«Իրենք իրենց 8-10 միլիոն դրամով պարգևատրում են՝ դա հե՞չ, բայց որ գյուղացին այդ ապրանքն անցկացնելու համար 15-20.000 դրամ է աշխատում, չի կարելի՞». ապրանք ներկրողների խնդիրը դեռ չի լուծվել
Հունվարի 22-ին Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները Բագրատաշենի մաքսային կետում խնդրի առջև էին կանգնել: Նրանք անգամ մաքսային կետի մուտքն ու ելքն էին փակել՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս անցկացնել 25 կգ ապրանքը:
Մեր այն հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ որոշ առևտրականներ փորձում են պետությունից թաքցնել՝ չասել, որ բեռնափոխադրող մեքենայում, ասենք, 75 կգ-ն հենց իրենց ապրանքն է, ու ոչ թե՝ հարևանինը, ու այս կերպ խուսափել մաքսազերծման գումար վճարելուց, առևտրականները պատասխանել էին, որ նման երևույթներ լինում են։
Մեկ օր անց այնտեղ էր գնացել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն ու հարթել ստեղծված իրավիճակը՝ հորդորելով, որ հաջորդ անգամ այդպես չվարվեն:
ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ասել էր, որ մաքսակետում բողոքողների մեծ մասն ապրանքների իրական տերերը չեն:
«Նրանք ուղղակի ծառայություններ են մատուցում ապրանքների իրական տերերին՝ ապրանքը փոքր քանակությունների մասնատելու ու առանց օրենքով նախատեսված հարկերը, մաքսատուրքերը վճարելու՝ հանրապետություն ներմուծելու գործում: Սակայն օրենսդրությամբ կան սահմանված որոշակի քանակներ՝ արժեքային և քանակական, նախատեսված անձնական նպատակով ապրանք ներմուծելու ու անձամբ կամ ընտանիքի շրջանակներում սպառելու համար: Այդ արտոնությունը ոչ մի դեպքում նախատեսված չէ առևտրային շրջանառության մեջ ապրանքներ ներառելու համար, որովհետև այս դեպքում ապականում ենք շուկան, վնասում մարդկանց, ովքեր օրինական ճանապարհով, հարկերը մուծելով՝ ապրանքներ են ներմուծում: Պետք է տարբերակել բիզնես նպատակները՝ անձնական օգտագործման նպատակներից»,- նշել էր ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը:
168.am-ի հետ զրույցում «Նար Տուր» ուղևորային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Նարեկ Հայրապետյանը հայտնեց, որ մեքենաների մեծ մասը դեռ անցակետում է:
Մեր հարցին, թե ինչո՞ւ առևտրականները չեն ասում, որ իրականում 25կգ-ից շատ ապրանքն իրենցն է, և ուրիշի անունով են փորձում անցկացնել, Նարեկ Հայրապետյանը պատասխանեց.
«Արդյունքում՝ եթե ինչ-որ մեկը եկել և ապրանքին տեր է կանգնել՝ նշանակում է, որ հետաքրքրություն ունի, չէ՞: Այսինքն, մեկ ընտանիք ևս ապրում է դրանով: Բա որ ՊԵԿ նախագահն ինքն իրեն 8 միլիոն դրամով պարգևատրում է, բայց գյուղացին, որ այդ ապրանքն անցկացնելու համար 15-20.000 դրամ է աշխատում, չի կարելի՞: Ընտանիք է պահում»:
Բեռնափոխադրող ընկերության տնօրենի խոսքով՝ ավելի լավ էր՝ մնար 50 կիլոգրամը, մարդիկ իրենց ապրանքը բերեին:
«Յուրաքանչյուրը հիմա մտածում է, թե ո՞նց անի, որ իր ընտանիքը պահի: Այս դեպքում էլ՝ ոչ թե մեկ, այլ 100-ավոր ընտանիքներ են ապրում: Ինչո՞ւ հաշվի չեն առնում, որ մոտակա գյուղերում արդեն շատ լավ կապրեն: Որ նայում ենք՝ մեր արածը ամենափոքր բանն է իրենց արածի դիմաց: 8-10 միլիոնով մեկը մյուսին նվեր է տալիս և ո՞ւմ հաշվին, իհարկե, մեր արած մաքսազերծման հաշվին»,- եզրափակեց Նարեկ Հայրապետյանը:
Մարգարիտա Գրիգորյանը, ով զբաղվում է ուղևորափոխադրումներով՝ մեզ հետ զրույցում ասաց, որ 25 կիլոգրամների հետ կապված խնդիր չկա:
«Արտոնություններից կարողանում են օգտվել բոլոր նրանք, ովքեր երրորդ երկրից մտել են Հայաստան: Իսկ մեր ժողովրդի համար միշտ ամեն ինչ քիչ է: Մենք չենք կշտանում: Եթե բոլորը ենթարկվեն տվյալ օրենքին ու 25 կգ-ից շատ ապրանքը մաքսազերծեն, ինձ չի թվում, որ խնդիրներ կարող են լինել: Մաքսատանը բարձիթողի վիճակ էր, ու ժողովուրդը մտածում էր, որ տարիներ շարունակ այդպես պետք է շարունակվի: Օրինակ ես, եթե ներմուծեմ երկու տոննա բեռ, 80 գյուղացու կանչեմ ու անցկացնեմ, բա ի՞նչ ենք մուծելու, այս երկիրն ինչպե՞ս է զարգանալու:
Բոլորն ուրախացել են, որ Փաշինյանը եկել է իշխանության, ամեն ինչ լավ է լինելու, սակայն, եթե նա եկել է, դու էլ երկու տոննա ապրանքի հասույթը դնելու ես գրպանդ, երկրին ոչինչ չես տալու, ո՞նց է լավ լինելու: Երբ պարոն Վանեցյանը հայտարարեց, որ բոլորին կարող են վերջին անգամ բաց թողնել 25 կիլոգրամներով, ես իմ կամքով երկու տոննա ապրանքը մաքսազերծեցի: Ինձ ոչ ոք չէր ստիպել: Ինձ թվում է՝ մարդիկ պարզապես պետք է ճիշտ մտածեն: Գիտե՞ք, մեղքը կարելի է բոլորի վրա էլ բարդել՝ և՛ մաքսատան, և՛ ԱԱԾ-ի:
Մեղադրելն այնքան հեշտ է, բայց եկեք նայենք, թե մենք ի՞նչ ենք անում: Երբ իմ ապրանքը մաքսազերծեցի՝ տեսնեիք, թե ինձ ինչ էին անում: Ասում էին՝ դու որ չմաքսազերծեիր՝ այսպես չէր լինի: Ամեն ինչի համը հանել են:
Ղեկավարությունն էլ է մեղավոր, որովհետև 3-4 ամիս է՝ մաքսատանը բարձիթողի վիճակ է: Մտա՝ զարմացա, մաքսազերծողներին էլ խղճացի. ոնց որ մենք մաքսազերծողները լինեինք, իրենք՝ ուղևորները: Բացի իրենցից՝ բոլորը թելադրում էին, թե ով, ինչ պետք է անի: Ապեր, սա դիր 25 կգ-ի տակ, ապեր, ես խի՞ պետք ա մաքսազերծեմ, և այդպես շարունակ…»,- մանրամասնեց Մարգարիտա Գրիգորյանը:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան