Բաժիններ՝

«Շանթ 2018»՝ որքանով է տնտեսությունը պատրաստ պատերազմի

Մաս 1- Էներգետիկ անվտանգություն

Սեպտեմբերի 11-14-ը հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի շրջանակներում պետությունը կբերվի պատերազմական վիճակի: Պետական ​​նշանակության զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Նման իրավիճակում պետությունը անցնում է ռազմական ռեժիմի, և տնտեսության դերակատարումը այստեղ ավելի է մեծանում: Այս ենթատեքստում կարևոր է հասկանալ նաև,  թե որքանո՞վ երկրի տնտեսությունը կդիմանա պատերազմական իրավիճակին: Մասնագիտական գրականության մեջ այս երևույթը առավել հայտնի է՝ որպես տնտեսական անվտանգություն, ուստի, փորձենք գնահատել, թե ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ՀՀ տնտեսական անվտանգությունը:

Տնտեսական անվտանգություն ասելով՝ հասկանում ենք տարբեր սպառնալիքների պարագայում տնտեսության դիմակայելու կարողությունը և կայունության պահպանումը: Որպես անվտանգային գործոն՝ այն դիտարկվում է 4 հիմնական բաղադրիչներով: Դրանք են՝ Էներգետիկ, տրանսպորտային, պարենային և ֆինանսական անվտանգություն: Սրանք միմյանց հետ փոխկապակցված և փոխլրացնող բաղադրիչներ են, իսկ դրանց լայնածավալ և ընդգրկուն լինելու հանգամանքով պայմանավորված՝ կարիք ունեն առանձին ուսումնասիրությունների, ուստի առաջիկայում կդիտարկենք դրանք առանձին-առանձին և այժմ  կխոսենք էներգետիկ անվտանգության մասին:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության կարևորության մասին խոսելու համար բավական է միայն հպանցիկ անդրադարձ կատարել 90-ականների առավել հայտնի  «ցուրտ ու մութ» տարիներին: Այդ ժամանակ դադարեցվել էր ատոմակայանի գործունեությունը, վառելիքի մատակարարումների ընդհատման պատճառով չէին գործում ջերմաէլեկտրակայանները: Երկիրը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամի պայմաններում, և սա էապես ազդում էր ինչպես տնտեսության և բնակչության սոցիալական մակարդակի վրա, այնպես էլ փաստացի ընթացող պատերազմի վրա: Վերջինիս մասով հավելենք, որ միայն 1992 թվականին էլեկտրակայանների վերագործարկման և հակաօդային պաշտպանության վերագործարկման միջոցով հնարավոր եղավ բեկում մտցնել օդային պայքարում:

Հասկանալով այս խնդրի կարևորությունը, 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, որը սահմանում է արտաքին և ներքին սպառնալիքները, մարտահրավերներն ու հեռանկարները: Համաձայն հայեցակարգի, Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:

Ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրված է ՀՀ Էներգետիկ համակարգի կառուցվածքը, որից ակնհայտ է դառնում, որ մեր երկրի էներգետիկ համակարգի հիմնական բաղադրիչներն են ատոմակայանը և ջերմային էլեկտրակայանները: Էներգետիկ անվտանգության թիվ մեկ խնդիրը կայանում է նրանում, որ էլեկտրաէներգիան այնպիսի ռեսուրս է, որը հնարավոր չէ պաշարել, այսինքն՝ եթե ցանկանում ենք ապահովել էլեկտրաէներգիայի անդադար մատակարարում, ապա պետք է  մշտապես արտադրենք, որի համար անհրաժեշտ են վառելիքային ռեսուրսներ:

Ռուսաստանից Հայաստան ձգվող գազատարի կայուն գործունեությունը կախված է ոչ միայն  հայ-վրացական, այլև ռուս-վրացական հարաբերություններից: Հեռանկարում գազատարը կարող է «զոհ գնալ» հերթական կոնֆլիկտին: Իրանի հետ գազատարի առկայությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ռուսական գազի փոխարեն՝ այլընտրանքային գազ ներկրել, սակայն Իսլամական Հանրապետության հետ էներգետիկ համագործակցությունն ունի լուրջ խնդիրներ: Այս ամենը հաշվի առնելով` դժվար է ջերմաէներգետիկան Հայաստանում հեռանկարային ուղղություն համարել: Այն, իհարկե, բավական մեծ համակարգ է, սակայն զգալիորեն խոցելի, և 1993թ. էներգետիկ ճգնաժամի կրկնության հնարավորությունը Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի փակումից հետո բավական մեծ է: Հաշվի առնելով բնական գազի ներկրման հեռանկարային ռիսկայնությունը` ՀՀ էներգետիկ համակարգի կայունության ապահովման հիմնական առաքելությունը պետք է դրված լինի միջուկային էներգետիկայի վրա:

Ռազմավարական տեսանկյունից էներգետիկ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն նաև փոքր հէկ-երը և այլընտրանքային էներգիայի աղբյուրները: Սրանցից առաջինը բացատրվում է էներգետիկ համակարգի ապակենտրոնացմամբ, այսինքն՝ եթե այս պահին Հրազդանի ՋԷԿ-ը ապահովում է սպառվող էլեկտրաէներգիայի զգալի մասը, ապա դրա շարքից դուրս գալու կամ վառելիքի պակասի պարագայում էներգետիկ անվտանգությունը լուրջ խնդրի առաջ կկանգնի, իսկ փոքր հԷկ-երի ստեղծումը միտված է այդ դերի նվազեցմանը, որը ինքնըստինքյան բարձրացնում է անվտանգության մակարդակը: Ինչ վերաբերում է այլընտրանքային աղբյուրներին, ապա սրանք առավելապես կարևորվում են ավտոնոմ ռեժիմում անժամկետ աշխատելու կարողությամբ, և հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի սեփական վառելիքային ռեսուրսներ, ապա այսօրինակ էլեկտրակայանների կարևորությունը այլընտրանք չի կարող ունենալ:

Խոսելով վառելիքային ռեսուրսների մասին՝ պետք է նշենք, որ Հայաստանը չունի վառելիքային ռեսուրսներ, ուստի մեր գերխնդիրը պետք է լինի համապատասխան պաշարների կուտակումը: Այս առումով տեղին է հիշատակել Աբովյան քաղաքի մոտ գտնվող բնական գազի պահեստարանը, որը հնարավորություն ունի պահեստավորել միջինում 170 մլն խմ բնական գազ: Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 2017 թվականին ՀՀ-ն սպառել է 2.1 մլրդ խմ գազ, ապա կարող ենք նշել, որ Աբովյանի պահեստարանը ամբողջական պահեստավորման պարագայում կարող է բավարարել մեր ներքին պահանջարկը շուրջ 30 օր, ինչը պետության համար հուսալի ռեզերվ է:

Նույնը վերաբերում է նաև վառելիքի մյուս տեսակի պաշարներին, մասնավորապես՝ բենզինի և դիզելային վառելիքի մասով: Հատկապես, երբ խոսում ենք հնարավոր պատերազմի պարագայում վառելիքի  կարևորությունից, տեղին է հիշատակել այն հայտնի խոսքերը, որ վառելիքը պատերազմի արյունն է: 2008 թվականի ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով, արդեն 10 օր անց, երբ շուկայում նկատվում էր վառելիքի պակաս և գների բարձրացում, ուստի խիստ կարևոր է այստեղ ևս ունենալ համապատասխան պաշարներ, որոնք հնարավորություն կտան ապահովել մեր երկրին վառելիքով նվազագույնը մեկ ամսվա համար:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման համար կարևոր խնդիրներն են հանդիսանում համակարգի դիվերսիֆիկացումը, միջուկային և այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, վառելիքային ռեսուրսների պաշարների համալրումը և պահպանումը։ Թերևս, ավելի լավ կլինի այս հարաբերական խաղաղ ժամանակը օգտագործենք այս ոլորտում հեռանկարային ռազմավարական ծրագրերի իրականացման համար:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս