
Նախկինները 2018թ. գնացել են, մայիսի 8-ից հետո երկրում ինչ կատարվում է, պատասխանատու են Նիկոլն ու ՔՊ-ն. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրվա ողբերգական միջադեպերին՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանությանը, ինչպես նաև՝ դեռևս անհայտ հանգամանքներում մահացած Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի դեպքին։
«Փարաքարի համայնքապետի սպանությունը դատապարտում եմ։ Սա երկրում տիրող ամենաթողության արդյունք է, և ինչ դրդապատճառով էլ այն տեղի ունեցած լինի, սա ևս մեկ անգամ ապացուցում է փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում այլակարծություն, ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը և առհասարակ հասարակական գործիչները պաշտպանված չեն»,- ասաց նա։
Ըստ հանրապետական գործչի՝ սա գալիս է ապացուցելու, որ երկրում կա շատ վատ մթնոլորտ, ինչպես նաև՝ ամենաթողության։
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, ՔՊ-ականները սլաքները նախկիններին են ուղղում, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ «ՔՊ-ականները, հերթով, հրահանգով 3 անգամ «կեցցե» են գոռում՝մանկապարտեզի 3 տարեկան երեխաների նման, ուղիղ եթերում, ու սրանք դեռ խոսում են ժողովրդավարությունի՞ց, գետինը մտնելու բան է։ Ասում է՝ լավ չեք ասում կեցցե, 3 անգամ կասեք կեցցե, լավ, ամոթ է, դուք պատկերացնո՞ւմ եք, անգամ Բրեժնևի ժամանակ այդպիսի բան չի եղել, արա, գետինը մտնելու բան է
Իսկ էդ նախկին-մախկին ապուշությունները, որ ասում են, 7,5 տարի է՝ երկրի ղեկավարն իրենքեն․մայիսի 8-ից հետո երկրում ինչ տեղի է ունենում, բոլորի պատասխանատուն են Նիկոլն ու ՔՊ խմբակը։ Նախկինները 2018-ին գնացել են»։
Էդուարդ Շարմազանովը նաև խստորեն դատապարտեց դատարանի որոշումը, որով Միքայել Սրբազանը մեղավոր էր ճանաչվել՝ նկատելով, որ Միքայել սրբազանի դեմ կայացված վերդիկտը վերդիկտ է Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում