Բաժիններ՝

«Եթե աղքատները ատում են հարուստներին, ապա պետք չէ, որ հիմա էլ հարուստներն ատեն աղքատներին». Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ հետհեղափոխության շրջանում ստվերային տնտեսությունը կրճատվե՞լ է։ Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ, եթե ստվերի տեղն իմանան, այն կդադարի ստվեր լինել, կգնան ու կսկսեն գործողություններ կատարել դրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է հետհեղափոխության ժամանակահատվածում ստվերի կրճատմանը, Ջանջուղազյանն ասաց, որ իհարկե, գործողություններ եղել են, բայց այդ տեղեկատվության աղբյուրը Դավիթ Անանյանն է, որը ավելի ստույգ կներկայացնի:

Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ սուպերմարկետների հարցն ի՞նչ եղավ. «Եթե հիշում եք, տարբեր ԱՁ-ների հետ կապված խնդիր եղավ, ու մսի գինը 1900-ից դարձավ 3900, մենք ունեցանք բարձր գներ, ու եկավ, սպառողի վրա ընկավ: Այդտեղ մենք հավասարակշիռ կոմպրոմիս ունե՞նք, թե՞ գները բարձրացան, ու վերջ: Միավոր մարդը, որի աշխատավարձը չի բարձրացել, միսը գրեթե ամենօրյա սպառման ապրանք է, մարդը այդ վարչարարության արդյունքում ի՞նչ վնաս կրեց, այդտեղ պետությունը որոշակի կոմպենսացիոն ծրագիր մտածե՞ց, թե՞ մի մասն արեց գործի, մյուսը՝ չէ»։

Ջանջուղազյանը պատասխանեց. «Ի՞նչ էր տեղի ունենում նախկինում, ստացվում էր, որ ամբողջ երկրով սուբսիդավորվում էր այս կամ այն ապրանքի գինը: Դա արդյո՞ք ընդունելի կարելի էր համարել. ընդունելի չէր: Հետևաբար՝ այս փոփոխությունն անխուսափելի էր: Որ դա հանգեցրել է գների աճին, դա տրամաբանական է, բայց նույն շրջանառության հարկ վճարողը կարող է այդ ապրանքատեսակը վաճառել, ու ոչ սուպերմարկետից օգտվողը օգտվել համեմատաբար ավելի ցածր գնով, եթե միայն այդ գործոնով է պայմանավորված այդ գների աճը»: Ջանջուղազյանը նկատեց՝ միանշանակ չէ, որ մսի գների աճը միայն դրանով է պայմանավորված:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց՝ մեր հասարակությունը բևեռացված է, ունենք գերհարուստներ ու չափազանց աղքատներ, և դրա լուծումը, ըստ նրա՝ կարող է լինել, օրինակ, գույքահարկի ճիշտ կիրառումը. «Եթե մենք շատ հարուստի նկատմամբ բարձր հարկ կիրառենք, քան աղքատ խավի համար ենք կիրառում, այդ բևեռացումը չի լինի հարուստների ու աղքատների միջև։ Դա կարևոր գործոն է ներդրումային դաշտի համար, որևէ ներդրող չի պատրաստվում ներդրում անել այն հասարակության մեջ, որտեղ անտագոնիզմ կա։ Մենք պետք է դա մեղմենք։ 1 մլն դոլարանոց դղյակ ունեցողը պետք է պատրաստ լինի շատ ավելի վճարել, վճարել նաև 1 սենյականոց բնակարան ունեցող չափազանց աղքատի համար։ Ատելությունն այլևս չի գործի։ Մենք հանրային պարսավանքի ագրեսիվ դրսևորումներ ունեցանք ու պարտավոր ենք դա մեղմել»:

Կարդացեք նաև

Ջանջուղազյանը պատասխանեց, որ համաձայն է, ու դրա համար միջոցներ ձեռնարկում են. «Դեռ 2 տարի առաջ էինք նախաձեռնել, և ինչպես ակնկալվում էր՝ դիմադրության էր արժանանում։ Պետք չէ, որ եթե աղքատները ատում են հարուստներին, հիմա էլ հարուստներն ատեն աղքատներին: Պետք է մոտեցումը հավասարակշռված լինի, ոչ թե բաշխումը պետք է անել՝ կախված սոցիալական վիճակից, այլ՝ գույքից: Ձեր ասած սոցիալական նպաստ ստացողը վիլլա չի կարող ունենալ, չի կարող պահել։ Նույնիսկ, եթե կտակ ստանա, բայց իր հնարավորությունները բավարար չեն դա պահելու համար, իսկ պահելու մաս է նաև հարկը, որին համապատասխան ծառայություններ են իրականացվում։ Մենք հակված ենք՝ շուկայական արժեքից հարկվի, այլ հարց է, թե ինչ չափով, դա կքննարկվի, բայց  չպետք է հարկվի՝ սոցիալական վիճակով պայմանավորված»:

Ջանջուղազյանն ասաց, որ մի խնդիր լուծելու համար լրացուցիչ խնդիր չեն առաջացնի, բայց որ դա ճանապարհ է, ու որոշել են անել՝ հաստատ է: Նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են անում ու շուտով կբերեն ԱԺ այդ նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս