Բաժիններ՝

«Եթե մեր նպատակը տիեզերանավեր կամ ավտոմեքենաներ ստեղծելը չէ, ապա էլ ինչի՞ համար ենք մենք հավաքվել»

Դիլիջանում անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Հակոբ Արշակյանը նշում է, որ բնակչության թվի աճն ու տեխնոլոգիաների զարգացածությունը անմիջականորեն կապված են իրար հետ, և ըստ ազգային ռազմավարության՝ 2050 թվականին մենք ունենալու ենք 5 միլիոն բնակչություն և բարձր տեխնոլոգիաներով զարգացած երկիր:

Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Տարբեր խմբերի կողմից պարբերաբար նշվում է, որ ՀՀ բնակչությունը պետք է կրկնապատկվի, և այդ կրկնապատկումն ինքնանպատակ չէ: Բազմաթիվ ուսումնասիրությունները կան, որ որևէ երկրի զարգացման համար նախևառաջ պետք է, որ այդ դեպքում գոնե բնակչության կրիտիկական զանգված լինի, որը կապահովի երկրի ներքին շուկայի շարժը, ինչպես նաև քանակական առումով հնարավոր կլինի ապահովել բավարար ռեսուրսներ, որպեսզի հնարավոր լինի արտադրանք արտահանել և մրցունակ լինել միջազգային շուկայում:

Այսպիսով, ՀՀ-ի համար 5 միլիոն բնակչություն ունենալը նույնպես ինքնանպատակ չէ: Առաջին հերթին անվտանգության տեսանկյունից, քանի որ սահմանների պաշտպանության հարց ունենք: Դա իրատեսական է անել 2050 թվականին, դրա համար կա որոշակի հաշվարկ:

Ի՞նչ կապ ունի 2050 թվականին 5 միլիոն բնակչությունը բարձր տեխնոլոգիաների հետ:

1960-1990-ական թվականներին ՀՀ բնակչությունը կտրուկ աճ է ունեցել: Սա հիմնականում կապված է ներգաղթի հետ: 1,5 միլիոնից բնակչությունը դարձել է 3,5 միլիոն: Երբ երկիրը գտնվում է բարձր տեխնոլոգիական և ինդուստրիալ զարգացման ճանապարհին, այդ տարածքում տեղի է ունենում բնակչության ներհոսք: Այս ներհոսքը կապված է ոչ միայն մասնագետների, այլև առհասարակ՝ սպասարկողների, զբոսաշրջիկների և այլ հոսքերի հետ:

Այսպիսին է նաև Սինգապուրի բնակչության օրինակը: Սինգապուրն անկախացումից հետո շեշտը դրել է բարձր տեխնոլոգիական ինդուստրիայի զարգացման վրա, բնակչության թվի կտրուկ աճ է արձանագրել: Եթե Հայաստանը աճեր նույն տեմպով, ապա հիմա Սինգապուրի չափ բնակչություն կունենար՝ նույն ժամանակահատվածում տնտեսությունը նույն կերպ զարգացնելով:

Բոլոր երկրներում տեխնոլոգիական զարգացման ճանապարհը սկսվում է ծրագրային ապահովումից՝ մարդն ունի համակարգիչ, ունի ծրագրային ապահովում և սկսում է աշխատել դրսի կամ ներսի հետ, և ծրագրային ապահովման բազային գիտելիքներով սկսում են ընկերություններն աշխատել: Դրանից հետո ավելի բարձր մակարդակի ծրագրային գործիքներն են՝ հավելվածներ կամ գործիքներ windows-ի համար: Բարդությամբ հետո համակարգային ինտեգրացիան է, համակարգային գործիքները, իսկ հաջորդ և ամենաբարձր կետը համակարգերի համակարգերն են, օրինակ՝ տիեզերանավերը: Հայաստանը, մեծ հաշվով, անցել է ծրագրային ապահովման փուլը, ծրագրային գործիքներ ունենք, համակարգային ինտեգրացիա մի փոքր ունենք: Ըստ սրա էլ պետք է հիմնված լինեն մեր ծրագրերը՝ որտեղ ենք մենք հիմա և ուր ենք ուզում գնալ: Եթե մեր նպատակը տիեզերանավեր կամ ավտոմեքենաներ ստեղծելը չէ, ապա էլ ինչի՞ համար ենք մենք հավաքվել:

Ինչի՞ համար է պետությանն անհրաժեշտ, և ինչո՞ւ ենք մենք ամեն օր խոսում բարձր տեխնոլոգիաների մասին:

Խոսում ենք նրա համար, որովհետև տեխնոլոգիաները թույլ են տվել, որպեսզի 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունը ստեղծի 1000 անգամ ավելի մեծ արժեք, քան 3-րդ ինդուստրիալ հեղափոխությունը: Ընդ որում, 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունը սկսվել է 2000 թվականից: Այսինքն, վերջին 18 տարիների ընթացքում 1000 անգամ ավելի շատ ինովացիա է տեղի ունեցել, քան 3-րդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակ: Դա նշանակում է, որ, եթե մենք ուզում ենք լուրջ տնտեսություն զարգացնել, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բարձր տեխնոլոգիաներին և դրա վրա ծախսենք մեր հիմնական միջոցները:

Հայաստանում հիմնական խնդիրը տաղանդի արտահոսքը կանխելն ու տաղանդի ներհոսքն ապահովելն է: Տաղանդավոր մարդն աշխատելով Հայաստանում՝ կարող է ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր: Այս մարդիկ են ստեղծում աշխատատեղերը, ոչ թե պետությունը: Իսկ պետության գործը պետք է լինի այն, որ տաղանդավոր մարդիկ չգնան երկրից: Դրա համար պետք է ստեղծել միջավայր, որտեղ բարձր տեխնոլոգիական ավանդույթ կզարգանա, հնարավոր կլինի անել հետազոտական աշխատանքներ: Տաղանդավոր մարդը գնում է երկրից, որպեսզի տեսնի ապագայի տեխնոլոգիաները, իսկ մենք պետք է ապագայի տեխնոլոգիաներն այստեղ ստեղծենք:

Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում աճել է 5 անգամ: Կան շատ ընկերություններ, որոնք արդեն արտասահմանում խոսում են հայկական բրենդի մասին:

Կա հիմա 3 կոմպոնենտ, որոնց վրա պետք է շեշտադրումներ անենք՝ կրթություն և գիտություն, միջազգային ընկերություններ և տեղական ընկերություններ:

Կրթության և գիտության հետ կապված՝ մենք գիտահետազոտական աշխատանքների համար ունենալու ենք կոնկրետ ծրագրեր, որոնցով պետք է ֆինանսավորվեն կրթության և գիտության ուղղությունները: Այդ առումով համագործակցում են Պաշտպանության, Կրթության և գիտության և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները:

Ի՞նչ են տալիս մեզ միջազգային ընկերությունները: Որքան շատ միջազգային ընկերություններ, այնքան շատ գիտելիքներ, կապեր, լեզվի հմտություններ, այնքան շատ փորձ և, ամենից կարևորը՝ միջազգային ընկերություններն իրենց աշխատողնրին տալիս են ապագայի տեսլական: Յուրաքանչյուր միջազգային ընկերություն աշխատում է 10 տարվա տեխնոլոգիաներով:

Հայաստանում մեծ ներդնող ընկերություններ չկան, կան ավելի փոքր, սկզբնական փուլում գտնվող վենչուրային ընկերություններ: Սակայն հետագա փուլերում մեզ նման ընկերություններ նույնպես պետք է ստեղծել: Որքան էլ ասենք, բայց Հայաստանն այնքան էլ ճանաչված չէ միջազգային հարթակում: Այստեղ ևս պետությունը պետք է աշխատանքներ անի, խոսի այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Որպեսզի տնտեսությունը հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների վրա, մեզ անհրաժեշտ են մեծ ընկերություններ: Մեծ ընկերություններ ունենալը չի նշանակում, որ մեզ անհրաժեշտ չեն փոքր ընկերություններ, ընդհակառակը: Սա ստանալու համար անհրաժեշտ է պետության միջամտությունը: Որակական թռիչք ապահովելու համար պետք է, որ ընկերությունը կոնկրետ ուղղություններով կոնկրետ ջանքեր գործադրի: Զարգացման հաջորդ փուլում, գուցե, պետության դերը վերացվի: Փորձը ցույց է տալիս, որ զարգացման տարբեր փուլերում պետության դերը լինում է անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ: Իմ կարծիքով, հիմա անհրաժեշտ է, որ կոնկրետ առաջնահերթություններ ֆիքսենք մեր համայնքի հետ:

Հիմա առաջնահերթ ուղղություններն են`արհեստական բանականություն, բլոկչեյն, կիբեռանվտանգություն և առողջային տեխնոլոգիաներ, իսկ դրանք կառությունների ոլորտները՝ ռազմական արդյունաբերություն, իրերի ինտերնետ, 5G, ռոբոտաշինություն, առողջապահություն և այլն: Սրանք այն հիմնական ուղղություններն են, որ առաջիկա 10 տարում աշխարհը տանելու են առաջ:

Պետք է ֆիքսենք նաև մեր առաջնահերթությունները՝ կտրուկ աճի, գլոբալ շուկաներ գրավելու և ուժեղ պրոդուկտ ունենալու ցանկություններ ունեցող ընկերություններ, որոնք փոխելու են մոտեցումները:

Այսպիսով, վերադառնալով 5 միլիոն բնակչությանը, եթե մենք շեշտը դնում ենք արտադրության, բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտության վրա և ունենում ենք նույն տեմպով աճ, ինչ 1960-1990 թվականներին, ապա մենք ունենում ենք 5 մլն բնակչություն 2050 թվականին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս