Բաժիններ՝

«Մենաշնորհի և կոռուպցիայի վերացումը բավարար պայման չէ ներդրումների համար». Տնտեսագետ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ամիսներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան, և ներդրումային միջավայրը բարելավելու համար լրջագույն պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ Եվ այս ամենից հետո ակնկալվում էր, որ ներդրումները մի քանի անգամ կավելանան։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ նույնիսկ պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու, որ միայն կոռուպցիայի ու մենաշնորհի վերացումը չի կարող խթան հանդիսանալ, որպեսզի երկրում ներդրումներ լինեն։

«Իհարկե, շատ կարևոր է, որպեսզի կոռուպցիան վերացնեն կամ գոնե նվազեցնեն, որ ավելի գրավիչ դաշտ ձևավորվի։ Սակայն մի բան է՝ պայքարը կոռուպցիայի, ստվերի ու օլիգարխների դեմ, մեկ այլ բան է՝ նոր արժեք ստեղծելը։ Սա, կարծում եմ՝ ամեն մարդ չի կարող անել, դրանով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ունեն կենսափորձ։ Այս տեսանկյունից նոր արժեք ստեղծելը շատ դժվար է, և ներդրումներին չպետք է շատ պարզունակ մոտենալ և ենթադրել, որ ներդրումներն արտերկրից սպասվող գումարներն են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թաթուլ Մանասերյանը։

Ըստ նրա՝ ներդրումները նոր արժեքներն են, որոնք պետք է ստեղծվեն հենց Հայաստանում և երկիրը հրապուրիչ դաձնեն մյուսների համար՝ տեղական արտադրությունում։

Նա վստահեցնում է, որ այս ամենին հասնելը, առանց արտաքին ներդրումների, հնարավոր չէ, բայց եթե ներքին ներդրումներ չլինեն, ապա դրսից որևէ մեկը պարտավոր չէ այդ քայլն անել։

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ տնտեսությունն ունի ներքին ներդրումներ անելու հնարավորություններ, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ Հայաստանում տնտեսություն ասածը պայմանական հասկացություն է, այն կամայական և իներցիոն ձևավորված երևույթ է։

«Չկա հստակ համախառն ներքին արդյունքի կանխատեսելի կառուցվածք, եթե հաշվի չառնենք առանձին ճյուղեր, որոնք դեֆորմացրել են ՀՀ տնտեսությունը, դա հիմնականում հանքարդյունաբերությունն է, և ամոթ է ասել, որ այն տնտեսության մասն է, քանի որ քարեդարի մակարդակի վրա ենք։ Հանքարդյունաբերությունում հանում ենք այն, ինչ մեզ տվել է բնությունը, քարեդարի մարդն էլ էր այդպես վարվում՝ քարանձավից դուրս էր գալիս և վերցնում այն, ինչ իրեն պետք էր։

Բնականաբար, մեզ վերամշակող հանքարդյունաբերություն է պետք, զարգացած երկրները դրանով և ծառայության ոլորտներով են առանձնանում։ Մենք ունենք ձևավորված բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ և այս առումով մենք ունենք պոտենցիալ, կարող ենք ստեղծել։ Բայց, մեղմ ասած, չեմ տեսնում, որ ոլորտներն ունեն իրենց ճիշտ կառավարիչներին։ Չեմ կարծում, որ այսօր կադրային քաղաքականությունը լավագույն վիճակում է»,- շեշտեց Թ. Մանասերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս