Արցախյան բանակցային գործընթացը՝ փակուղում հայտնվելու վտանգի տակ
Հունվարի 23-ին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ժամանակահատվածն անկյունաքարային է դառնում ԼՂ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Հակամարտող երկրների ղեկավարները չկարողացան երկարաձգել հակամարտության կարգավորման առանցքային թեմաներին չանդրադառնալու մարտավարությունը, որը որդեգրել էին վերջին ամիսներին՝ սկսած Դուշանբեի ոչ պաշտոնական հանդիպումից։
Օրերս, ինչպես Ադրբեջանը՝ թե՛ նախագահի, թե՛ ԱԳ նախարարի մակարդակով, այնպես էլ Հայաստանը՝ վարչապետի և նախարարի մակարդակով, մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ պատասխանել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին: Նա, մասնավորապես, ասել էր. «Ես ԱԺ ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ: Եվ հետևաբար՝ ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:
Ավելի վաղ նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը չի բանակցելու ԼՂ-ի փոխարեն, և բանակցություններին պետք է միանա ԼՂ ներկայացուցիչը։ Չմանրամասնելով ըստ էության հայկական կողմի հստակ դիրքորոշումը կարգավորման բանաձևի վերաբերյալ՝ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ խոսել էր ԼՂ կարգավիճակի ու անվտանգության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման անփոփոխության մասին՝ պնդելով, որ հայկական կողմը վճռական է. «Կարիք չունենք ասելու, թե որքան վճռական ենք մենք և ինչպես կարող ենք պաշտպանել մեզ և Արցախը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»: Այս հայտարարություններին բավականին կոշտ էր արձագանքել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ կասկածի տակ դնելով ներկայումս ընթացող և սպասվող բանակցային գործընթացը։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է նախկին տրամաբանությանը, որը ոչ մի տեղ չէր անհետացել, պարզապես «լռեցվել» էր նոր իրավիճակում՝ առկա հնարավորությունները հասկանալու նպատակով: Ըստ նրա, փոփոխություն տեղի էր ունեցել դիվանագիտական հայտարարությունների մակարդակում:
«Բայց շատերս հասկանում էինք, որ բովանդակային տեսանկյունից կողմերի դիրքորոշումները չեն փոխվել, ուստի այս դրական մթնոլորտը, որը լավ է, անորոշ ճակատագիր է ունենալու, քանի որ գալու է այն փուլը, և արդեն մենք այդ հանգրվանում ենք, որ դիվանագիտական հայտարարությունները պետք է արտացոլեն կողմերի դիրքորոշումներն ու տրամադրվածությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այլապես այդ դիրքորոշումները չարտահայտող հայտարարությունները բազում հարցեր են առաջացնում հասարակությունների մոտ, տպավորություն է, որ ինչ-որ բան է կատարվում, բայց իրականում չի կատարվում: Եռանախագահող երկրների դիրքորոշումներում ևս շատ բան չի փոխվել, Ռուսաստանը շարունակում է կողմ մնալ ստատուս-քվոյին, իսկ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան հակամարտության կարգավորման գործընթացը չեն դիտարկում՝ որպես առաջնահերթություն:
Այնպես որ, կողմերի դիրքորոշումների վրա արտաքին ազդեցություն չկա, իսկ այդ դիրքորոշումները փոխված չեն: Դրական ելքը վերջին ամիսների հրատապ կոմունիկացիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը դրական հանգրվան էր, բայց ոչ բավարար քայլ հրադադարի ռեժիմի պահպանման և կանխարգելման համար, քանի որ ցանկացած պահի, երբ հայ-ադրբեջանական մթնոլորտը սրվի, այդ կապը կընդհատվի: Ուստի, հասկանալով այս հակամարտության կողմերի դիրքորոշումների բարդ բնույթը, հարկավոր է ընթանալ հրադադարի պահպանման և հրադադարի խախտումների կանխարգելման ավելի կայուն մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, դրանք ամրագրված են և չեն պահպանվում թե՛ 90-ական թթ. համաձայնագրերում, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաթեթներում:
Քանի որ իրավիճակը շփման գծում կարող է կրկին սրվել ցանկացած պահի, ուստի այս պահը կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետորեն: Բայց այդ ժամանակը, ինչպես այս հայտարարություններն են ցույց տալիս, շատ քիչ է, և պետք է շտապել այս համաձայնությունների ուղղությամբ:
Այլապես կա վտանգ, որ կրկին բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում` անորոշ ժամանակով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ նոր իշխանություններից այլ մոտեցումներ էին ակնկալում, քանի դեռ հրապարակային հստակ դիրքորոշումներ չէին լսել զիջումների պատրաստ չլինելու վերաբերյալ, ու ներկայումս հայտնի չէ, թե ինչպես կփոխվի իրավիճակը բանակցային գործընթացում և շփման գծում»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:
ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն իր վերջին հոդվածում վերլուծելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը և դրա շուրջ առկա լավատեսական ու տագնապային տրամադրությունները՝ գրել է. «Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է այն կետում, որ կետում որ է. հակամարտող կողմերի վերնախավերի` զիջումների գնալու պատրաստակամության բացակայության, ինչպես նաև միջնորդ երկրների կողմից կարգավորման գործընթացն արագացնելու անհնարինության պայմաններում»:
Ըստ նրա, հաշվի չառնելով հակամարտող երկրներում ներքաղաքական մի շարք նրբություններ՝ կարելի է հեշտությամբ ընկնել անզուսպ լավատեսության մեջ «շուտափույթ խաղաղության» առիթով կամ նույնքան անզուսպ տագնապի, եթե առաջնագծում ցանկացած սրման մեջ տեսնենք լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք։
Եվրոպացի քաղաքագետ և ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը հույս ունի, որ կողմերին կհաջողվի պահպանել բանակցային գործընթացի ակտիվությունը: Ըստ նրա, սա այն հակամարտություններից մեկն է, որն անկանխատեսելի զարգացում է ունենում սովորաբար, և դա միշտ պետք է հաշվի առնվի կողմերի կողմից:
«Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունեցավ, սա արտասովոր երևույթ էր հակամարտության պատմության ընթացքում, որը խախտում է բանակցային նախկին ընթացքը: Տեսանք, որ իրավիճակը փոխվեց դրականորեն, բայց հայտարարությունները կողմերի դիրքորոշումների վերաբերյալ անփոփոխ են:
Սակայն բանակցելն ավելի լավ է, քան դրա բացակայությունը, քանի որ մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է բանակցային վակուումը դառնում շփման գծում սրացումների պատճառ: Այս դիրքորոշումների դեպքում կողմերը պետք է մեծ դիվանագիտական մոբիլություն ունենան, որպեսզի բանակցային գործընթացը պահպանվի, ավելին՝ առաջընթաց արձանագրվի: Բայց, ցավոք սրտի, ես առաջընթացի համար հիմքեր չեմ տեսնում, երբ կողմերից մեկը շարունակում է ուժի դիրքերից խոսել, պատրաստ չլինել զիջումների, մյուսը ևս պատրաստ չէ զիջումների, ավելին, նոր է դարձել իշխանություն»,- ասաց Ջերմանը: