«Ուրախ կլինենք, որ արցախյան թեմայով քննարկում լինի, որպեսզի հասկանանք, թե ո՞ւմ ենք ձայն տալու և ինչի՞ համար». Թևան Պողոսյան

«Հին Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) սպանեց պառլամենտարիզմը։ Երբ այն ընդունվեց՝ իմ ելույթում նշեցի՝ հողը թեթև լինի ձեր ԸՕ-ի վրա։ Հիմա մնացել է նույնը։ Իսկ նոր նախագծում կային շատ լավ դրույթներ, օրինակ՝ դեբատների մշակույթը։ Սա կարելի է վերցնել ու կիրառել։ Կցանկանամ տեսնել, որ նոր իշխանությունը նոր, բայց չանցած Ընտրական օրենսգրքի նախագծի շատ դետալներ կվերցնի ու կկիրառի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն, առաջինը նա կարող է կոչով դիմել և ասել, որ ուրախ է հանդիպել մրցակիցներին, և դեբատների ժամանակ ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը։

«Նախաձեռնության արդյունքում այլ քաղաքական ուժերը ստիպված պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուի, քանզի նկատում եմ՝ շատերը համակերպվել են, որ 2-րդ, 3-րդ տեղում են հայտնվելու, ու վարչապետի թեկնածուի մասին չեն մտածում։ Կրթական, մշակութային քննարկումներ ևս կարող են լինել։ Ուրախ կլինենք, որ արցախյան թեմայով նման քննարկում լինի, որպեսզի հասկանանք, թե ո՞ւմ ենք ձայն տալու, և ինչի՞ համար։ Սրա համար դիմել էինք կոչով բոլոր քաղաքական միավորներին, որ  այցելեին Արցախ, փորձեին քննարկել: Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը գտնվում է  Արցախում, ինչը շատ լավ է: Իսկ ինչո՞ւ մյուս կուսակցությունները չեն այցելում ու վերադառնում այստեղ՝ գիտակցված քննարկում վարելու: Տնտեսական մոդելների մասին էլ պետք է խոսենք, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է արվելու»,- նշեց Թևան Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը  դեմ է նաև այն տեսակետին, թե նոր ԱԺ-ն ընդամենը 1-2 տարի է գործելու:

«Ի՞նչ ավանդույթ ենք մենք սահմանում: 2-3 տարին մեկ ընտրություն պետք է անե՞նք, թե՞ պետք է գիտակցենք, որ չի կարելի մյուսների փորձը կրկնել ու ընտրել ԱԺ, որը պետք է 5 տարի աշխատի»,- նկատեց նա:

Թևան Պողոսյանը կարևորեց՝ պետք է լինեն ուժեր, որոնք կունենան իրենց մոդելը, չես համեմատի մյուսների հետ:

«Երբ կասեն՝ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, քանի որ մենք մտել ենք ծերացող ազգերի դաշտ, ինձ ասեք, թե ի՞նչ մեխանիզմներով, որտե՞ղ է լինելու սոցիալական արդարության դաշտը: Կամ ասում են՝ երիտասարդ ընտանիքների հարցն է կարևոր.  քեզ տո՞ւն են տալու, թե՞ ապահովելու են, որ շատ երեխաներ, եթե ուզես՝  ունենաս: Անվտանգության համար էլ են ծրագրերը կարևոր: Անցյալ չպետք է գնան, ապագան է կարևոր: Վաղը-մյուս օրը ես ինչպիսի՞ երկրում եմ ապրելու»,- ընդգծեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը դառնում են ՔՊ անդամ՝ Թևան Պողոսյանն ասաց, թե այդպես է, սիրում են լինել ուժեղների մոտ:

«Ուրախ եմ, որ հայտնում են՝ դիմումները շատ են, սակայն միանգամից չենք ընդունում: Պետք է հարցնեն՝ գիտակցո՞ւմ են ՔՊ-ի արժեքային դաշտը, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ է ձևավորվել: Այս դեպքում կուսակցությունը ձեռք կբերի ռեսուրս, իսկ եթե մի բան են ասում, այլ արդյունքներ գրանցում, ժամանակը ցույց կտա: Նախկինում չեն գիտակցել, թե ինչո՞ւ են միանում այս կամ այն կուսակցությանը»,- նշեց Թևան Պողոսյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս