Սիրիան պատրաստ է կտրուկ նվազեցնել ռուսական նավթի ներկրումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակում
Սիրիան ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել կտրուկ նվազեցնել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Այս քայլը քննարկվում է Սիրիայի նկատմամբ խոշոր պատժամիջոցների չեղարկման, այդ թվում՝ Սիրիային ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հեռացնելու հարցերի շրջանակում։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։
«Reuters»-ի տվյալներով՝ այս տարի Սիրիա ռուսական նավթի մատակարարումները աճել են 75 տոկոսով՝ հասնելով օրական մոտ 60 հազար բարելի։
Սիրիայի իշխանությունները, ըստ աղբյուրներից մեկի, արդեն փնտրում են նավթի այլ մատակարարների։ Սակայն ռուսական նավթի փոխարինումը կարող է ժամանակ պահանջել և հանգեցնել վառելիքի պակասի կամ ներմուծման ծախսերի աճի։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը խրախուսում է Սիրիային վերականգնման և վերակառուցման գործընթացում համագործակցել «վստահելի ընկերությունների», հատկապես ամերիկյան ընկերությունների հետ, և ակնկալում է, որ Դամասկոսը կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները։

