ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան. Tert.am

Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը, ընտրություններից հետո քաղծառայողների կրճատմանը, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, ԼԳԲՏ-ը ֆորումին և այլն: «Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Չեմ կարծում, որ իշխող թիմի վարկանիշը կարող էր այնքան ընկնել, որ նրանք շատ ձայներ չհավաքեին: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, կարո՞ղ է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի»,- նշեց նա:

Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պահելու համար, քանի որ ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել այն ստանալու համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ հայտարարություններին, նա նշեց. «Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելուն»:

– Ինչո՞ւ Հանրապետականը որոշեց մասնակցել ընտրություններին, եթե գրեթե բոլորի համար ընտրությունների ելքը կանխորոշված է: ՀՀԿ-ականները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ իր իրերը դնի թեկնածության,միևնույն է՝ հաղթելու են ընտրություններում: Նման պայմաններում ինչո՞ւ մասնակցել ընտրություններին։

– Իրականում քաղաքական գործընթացը ենթադրում է մրցապայքար՝ հակասություն ունեցող ուժերի միջև գաղափարների և քաղաքականության հարցերի շուրջ: Եվ կուսակցությունները ձևավորվում են, ժամանակի մեջ կայանում են որպես գաղափարական հենքի վրա կառուցված միավորներ, որոնք իշխանությունը դիտում են միջոց՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու: ՀՀԿ-ն Հայաստանի անկախության հասակակիցն է և իրականում ձևավորվել է մինչև անկախությունը ձևավորված առանցքի շուրջ, որը ազգային գաղափարների շուրջ հավաքված քաղաքական ինքնություն է, որն ունի ասելիք երկրի ապագայի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով իշխանություն, Հանրապետականը կուտակել է գիտելիք, փորձ և ձևավորել է քաղաքական ուժեղ թիմ, որն ի վիճակի է այդ հարցերի պատասխանների շուրջ մտնել բանավեճի մեջ: Քաղաքականությունը բանավեճ է, կարծիքների բախում է և առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են. հատկապես հաշվի առնելով, որ կա լայնորեն ընդունված ֆավորիտ: Շատ կարևոր է, որ այդ ֆավորիտը մրցապայքարի մեջ մտնի և հակակշռվի այնպիսի ուժի կողմից, որն ունի հակասություն իր հետ մի շարք առանցքային հարցերում: Եվ Հանրապետականը լինելով երկար տարիներ իշխանություն, չէր կարող հենց այնպես, ուղղակի իշխանությունը փոխանցելուց հետո համարեր, որ կատարել է իր գործառույթը, այլևս ասելիք և անելիք չունի: Դա էր պատճառը, որ կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին: Ընդ որում, մենք հրապարակել ենք բավականին մանրամասն բանաձև, որտեղ մանրամասն նկարագրում ենք այդ որոշմանը վերաբերող իրականությունները և խնդիրները:

– Երկար տարիներ Հանրապետականն իշխանություն էր, այդ տարիները բավարար չէի՞ն կուսակցության գաղափարները կյանքի կոչելու համար:

– Իհարկե, այդ տարիները եղել են շատ ինտենսիվ աշխատանքի տարիներ և առանցքային մի շարք արդյունքներ կան, որոնք գրանցվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանությունից մինչև Արցախյան հիմնահարց, մեր ներքին կյանքի կազմակերպման խնդիրներից, մինչև անդամակցություն ամենակարևոր միջազգային կազմակերպություններին, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրացումից մինչև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, միաժամանակ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի և հանձնաժողովի նախագահի պաշտոններ ունենալուց, մինչև ֆրանկոֆոնիայի նախագահության ստանձնում: Սրանք բոլորը ՀՀԿ-ի իշխանության տարիների դրական արդյունքներն են:

Շատ նորմալ է, որ տարիների ընթացքում դրականն ու արվածը համարվում է բնական և չեմ կարծում, որ որևէ իշխանություն պետք է ակնկալի, որ իրեն պետք է հավերժ շնորհակալ լինեն այս կամ այն ձեռքբերման համար: Շատ բնական է նաև, որ այդ տարիների ընթացքում կուտակվում է կատարված սխալների, բացթողումների, չհասցրած աշխատանքի շուրջ դժգոհություն և այդ դժգոհությունը բնական կերպով բերում է իշխանության փոխանցման: Դա ոչ մեր երկրում եղած հայտնագործություն է, ոչ էլ առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող երևույթ, ինչպես երբեմն վարչապետ Փաշինյանը սիրում է ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և այլն: Իրականում, սա շատ ստանդարտ երևույթ է: Կայունության համար շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները երկրում՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ, անցնեն իրենց կայացման ուղին և յուրաքանչյուր իշխանություն փոխանցելուց հետո զրոյացնել դաշտը, նշանակում է կորցնել առաջընթացի մեծ հնարավորություններ: Հատկապես, երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Չի կարող լինել ուժեղ երկիր, առանց ուժեղ ընդդիմության:

– Պարո’ն Սարգսյան, կան պաշտոններ, որոնք քննադատության թիրախ են, անկախ անձերից։ Դուք զբաղեցրել եք Պաշտպանության նախարարի պաշտոնը և մի քանի աղմկահարույց նախաձեռնություններ եք կյանքի կոչել,որոնք հիմա ևս շարունակում են գործել։Այդ նախագծերի համար բազմիցս քննադատվել եք, ինչպես «Ազգ բանակը», «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, այսպես կոչված, 1000 դրամներ օրենքը։ Ինչպե՞ս ու ինչո՞ւ կայացվեց որոշում, որպեսզի ՀՀԿ ցուցակը գլխավորեք դուք, և ինչպես կազմվեց տասնյակը, որը ևս քննադատվում է:

– Առաջին մասով ասեմ, որ ես իսկապես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ ժամանակին ինձ վստահեցին, իմ կարծիքով, ՀՀ ամենապատասխանատու պաշտոններից մեկը: Երկար տարիների հանրային ծառայության իմ անցած ամբողջ ուղին չեմ փոխարինի պաշտպանության նախարարի կարգավիճակում իմ ծառայության գեթ մեկ օրվա հետ: Այն, որ այդ ծրագրերն այսօր շարունակվում են, վկայում են այն մասին, որ դրանք պահանջված էին, դրանք պետք էին: Թվարկված ծրագրերից յուրաքանչյուրը համակարգային խնդիր էր լուծում: Թվում է՝ ինչպես կարելի է 6 ամսում հարց լուծել, բայց 6 ամսում մենք պաշտպանության նախարարությունում մեկնարկ տվեցինք տարիներով կուտակված լուրջ խնդիրների լուծման, այդ թվում ապագա սպայակազմի ձևավորման նոր մոդելի՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որն իրոք բանակ էր բերում ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց, ովքեր պատրաստություն են անցել որպես սպա: Բացի բուն ռազմական գործից, նրանք խրամատ են բերում նաև աշխարհագրություն, պատմություն, բանասիրություն, արևելագիտություն և նույն զինվորին այդ ծառայության ընթացքում ընտրության հնարավորություն տալու գործիք է: Երեկ ես մի գրառում կարդացի, որ օգտատերը հանդիպել է «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնող տղղաներին և ինչքան ոգևորված են իրենք եղել, պատմել են, որ ծրագիրը լիարժեք աշխատում է, իրենք այսօր ստանում են վարձատրությունը, իրենց արձակուրդն են ստանում:

1000 դրամների ծրագիրը ՀՀ-ում ստեղծված երբևէ ստեղծված ամենաթափանցիկ հիմնադրամն է և հասնում է նպատակակետին: «Ազգ-բանակը», իմ պատկերացմամբ, հայեցակարգ չէ, դա կենսակերպ է: Երբ դու ունես սահմանափակ տարածք, սահմանափակ մարդկային ռեսուրս և ունես բավականին լուրջ մարտահրավերներ, դու այլ ճանապարհ չունես: Ինչ վերաբերում է մեր ցուցակին, ճանապարհ անցած կուսակցությունում, որտեղ թիմը շատ կուռ կերպով պահպանվեց, նույնիսկ այս քաղաքական վայրիվերումների ընթացքում, դժվար չէր գտնել գործչի, որը կարող է լինել արժանապատիվ առաջին համար: Կարծում եմ՝ մեր ցուցակի առաջին 10 համարներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջին համարը: Առաջին համարը դա հավասարներից մեկն է, որը տանում է թիմը բավականին բարդ փուլում: Ես շնորհակալ եմ, որ այս բարդ փուլում ինձ է վստահվել գլխավորել ցուցակը, ես մեր ցուցակի առաջին համարն եմ եղել մեր ամենալավ ժամանակներում, և կարծում եմ, շատ օրինաչափ է, որ դա չպետք է փոխվեր այս պարագայում: Իսկ տասնյակն ընտրվել է հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, ֆրակցիայի ապագա կառուցվածքում յուրաքանչյուրի ստանձնելիք դերակատարությունը:

Այսինքն` ֆրակցիան պետք է ի վիճակի լինի լուծելու այն խնդիրները, որոնք դրված են լինելու ֆրակցիայի վրա, հետևաբար շատ կարևոր էր, որ բազմազան լինի թիմը:

– Դուք և և շատ այլ Հանրապետականներ քննադատում եք ներկայիս իշխանություններին արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության համար: Բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակվելու է նախորդ իշխանությունների քաղաքական գիծը։ Այս դեպքում, երբ Փաշինյանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը, այստեղ ձեր անելիքը որպես ընդդիմություն ո՞րն է լինելու:

– Կարծում եմ՝ առաջին հարցը, որ պետք է տալ այդ պարագայում՝ ինչու այդքան արդյունավետ արտաքին քաղաքական վեկտորը, որը պետք է չփոխվեր, սուր քննադատության էր ենթարկվում, երբ պարոն Փաշինյանը ընդդիմություն էր, և ինչպես է ստացվում, որ այն առանցքային խնդիրները, որոնք բարձրացվում էին այն ժամանակ, պարզվեց, որ ՀՀ շահերից բխող քաղաքականության արդյունք են և պետք է պահպանվեր եղած տեսքով: Բայց մենք երբևէ չենք քննադատել քաղաքական գիծը, եղել են անդրադարձեր վարած քաղաքականության հմտության և արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները սիրում են լռություն: Իհարկե, արդյունք ձևավորելով շատ կարևոր է ճիշտ մատուցել այդ արդյունքը հանրությանը և դրա վրա կառուցել երկրի առաջընթացի հաջորդ քայլերը: Բայց թաքուն և գաղտնի բանակցությունները դրանք տարբեր բաներ են, որևէ մեկը 21-րդ դարում չի խոսում թաքուն բանակցությունների մասին: Բանակցությունների գաղտնիությունը, գործընթացների փակ ձևաչափը շատ կարևոր են շատ հարցերի համար: Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Եվ մենք եթե քննադատել ենք, քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել:

Խոսքը չի վերաբերում միայն Արցախի հարցին, բայց նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջազգային տնտեսական կապերը և դրանց պոտենցիալ ներազդեցությունը մեր բնակչության առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ պահանջվում են ավելի նուրբ և զգույշ մոտեցում:

– Որպես պաշտպանության նախկին նախարար ի՞նչ եք կարծում, Հայաստանը ՀԱՊԿ-ում կշարունակի՞ ղեկավարել և ի՞նչ մեսիջ է Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումն ու դրա հրապարակայնացումը։

– Ամեն ինչ պետք է արվի այդ պաշտոնը պահելու համար: Այդ պաշտոնը ստանալու համար ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել: Այդ պաշտոնում Ղարաբաղի խնդրին և մանրամասներին քաջածանոթ մարտական գեներալի նշանակելու համար ևս մեծ ջանքեր են գործադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա իշխանությունը գիտի՝ ինչ է անում, ինչպես է պահելու այդ պաշտոնը դեկտեմբերի 6-ին: Եթե դա տեղի չունենա, կհամարեմ, որ իրոք մեծ բացթողում է և դրա համար պետք է հասկանալ, թե ով է պատասխանատու կայացված որոշումների, ձեռնարկած քայլերի, անհեռատես մոտեցումների համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, կարծում եմ՝ դաշնակիցները պետք է կարողանան զատել իրարից հարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ և պետք է կարողանան առաջնայնություններ սահմանել: Այլ բան է, թե որքանով այդ հարցերը պետք է ևս լուծել հանրային դաշտում՝ հնչեցնելով մեղադրանքներ, սուր հայտարարություններ: Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելու և նոր խուսանավման հնարավորություններ տալու դաշնակցին, ում ուղղված են այդ խոսքերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս