«Իրանցիներն ասում են՝ եկեք միանանք, խնդրենք, որ ձեզ փող տան, ու Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցենք»
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան էր մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որտեղ փետրվարի 3-5-ն անցկացվել է կլոր սեղանի ձևաչափով քննարկում՝ «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։
Իսկ փետրվարի 27-ին պաշտոնական այցով Իրան կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և այդ այցի նախօրեին իրանական կողմի այս հրավերը, թերևս, նպատակ է ունեցել հայ և իրանցի փորձագետների հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են օգտակար լինել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման գործընթացում:
«Մեր իրանցի բարեկամներին հետաքրքրում էին մի շարք հարցեր: Առաջինը՝ ինչպե՞ս կատարվեց հեղափոխությունը, ի՞նչ ուժեր էին մասնակցում, երկրորդ՝ ինչպիսի՞ն է Հայաստանն ընտրություններից հետո: Իրանում կարծում են, թե հեղափոխությունը կազմակերպել են ամերիկացիները, քանի որ մեզ մոտ որոշ թերթեր այդպես են գրում: Մենք բացատրեցինք, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ չէին կարող ո՛չ Սորոսի, ո՛չ էլ ամերիկյան որևէ կազմակերպության դրդմամբ իրագործել այդ հեղափոխությունը: Նրանց հետաքրքրում էր նաև այն, թե արդյո՞ք ամերիկյան ազդեցությունը կարող է փոխել արտաքին մեր քաղաքականությունը:
Մենք բացատրեցինք, որ ՀՀ-ն Իրանի հետ իր հարաբերությունները փոխելու ցանկություն ու մտադրություն չունի: Նրանց հետաքրքրում ու մտահոգում է նաև Արցախի հարցը: Երբ որ այստեղ գրում են, թե իբր տարածք են հանձնելու, կամ պատերազմ է լինելու, դա իրանցիներին շատ է մտահոգում: Ամբողջ սահմանի երկայնքով պատերազմից նրանք շատ են զգուշանում, որովհետև այստեղ իրենց երկրի շահն ու անվտանգությունը կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ Հյուսիս-Հարավ անկատար ճանապարհը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ազդել տնտեսական հեղափոխության վրա:
«Խոսքը Մեղիից մինչև Բավրա ճանապարհի մասին է, որը միացնում է Սև ծովը Պարսից ծոցին: Սա ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Չինաստանի «Մետաքսի ճանապարհի», կամ, ինչպես հիմա են անվանում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսանկյունից պետք է նայել: Իրան-Հայաստան, Վրաստան-Բուլղարիա և Հունաստան ճանապարհով չինական բեռները պետք է հասնեն մինչև Եվրոպա: Խնդիրն այն է, որ Չինաստանից եկող ապրանքները հասնում են Մեղրի, բայց այստեղ մենք ոչինչ չունենք: Մեծ գումարներ են ներդրված, բայց մի փուլ եկած տուն է Մեղրիում ընդամենը: Գիտե՞ք, որ Երևանից Արտաշատ ու Երևանից Աշտարակ ճանապարհն է կառուցված: Սա է եղած-չեղածը: Հիմա, եթե մենք ճանապարհի հարցը չլուծենք, մի կողմից՝ ապրանքը կտանեն Թուրքիա, մյուս կողմից՝ Ադրբեջան:
Ասում են՝ այս տարի մինչև Գյումրի ճանապարհը կկառուցվի: Աստված գիտի՝ կկառուցվի՞, թե՞ ոչ: Ամենաբարդ հատվածը մինչև Մեղրին է: Շատ բարդ ռելիեֆ է: Ճանապարհի կառուցման համար 4 միլիարդ դոլար է պահանջվում: Չինաստանն այդ ճանապարհի համար մինչև 2035թ.ներդնում է 6 տրիլիոն դոլար, հիմա, քանի որ մենք վերը թվարկած 5 պետությունների հետ Հյուսիս-Հարավ ճանապարհի պայմանագիրն ունենք, իրանցիներն ասում են՝ եկեք միանանք, խնդրենք, որ ձեզ փող տան, ու ճանապարհը կառուցենք»,- նկատեց Արման Նավասարդյանը:
Նրա փոխանցմամբ՝ Իրանին հետաքրքրում է նաև ՀՀ դիրքորոշումը՝ կապված սանկցիաների հետ:
«Մեծ հույսեր ունեն, որ Հայաստանը կկարողանա ԱՄՆ-ի և Իրանի միջև փրկօղակ դառնալ, ինչպես նաև՝ որպես ԵԱՏՄ անդամ՝ կկարողանա Իրանը կապել Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ: Ասում էին՝ դուք ունեք հնարավորություն՝ մեզ կապել ռուսական 170 միլիոնանոց շուկային»,- փոխանցեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Արման Նավասարդյանը հայտնեց, որ հայկական կողմը բարձրացրել է նաև Նախիջևանի հարցը:
«Իրանն ընդունում է, որ դա շատ լուրջ խնդիր է, և պետք է համագործակցել: Մեր պատվիրակությունն էլ նշեց, որ Իրանը պետք է մեզ օգնի՝ ասիական ուղղությամբ զարգացնելու ՀՀ քաղաքական խնդիրները: Հարցրի՝ չեն մտածո՞ւմ Պակիստանի ուղղությամբ այնպիսի քաղաքականություն վարելու մասին, որով այդ երկիրը կփոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Իրենք ընդունեցին դա»,- հավելեց Արտակարգ և լիազոր դեսպանը:
Անդրադարձել են նաև Արցախում խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցին: Իրանը հայտնել է, որ դեմ է Արցախում խաղաղապահ զորքերին:
Անի Կարապետյան