Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը:

«Այս դիրքորոշումը հավասարազոր է համապարփակ ծրագրից ուղղակի հրաժարվելուն, սպառնալիքի տակ է դնում դրա իրականացումը և հիմնովին խաթարում հավաքական ջանքերը, որոնք ուղղված են արդար ու կայուն խաղաղության հասնելուն», – ասվում է X հարթակում Կատարի ԱԳՆ-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ մերժումը «հաստատում է, որ Իսրայելն այժմ պատասխանատվություն է կրում Գազայում և Պաղեստինի օկուպացված մնացած մասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խոչընդոտելու համար»։

Հայտարարության մեջ նշվում է, որ պաղեստինյան խմբակցությունների կողմից ճանապարհային քարտեզի ընդունումը միջնորդների «լայնածավալ ջանքերի» արդյունք է և «կարևոր հանգրվան է զինաթափման ճանապարհին՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը, Միջազգային կայունացման ուժերի տեղակայմանը, վարչական լիազորությունները Գազայի կառավարման ազգային կոմիտեին փոխանցմանը և Գազայի վերակառուցմանը զուգահեռ»։

Նախարարները նաև Խաղաղության խորհրդին կոչ են արել Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ և մասնակցությամբ «անհապաղ ու կոնկրետ միջոցներ» ձեռնարկել՝ կանխելու ցանկացած երկրի կողմից Գազայի պլանի իրականացման խոչընդոտումը։

Օգոստոսի 9-ին կառավարության նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մերժում է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը և չի պատրաստվում դուրս բերել իսրայելական ուժերը պաղեստինյան անկլավից, քանի դեռ ՀԱՄԱՍ խմբավորումը լիովին չի զինաթափվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31