«Շանթ 2018»՝ որքանով է տնտեսությունը պատրաստ պատերազմի
Մաս 3 – Պարենային անվտանգություն
Սեպտեմբերի 11-14-ը հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի շրջանակներում պետությունը բերվեց պայմանական պատերազմական վիճակի: Այս ենթատեքստում փորձելով հասկանալ թե որքանո՞վ երկրի տնտեսությունը կդիմանա պատերազմական իրավիճակին, նախորդ մեր հրապարակումների մեջ անդրադարձ կատարեցինք էներգետիկ և տրանսպորտային անվտանգությանը, իսկ այսօր կամփոփենք տնտեսական անվտանգության մասին քննարկումները՝ խոսելով պարենային անվտանգության մասին:
Տնտեսական անվտանգության բաղադրիչներից, թերևս, առաջնահերթ կարևորը հենց պարենային անվտանգությունն է, և հենց սրանով պայմանավորված՝ այս ոլորտին տրվել է ամենաբարձր պետական կարգավորում: 2002 թվականին ընդունված Պարենային անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն՝ պարենային անվտանգության ապահովումը պետության տնտեսության այնպիսի վիճակ է, որն ապահովում է երկրի պարենային անկախությունը և երաշխավորում բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը:
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության հիմնական խնդիրներն են՝
ա) սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը.
բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը.
գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը։
Առաջին երկուսը պետության կողմից իրականացվող ամենօրյա գործառույթներից են, իսկ պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը հանդիսանում է ռազմավարական խնդիր, որին մենք կառնչվենք պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակներում:
2011թ. ընդունված ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով հստակ մատնանշվում են ըստ ոլորտների պարենային մթերքների ինքնաբավության մակարդակի հասնելու թիրախային ցուցանիշները: Օրինակ, հացահատիկի մասով նախատեսվում է «Էքստենսիվ և ինտենսիվ գործոնների կիրառմամբ` առավելապես ի հաշիվ բերքատվության բարձրացման՝ ցորենի արտադրության ծավալը 2020-ին հասցնել 375 հազար տոննայի»։ Այդ դեպքում ինքնաբավության մակարդակը, ըստ հաշվարկների, կկազմի 64.2 %: Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 550-600 հազար տոննա ցորեն, որից տեղական արտադրության ծավալները տարբեր տարիների կազմել են 30-40%-ը: Ինքնաբավության մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է ապահովել նաև պահուստային ցորենի ամբարման և պահպանման գործընթացը, որի իրականացման պատասխանատուն է հանդիսանում ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալությունը: Համաձայն հայեցակարգի, ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների պայմաններում, հնարավոր պարենային ճգնաժամերի կանխարգելման նպատակով, անհրաժեշտ է պետական պարենային պահուստներում ամբարվելիք սննդամթերքի անվանացանկի, կուտակման չափերի և ժամկետների հստակ և իրատեսական (օպտիմալ) սահմանումը:
Ընդ որում՝ 30 պետական պարենային պահուստներում, առաջին հերթին, պետք է ամբարվի կենսապես կարևորագույն այն սննդամթերքի տեսականին, որի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է, մասնավորապես` պարենային ցորենը, բուսական (կենդանական) յուղը, շաքարավազը, մանկական սնունդը, պահածոյացված (վերամշակված) որոշակի արտադրանքը: Այդ ապրանքատեսակների կուտակման չափերը պետք է բավարար լինեն և չգերազանցեն բնակչության և հատուկ սպառողների 1-2 ամսվա պահանջարկի ծավալները: Պետական պարենային պահուստում պետք է նախատեսվի նաև չնվազեցվող պաշար՝ միայն ռազմական դրության հայտարարման դեպքում դրա նպատակային օգտագործման համար:
Վերջիվերջո, սա խնդիր է, որին մենք առնչվել ենք բազմիցս, և եթե 90-ականների պարենային ճգնաժամը և առավել հայտնի «հացի հերթերը» արդեն հեռավոր անցյալում են մնացել, ապա մեր հիշողությունից չի կարող վրիպել 2008-ի ռուս-վրացական պատերազմի արդյունքում հացահատիկի ներմուծման խնդիրը, 2013 թվականին Ռուսաստանում հրդեհներին պատճառով առաջացած հացահատիկի դեֆիցիտի խնդիրը և այլ թարմ օրինակներ: Այս խնդրին, հնարավոր է՝ մենք առնչվենք նաև շատ մոտ ապագայում, քանի որ սեպտեմբերի 15-ից սկսած Վրաստանը արգելել է իր տարածքով ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխումը, և քանի դեռ հարցը վերջնականապես կարգավորված չէ, ապա պարենային ապահովության խնդիրն առավել քան արդիական է:
Հացահատիկը թեև հանդիսանում է պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչը, սակայն դրանով հարցը չի ավարտվում, և կարևոր է, որ կառավարությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը դարձնի իր սեղանի կարևորագույն փաստաթղթերից մեկը և այս հարցին վերաբերվի շատ լուրջ և մանրակրկիտ, քանի որ մեր երկրի համար՝ ինչպես պատերազմի, այնպես էլ՝ բնական արհավիրքները երբեք էլ սարերի հետևում չեն եղել, և այս հարցում անգամ չնչին բացթողումը կարող է ճակատագրական լինել:
Թե որքանո՞վ է պատասխանատու մարմինն ապահովում իրավական նորմերով սահմանված նորմատիվները, բաց աղբյուրների միջոցով հնարավոր չէ գնահատել, սակայն «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը լավ առիթ է ոչ միայն ստուգելու այս չափազանց կարևոր խնդիրը, այլև պաշտոնապես քաղաքացիներին իրազեկելու, թե պարենային անվտանգության խնդիրն ինչ մակարդակում է գտնվում:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ