Արկերն աջ ու ձախ էին թռչում․ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտից մնացած զինամթերք
Ֆրանսիայի հարավում բռնկված անտառային հրդեհների հետևանքով Լը Պորժ կոմունայում հայտնաբերվել է շուրջ 400 արկ և զինամթերք. գրում է BBC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Տեղի հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ հրդեհների ընթացքում տեղի ունեցած պայթյունները, որոնք սկզբում վերագրվում էին գազի բալոնների պայթելուն, հնարավոր է՝ եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած զինամթերքի պայթյուններ, որոնք առաջացել են շոգի ազդեցությամբ։
Համայնքապետ Մարտիալ Զանինետիի խոսքով՝ հրդեհի երկրորդ գիշերը լսվել է ավելի քան 100 պայթյուն։ Զանինետին պայթյունների ձայները համեմատել է «պատերազմի ձայների» հետ։
«Մեր համայնքի տարածքում հողի տակ թաքցված զինամթերքի պահեստներ կային, սակայն մենք դրա մասին չգիտեինք․ դրանք պայթեցին», – France Info-ին հայտնել է համայնքապետը։
Նրա խոսքով՝ արկերն «աջ ու ձախ էին թռչում», իսկ դրանցից մեկը նույնիսկ «անցել է տներից մեկի միջով»։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Եվրոպայում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Իրավիճակը հատկապես ծանր է Ֆրանսիայում և Իսպանիայում, որտեղ տարհանվել է ավելի քան 330․000 մարդ։

