Հենց այս ուղերձն է, որ Փաշինյանը հասցնում է հասարակությանը

Թավշյա հեղափոխության ձեռքբերումներից է նաև քաղաքական օրակարգում լուսանցքային թեմաների ներգրավվումը ու դրանց հանրային հնչեղություն և ըստ այդմ՝ հասարակական լեգիտիմություն հաղորդելը։ Հասարակությունը, որը իրականացրեց հեղափոխությունը, նաև առաջ քաշեց ներառականության ու բոլորի հավասարության գաղափարը՝ որպես հեղափոխության հիմնային արժեք։

Ցանկացած հասարակություն ունի իր լուսանցքային, առանձնացված ու ձայնը կորցրած խմբերը, և մեր հասարակությունն ամենևին բացառություն չէ։ Խտրականությունը՝ կրոնական, էթնիկ, սեռական, ռասայական, մշակութային տարբերությունների հիմամբ, հին է, ինչպես մեր աշխարհը։ Այս դիտանկյունից խոսքը հասարակության ու պետության դիրքավորման մեջ է՝ թե ինչպես է հասարակությունը՝ ի դեմս պետություն, առերեսվում այդ խնդիրների հետ։

Դրանցից մեկն էլ վերջերս խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձն էր հասարակական դիսկուրսում լուսանցքային համարվող թեմաներին, այդ թվում նաև՝ սեռական փոքրամասնությունների գոյություն փաստին՝ նկատելով, որ հասարակությունն ինքը պետք է որոշի այդ փաստի հետ հարաբերվելու ձևաչափը։

Այստեղ խոսքը հասարակության ու պետության կողմից այն փիլիսոփայության հանրահռչակման մասին է, որ առաջնայինը անհատն ու քաղաքացին է՝ անկախ կրոնական, էթնիկ, սեռական, ռասայական, մշակութային պատկանելիությունից։ Թերևս, սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այդօրինակ հարց ու պատասխանը արձագանքն էր այս ալիքի, որտեղ խտրականության տարատեսակ դրսևորումները և դրան առնչակից խնդրիները ստանում են հանրային հնչեղություն ու քաղաքական արձագանք։

Փաշինյանը, փաստորեն, կատարում է հասարակությանը նրա կողմից առկախված խնդիրների հետ առերեսելու թեև ծանր, բայց պատվաբեր դերակատարումը։ Հարց բարձրացնելով «ընդունո՞ւմ ենք Հայաստանում նրանց գոյության փաստը, թե՞ ոչ»՝ նա նշանային առումով ինքն էլ պատասխանում է այդ հարցին։ Փաստորեն, նա լուսանցքային, հասարակության կողմից բևեռացված և երբեմն նույնիսկ իրարամերժ հայացքները չի արհամարհում և փախչում առկա խնդիրներից։

Հեղափոխությունը, որը կերտվել է բոլոր քաղաքացիների համար արդարության ու հավասարության վերականգնման հանձնառությամբ, այս տեսակետից հանգում է իր տրամաբանական հանգրվաններից մեկին, որի ուղենիշը անհատն է ու քաղաքացին՝ իր իրավունքների բացարձակության մեջ։ Մեր հասարակության մի ստվար հատվածը, լինելով ավանդական, այնուամենայնիվ, պետք է ընդունի իրողություններ, որոնք կարող են այս կամ այն կերպ դուրս մնալ այդ գերիշխող աշխարհայացքից։ Այն պետք է ներառի ենթաաշխարհայացքները, պետք է փորձի շարժվել ներառական ու համադրության մոդելով։ Եթե նախկին բոլոր իշխանությունները բազմաթիվ հարցերից խուսանավում էին՝ իրենց համար ավելորդ գլխացավանք չունենալու միտումով՝ դրանք մատնելով չլինելիությանը, ապա Փաշինյանը փորձում է դուրս գալ այդ տրամաբանությունից։

Ընդհանրապես, հասարակության մասին խոսելիս պետք է առնվազն ընդունել «մյուսի»՝ հարևանի, ընկերոջ, ծանոթի լինելությունն ու յուրօրինակությունը՝ առանց բացառության։ Եթե պետք է խոսել հասարակությունից, ինչ-որ նախապայմաններով ու մասնավոր աշխարհայացքի բացառիկությամբ, ապա տրամաբանական հարթության մեջ ակամայից կսկսենք հակադրել այնպիսի իրողություններ, որոնք համադրելի են՝ ըստ էության։

Այդ խնդիրը առացքային, գոյաբանական է, ըստ որում՝ հասարակության ցանկացած անդամ առնվազն պետք է ընդունի մյուս անդամների լինելու իրավունքը՝ առանց նախապայմանների ու կանխակալության։ Իրավական առումով այն ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մեկի իրավունքը չպետք է սահմանափակի մյուսի իրավունքը, իսկ քաղաքացիների իրավունքները չպետք է փոխադարձ սահմանափակող և իրարամերժ լինեն։

Հարկ է մեկնարկել այն իրողությունից, որ անհատի ու հասարակության հակադրությունը որոշակիորեն արհեստական օրակարգ է և ցուցիչն է այն ամենի, որ քաղաքական իշխանությունը հրաժարվում է հասարակությանն ընդունել իր բազմազանության մեջ։

Որքան պետությունն է պարտավոր պայմաններ ստեղծել հանրության ներդաշնակ կյանքի համար, այնքան էլ անհատականությունը պարտավոր է համադրել ու համաարժեվորել։ Անհատը և հասարակությունը չպետք է լինեն հակադրության ու բևեռացվածության մեջ։ Հենց այս ուղերձն է, որ Փաշինյանը հասցնում է հասարակությանը՝ անհատը և հասարակությունը իրարամերժ չեն, բռնությունը այլևս անցյալում է և քաղաքականության խնդիրը պետք է լինի հարթել անտագոնիզմը, խնդիրները լուծել կոնսենսուսի միջոցով և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ անհատը և հասարակությունը ոչ թե իրարամերժ են, այլ՝ փոխլրացնող։

Գոռ Մադոյան

Տեսանյութեր

Լրահոս