
Լեհաստանը պատրաստ է պաշտպանել իր տարածքը. նախագահ Կարոլ Նավրոցկի

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, անդրադառնալով օրերս ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքը խախտելու դեպքին, հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է պաշտպանել իր տարածքը: Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի քննարկումների ժամանակ։
«Պետական սահմաններն այլևս անձեռնմխելի չեն, և միջազգային իրավունքը կանոնից դարձել է հանձնարարական։ Գոյություն ունեցող միջազգային կարգը փլուզվում է մեր աչքի առաջ, և աշխարհը մտել է մեծ տերությունների մրցակցության վտանգավոր նոր դարաշրջան՝ խախտելով կանոնները և ստուգելով, թե որքան հեռու կարելի է գնալ, նախքան ինչ-որ մեկը վճռականորեն կասի՝ «բավական է», – հայտարարել է Նավրոցկին, որի խոսքը մեջբերել են լեհական լրատվամիջոցները։
Նախագահի խոսքով՝ վերջերս ռուսական ԱԹՍ-ների կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու ժամանակ «Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ստիպված է եղել կրակ բացել իր տարածքում գտնվող թշնամու թիրախների վրա»։
«Եվ ես՝ որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար և Լեհաստանի նախագահ, ձեզ վստահեցնում եմ, որ Լեհաստանը միշտ համարժեք կարձագանքի և պատրաստ է պաշտպանել իր տարածքը», – ասել է Նավրոցկին՝ նշելով, որ «Լեհաստանը զգալի միջոցներ է հատկացնում իր պաշտպանական ներուժի զարգացման համար՝ ամրապնդելով ոչ միայն պետության, այլև Եվրոպայի իր մասի կայունությունը»։