Բաժիններ՝

«Տիգրան Ավինյանը պետք է հրաժարվի իրեն տրամադրվող գրանտից և այն տա գյուղացիներին». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ՀՀ փախվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պետք է հրաժարվի իրեն տրամադրվող գրանտից և այն տա գյուղացիներին, քանի որ նման գրանտներն առաջին հերթին պետք է ուղղված լինեին ոչ թե չրի, գինեգործության կամ պահածոյագործության, այլ գյուղմթերքի արտադրության համար։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել։

«Խնդիրն այստեղ այն է, որ այդ կազմակերպությունը ստացել է մաքսիմալ գրանտը, խոսքն այնտեղ 5-20 միլիոնի մասին է։ Որքան էլ մեկնաբանեն, թե այդ կազմակերպությունն իրենցը չէ, այլ մորաքրոջ կամ հորաքրոջ տղայինն է, միևնույն է, կարծում եմ, որ այստեղ կա պաշտոնական դիրքի չարաշահում։ Օրինակ, պարոն փոխվարչապետին խորհուրդ կտայի, որպեսզի այդ գումարները հետ վերադարձներ և տար մի քանի գյուղացիների»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Անդրադառնալով գյուղոլորտում տիրող իրավիճակին, Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ, ըստ պաշտոնական տվյալների, 6500 հեկտարով (3200՝ կարտոֆիլի, 1750՝ լոլիկի), պակասել են բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները, ինչը նահանջ է, և գյուղատնտեսության պատմության մեջ նման դեպք չէր եղել։ Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ գյուղատնտեսության ոլորտը ղեկավարում են պատահական մարդիկ։

«Անգրագետ և բնագավառից չհասկացող մարդիկ են խցկում մեր ոլորտ՝ տարբեր քաղաքական ուժերի «տանիքի» տակ կամ հարևան, բարեկամ անձնական ճանապարհներով, որոնք հերթով գալիս ու անց են կենում, իսկ գյուղատնտեսության վիճակը գնալով վատանում է։ Հերիք չէ չինովնիկներն անգրագետ են, փորձում են ղեկավարությանն էլ համոզեն, որ այս վիճակին հասել են շոգի հետևանքով, նախորդ տարի էլ էր շոգ, բայց դաշտում լոլիկ ունեինք»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Նա տեղեկացրեց, որ կարտոֆիլի սերմացուի հետ կապված վիճակը ծանր է, և գարնանը կարտոֆիլի գինը կհասնի 350-400 դրամի։

Ըստ նրա՝ 7 տարի շարունակ փորձում է պայքարել մորմազգիների ցեցի դեմ, ավելին, երբ վարչապետը համապատասխան մարմիններին հանձնարարել էր ցեցի դեմ պայքարի ծրագիր մշակել, իրենք առանց վճարվելու՝ մշակել և ներկայացրել են, սակայն պատկան մարմինները չեն ցանկանում պայքարել ցեցի դեմ։

«Պատճառն այն է, որ խոշոր ջերմոցատերերը մինչև օգոստոս ամիս լոլիկ ու վարունգ էին վաճառում Երևանի շուկաներում, օգոստոսին նրանց մոտ նոր սածիլացում գնաց, այդ ընթացքում մեզ մոտ բաց մնաց, քանի որ գյուղացին՝ մտածելով, որ ցեցը կոչնչացնի, դաշտերում լոլիկ չէր դրել։ Այն 35 հազար տոննա լոլիկը, որ մեկ ամսում մտել է Հայաստան, ներկրել են՝ որպես վաճառվող լոլիկ, այլ ոչ թե՝ տոմատի մածուկի համար։ Երբ պարոն վարչապետն այդ լոլիկը ձեռք էր բերում խանութներից և զարմանում, թե ինչու է 450 դրամ, դա ներկրված լոլիկն էր։ Թուրքիայից ու Իրանից էժան տոմատի մածուկ են բերում, Հայաստանում փաթեթավորում են ու ներկայացնում՝ որպես հայկական»,- շեշտեց Հ. Բերբերյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս