«Հսկա գյուղ է, բայց զրոյական վիճակի. ի՞նչ են արել այսքան ժամանակ». Լևոն Շիրինյանը զարմացել է
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու թիմը քարոզարշավը սկսեցին Էջմիածնից:
Կուսակցության անդամներն աղավնի բաց թողեցին սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում. «Սա սովորական աղավնի չէ, այլ նոյան առասպելական աղավնի է, որը ավետիսը բերեց վերազարթոնքի: Սա Հայաստանի վերակերպումի խորհրդանիշն է»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Կուսակցության անդամներն առաջինն այցելեցին Արմավիրի մարզի Շահումյան գյուղ:
«Եկել ենք ձեզ հանդիպելու և ասելու հետևյալը՝ Հայաստանը եթե արդյունաբերությունը չի վերականգնելու, աշխատատեղեր չեն լինելու: Մի կրպակը կամ գինու խանութը, ուր 10-15 հոգի են աշխատում, հարցի հիմնական լուծումը չեն»,- էջմիածինցիներին ասաց Լևոն Շիրինյանը:
Քաղաքացիները համաձայնեցին նրա հետ ու բարձրացրին իրենց համար կարևոր մի շարք հարցեր:
Բնակչուհիներից մեկն ասաց, որ բացակայում են աղբամանները, աղբը լցնում են շենքերի հետնամասում, որտեղ լրիվ շուն ու կատու են:
Մյուսն էլ նշեց, որ ունեն նաև գազի, ջրամատակարարման խնդիր, անգամ մանկապարտեզ չկա:
Բնակիչների հետ խոսելուց, խնդիրներին ծանոթանալուց հետո Լևոն Շիրինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ զարմացած է.
«Առաջին անգամ լսեցի, որ Հայաստանում գյուղ կա, որը գազիֆիկացված չէ: Չէի լսել, դա իմ թերությունն է: Հսկա գյուղ է, բայց բառացիորեն զրոյական վիճակի: Բա ի՞նչ են արել այսքան ժամանակ»,- հարց բարձրացրեց քաղաքագետը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները եղան նաև Մրգաստան գյուղում:
«Կրկին բողոքող, փոփոխությունների կողմնակից, բայց դեռ դրանք չտեսած ժողովուրդ»,- նկատեց Լևոն Շիրինյանը:
Նրանք եղան նաև Հոկտեմբերյանում: Նրանց հյուրընկալեցին 12 երեխա ունեցող ընտանիքում: Ընտանիքի հայրն ասաց, որ ունի 4 տղա, մյուսներն աղջիկ են:
«Ֆուտբոլի թիմ է: Բայց փոխարինողներ էլ են պետք»,- կատակեց ընտանիքի հայրը:
Պարզեցին, որ նրանք զբաղվում են անասնապահությամբ ու այդպես ապրուստ վաստակում:
«Էս ի՞նչ համով խումբ է»,- տեսնելով հյուրերին՝ նշեց տան մեծ մայրիկն ու համբուրեց բոլորին:
«Այ, սա է քրիստոնեական սերը»,- նկատեց Լևոն Շիրինյանը:
Հիշեցնենք, որ կուսակցության կարգախոսն է՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»: Սիմվոլը ճերմակ աղավնին է՝ իր թռիչքի մեջ:
Անի Կարապետյան