Ցանկացած պահի կապը կընդհատվի
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է նախկին տրամաբանությանը, որը ոչ մի տեղ չէր անհետացել, պարզապես «լռեցվել» էր նոր իրավիճակում առկա հնարավորությունները հասկանալու նպատակով: Փոփոխություն տեղի էր ունեցել դիվանագիտական հայտարարությունների մակարդակում: Բայց շատերս հասկանում էինք, որ բովանդակային տեսանկյունից կողմերի դիրքորոշումները չեն փոխվել, ուստի այս դրական մթնոլորտը, որը լավ է, անորոշ ճակատագիր է ունենալու, քանի որ գալու է այն փուլը, և արդեն մենք այդ հանգրվանում ենք, որ դիվանագիտական հայտարարությունները պետք է արտացոլեն կողմերի դիրքորոշումներն ու տրամադրվածությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Այլապես այդ դիրքորոշումները չարտահայտող հայտարարությունները բազում հարցեր են առաջացնում հասարակությունների մոտ, տպավորություն է, որ ինչ-որ բան է կատարվում, բայց իրականում չի կատարվում: Եռանախագահող երկրների դիրքորոշումներում ևս շատ բան չի փոխվել, Ռուսաստանը շարունակում է կողմ մնալ ստատուս-քվոյին, իսկ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան հակամարտության կարգավորման գործընթացը չեն դիտարկում՝ որպես առաջնահերթություն»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին:
Նրա խոսքով՝ դրական ելքը վերջին ամիսների հրատապ կոմունիկացիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը, նրա խոսքով՝ դրական հանգրվան էր, բայց ոչ բավարար քայլ հրադադարի ռեժիմի պահպանման և կանխարգելման համար, քանի որ ցանկացած պահի, «երբ հայ-ադրբեջանական մթնոլորտը սրվի, այդ կապը կընդհատվի»:
Ըստ նրա, այս հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերը շատ քիչ ժամանակ ունեն, և պետք է շտապել հրադադարը կայունացնող համաձայնությունների հասնելու ուղղությամբ, այլապես կա վտանգ, որ կրկին բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում` անորոշ ժամանակով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ նոր իշխանություններից այլ մոտեցումներ էին ակնկալում:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: