«Ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է, այլ դառնում է ավելի վտանգավոր». Ջեյմս Ուորլիք

Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը.

«Կարծես թե, նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»:

Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու եւ ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ եւ գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.

«Երեք տարի համանախագահ աշխատելով ես դրա որեւէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եւ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը սրվեր»:

Հիշեցնենք, ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երեւանի եւ Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարեւոր լծակից:

Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով, ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել եւ, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից.

«Իսկ ձե՞ր կարծիքով, հայերի եւս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»:

Հակամարտության կարգավորման սկզբունքները Ջեյմս Ուորլիքի խոսքով հիմնականում անփոփոխ են եւ լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով.

«Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ եւ կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս