի որ անհիմն քայլերը՝ հատկապես՝ նման լայնածավալ, կարող են ուղղակի անշտկելի հետևանքներ ունենալ։ 1-2 ամսում պարզ կդառնա, որ մեծ սխալ է արվել, և վախենամ, որ այն շտկելը շատ դժվար կլինի, հասկանում եմ, որ տնտեսելու ու օպտիմալացնելու խնդիր կա»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։
Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ Մշակույթի նախարարությունը Սպենդիարյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանին միացնելու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Սպենդիարյանի տուն-թանգարանն ունի արխիվ, հանրահռչակում և պահպանում է կոմպոզիտորի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ նյութերը։
«Նշվում է, որ նույն գործառույթն իրականացնում է նաև Գրականության և արվեստի թանգարանը, բայց հաշվի չեն առել, որ Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման, պահպանման առաքելությունը դրված է կոմպոզիտորի տուն-թանգարանի վրա։ Տրամաբանական կլիներ, որ այս առաջարկի փոխարեն՝ Գրականության և արվեստի թանգարանում գտնվող կոմպոզիտորի արխիվի մի մասը տեղափոխվեր մեր թանգարան՝ դրանով թանգարանի գործառույթներն ընդարձակելով։ Եթե առաջնորդվենք այդ առաջարկի տրամաբանությամբ, ապա այսօր բոլոր այն արվեստագետները, որոնք Գրականության և արվեստի թանգարանում ունեն արխիվ, պետք է դառնան այդ թանգարանի մասնաճյուղը։ Այստեղ տրամաբանություն չկա, քանի որ Գրականության և արվեստի թանգարանն արդեն խեղդվում է իր 6 մասնաճյուղերի հոգսերով»,- նշեց Մ. Օթարյանը։
Ըստ նրա, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանն առաջին հուշային-երաժշտական թանգարանն է, ամբողջ Հայաստանում երաժշտական թանգարանները երեքն են՝ Սպենդիարյանի և Արամ Խաչատրյան թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ուստի հանդես գալ նման առաջարկությամբ՝ «անհարիր է ու ստորացուցիչ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադրի հանդեպ»։
«Ես այն մարդկանցից չեմ, որ պահպանողական են և դեմ զարգացումներին, կողմ եմ զարգացումներին, բայց նախարարությունը գործը սկսել է հետևից։ Նախ՝ նախարարությունը կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսակետից թող քայլեր ձեռնարկի, այնուհետև անցնի օպտիմալացման։ Այսօր նույնիսկ մենք, որ մասնաճյուղ չենք, և ընդհանրապես՝ բոլոր ստեղծագործական միությունները, կանգնած ենք փաստի առաջ՝ գնումների գործընթացի հետ կապված, քանի որ մեկ ստեղծագործական աշխատանք կատարելու համար պետք է մրցույթ հայտարարենք, դիմենք գանձապետարան: Սա մի գործընթաց է, որը խոչընդոտում է մեր գործունեությանը։ Բացի այդ, արդեն իր տնտեսությունը վարող տուն-թանգարանը պետք է հայտնվի աղքատ ազգականի կարգավիճակում, ինչը նպաստելու է արդյունավետության հետընթացին, այդ առաջարկ ներկայացնողները սա պետք է նկատի ունենային»,- ասաց Մարինե Օթարյանը։
Ինչ վերաբերում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ միավորմանը, Մարինե Օթարյանը տարակուսեց, թե ինչու պետք է առաջին երաժշտական հուշային թանգարանը միավորվի մեկ այլ թանգարանի հետ։
«Ի՞նչն է Մշակույթի նախարարության մտահոգությունը, սա շատ սուբյեկտիվ մոտեցում է եղել, այդ ցանկի մեջ մեր թանգարանի հայտնվելն էլ շատ սուբյեկտիվ մոտեցում է եղել, չգիտեմ՝ ինչու են հենց այս թանգարանից սկսել։ Սրանք առանձին օրգանիզմներ են և չեն կարող միավորվել, բոլորիս դարդն էր, որ մենք ունենայինք Կոմիտասի անվան թանգարան, բայց այսօր նորը ստեղծելու փոխարեն՝ հին կառուցվա՞ծքը պետք է քանդեն, ինչո՞ւ, սրանից ի՞նչ է շահելու թանգարանը և պետությունը»,- շեշտեց նա։
Մարինե Օթարյանը նաև փոխանցեց, որ այս լուրը լսելուց հետո նամակով դիմել են Մշակույթի նախարարությանը՝ հասկանալու համար շրջանառվող առաջարկի իսկությունը, սակայն մինչև այսօր պատասխան չեն ստացել։
«Մշակույթի նախարարությունը երբեք ինձ չի հրավիրել այս մտահոգությունները կիսելու համար, երբ հրավիրեին և ասեին, որ նման առաջարկ ունեն, ես էլ կներկայացնեի իմ հիմնավորումներն ու մտահոգությունները, գուցե դրանից հետո Մշակույթի նախարարությունը կհասկանար, որ այդ ցուցակում այս թանգարանը չպետք է հայտնվեր։ Նազենի Ղարիբյանի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց ո՛չ նա, ո՛չ մյուս փոխնախարարները մեր թանգարանում չեն եղել և չգիտեն այս թանգարանի իրականացրած գործունեության մասին»,- եզրափակեց Մարինե Օթարյանը։
Զվարթ Խաչատրյան