«Ինչ-որ բան այն չէ». Վարագ Սիսեռյանը հրահանգել է պարզել «Նաիրիտի» տարածք չինացիների մուտքի հիմքերը
«168 Ժամը» 2 օր առաջ հրապարակել էր «Նաիրիտի» համակարգող խմբի ահազանգը, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ։ Խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիան գաղտնի է, և աշխարհում հաշված երկրներ են տիրապետում դրան, այդ թվում՝ Հայաստանը։ Իսկ գործարանի սնանկության կառավարիչն ու նախկին տնօրենը չինացիների այցը ՀՀ կառավարությունից գաղտնի են պահում, նրանց մուտքը գործարանի տարածք չեն համաձայնացրել ԱԱԾ-ի հետ, մինչդեռ ամիսներ առաջ կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնելու համար մասնագիտական խմբի մուտքը տևական ժամանակ խոչընդոտում էին։
Մեր հրապարակումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քայլեր է ձեռնարկել՝ փաստերը ճշտելու համար։ Գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ Վարագ Սիսեռյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք տեղյակ չեն եղել չինացիների մասին։
«Մենք ընդհանրապես նախապես տեղյակ չէինք։ Այժմ համապատասխան մարմիններից տեղեկություններ ենք սպասում, ըստ այդմ՝ կզբաղվենք այդ խնդրով։ Եթե այդպիսի բան կա, չեմ կարող ասել մոտիվացիան, նպատակն ինչ է, բայց ամեն դեպքում ինչ-որ բան այն չէ։ Ամեն դեպքում կա հարց, և այդ հարցը տրվել է, մենք զբաղվում ենք, եթե համոզվենք, որ նման բան եղել է, հստակ զբաղվելու ենք ու հասկանաք՝ ինչ է կատարվում»,- ասաց Վ.Սիսեռյանը՝ հավելելով, որ հակաօրինական գործողությունները կկանխվեն, և մեղավորները պատասխանտվության կենթարկվեն։
Հարցին՝ եթե կան «Նաիրիտի» վերագործարկմամբ հետաքրքրված ներդրողներ, ինչո՞ւ կառավարությունը չի կասեցնում գործարանում սնանկացման գործընթացը՝ մինչև որոշում կայացվի, Վ.Սիսեռյանը պատասխանեց, որ կառավարությունն օրենքով իրավունք չունի խառնվելու, դա դատարանի որոշման հարց է։ Դիտարկմանը, թե կառավարությունն ինքը կարող է դիմել դատարան, Վ.Սիսեռյանը նշեց, որ պետք է հնարավորինս շուտ հստակեցնել ներդրողների հարցը. «Եթե ներդրողները ռեալ են, ապա ինչքան շուտ սկսեն աշխատել, այնքան լավ»։