Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը պահանջել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։

Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից 12-ն անցկացվելիք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովն էր։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ևս մեկ անգամ ուսումնասիրել ու քննարկել միջոցառումների անվտանգությանն առնչվող անգամ ամենփոքր մանրուքները։ Ոստիկանության պետը պահանջեց, որ այդ օրերին ծառայության ներգրավված ոստիկանները լինեն անթերի՝ արտաքին տեսքից՝ մինչև ծառայությունների մատուցում։

Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հիշեցրեց, որ իրենց անբարեխիղճ ծառայությամբ ոստիկանի և, առհասարակ, համակարգի հեղինակության վրա ստվեր գցողները կպատժվեն խստագույնս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իսկ բարեխիղճ ծառայողները կխրախուսվեն։ «Ոստիկանության պետից շարքային՝ բոլորիցս է կախված միջոցառումների անխափան անցկացումը։ Մեր նկատմամբ հասարակական վստահությունն ու հարգանքը բազմապատկվել է Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Պետք է անել ամեն ինչ, որ այս աննախադեպ միջազգային իրադարձությունից հետո հասարակական վստահությունն ու հարգանքն ավելի ամրապնդվի»- նշեց Վալերիյ Օսիպյանը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս մեկ անգամ քննարկեցին ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումներին ոստիկանության ծառայությունը կազմակերպելուն, համակարգելուն ու վերահսկելուն վերաբերվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս