Օրվա հերոսի՝ Կոնջորյանի եղբայրը զրկվել է վարորդական իրավունքից, սակայն 3 ամիս անց՝ հայտնվել է ղեկին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վերջին երկու օրվա ընթացքում փորփրել, գտել է, թե Հայկ Կոնջորյան քաղաքական գործիչը ինչո՞վ է հայտնի, ինչո՞վ է մնալու մեր պատմության մեջ, որո՞նք են նրա քաղաքական կարիերայի ամենացայտուն դրվագները։
«Բացի տարբեր կուսակցություններ փոխելուց՝ Հայկ Կոնջորյանն առաջինը հայտնի դարձավ մեր հանրությանը, երբ այս ամբիոնից ասաց, որ Իրանն ավտորիտար կառավարում ունեցող երկիր է։ Հետո, երևի, շատ արագ հուշեցին իր ֆրակցիայի գործընկերները, թե ինչ անիմաստ հայտարարություն է արվել, դրա համար Կոնջորյանը ներողություն խնդրեց։
Կոնջորյանը հինգ տարիների ընթացքում ընդդիմությանն ամենաշատ ու ամենասուր պիտակավորած քաղաքական գործիչներից է, երևի դրա համար էլ արժանացել է այս առաջխաղացմանը»,- ԱԺ-ում հայտարարեց Վարդանյանը՝ հիշեցնելով նաև, որ Հայկ Կոնջորյանը հայտնի է նաև իր ընտանիքի անդամների և իր բնակարանի ձեռքբերման հետ կապված պատմություններով:
«Իմ գործընկերները շատ խոսեցին «Հայփոստ»-ի մասին, և, իսկապես, այդտեղ հարցը մեկն է՝ եթե չլիներ Հայկ Կոնջորյանի կինը, կզբաղեցնե՞ր այդ պաշտոնը, թե՞ ոչ: Հայկ Կոնջորյանի տան պատմության մասին էլ շատ խոսվեց՝ 20 միլիոնով ավելի էժան տուն գնել և եկամտահարկի վերադարձի օրենքից օգտվել: Նրա եղբոր մի պատմության մասին շատ խոսվեց՝ պարեկների ուղեկցությամբ քաղաքացուն հայհոյելու: Բայց ես ուզում եմ Հայկ Կոնջորյանի եղբոր երկրորդ պատմության մասին խոսել, դա անտեսված մնաց: Դուք գիտեի՞ք, որ մեր օրվա հերոսի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 1-ին մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից, սակայն 3 ամիս անց նա նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, և նրա նկատմամբ հարուցվել քրեական վարույթ: Եվ խնդիրը գիտե՞ք որն է, որ Ավետ Կոնջորյանը քննություն իրականացնող մարմնին ներկայացրել է տեղեկանք, որ ինքը դատված չի եղել, ու դրա համար կրել է ավելի քիչ պատիժ՝ փոքր տուգանք, կարող էր ազատազրկվել, որովհետև այդ տեղեկանքն է ներկայացրել: Բայց պարզվում է՝ 2010 թվականին Հայկ Կոնջորյանի եղբայրը դատված է եղել»,- մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում

