Բաժիններ՝

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին, Լվովին, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերին․ 7 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ տուժել

Հուլիսի 30-ի լույս գիշերը ռուսական զորքերը հրթիռներով ու հարվածային անօդաչուներով զանգվածային գրոհ են ձեռնարկել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում իրականացված հրթիռակոծության հետևանքով կա 1 զոհ, ևս 2 մարդ վիրավորվել է, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՈւԱԻՊԾ)։ Սվյատոշինսկի շրջանում հրդեհվել է հինգհարկանի ոչ բնակելի շենք և ավտոտնակային կոոպերատիվ, իսկ Օբոլոնսկիում՝ շուկա։ Կիևի մարզում ավերվել է առանձնատուն, տուժել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Լվովում մի քանի պայթյուն է որոտացել. հրդեհվել են Պատոնի և Վիգովսկու փողոցներում գտնվող բազմահարկ բնակելի շենքերը։ Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի փոխանցմամբ՝ տուժել է 15 մարդ, որոնցից 14-ը հոսպիտալացվել են։ «Պատոնի փողոցի շենքի փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Փրկարարական գործողությունը շարունակվում է, բնակիչներն օգնում են փրկարարներին մաքրել փլատակները», — գրել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։

Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե ավանում իրականացված հրթիռակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել է երկու առանձնատուն, ևս հինգը՝ վնասվել։ Մի քանի հրդեհ է բռնկվել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ութը՝ տուժել։ Փլատակների տակ կարող է դեռ հինգ մարդ լինել, հայտնել են ՈւԱԻՊԾ-ից։ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը ճշտել է, որ ընդհատվել է Վորոնովների բազմազավակ ամբողջ ընտանիքի կյանքը։ Պոլտավայի մարզում ռուսական բանակն անօդաչուներով հարվածել է ձեռնարկություններից մեկի պահեստներին․ հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչը։ «Ցավոք, մեկ մարդ զոհվել է», — տելեգրամյան ալիքում գրել է նա։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել նաև «Նովայա պոչտայի» տերմինալը․ այստեղ տուժածներ չկան։

Նախորդ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվել է հերթական զանգվածային օդային հարվածին և կարող է այն հասցնել գիշերը։ Նրա խոսքով՝ առանցքային է, որ Կիևի գործընկերները հստակ ընկալեն կատարվածն ու գիտակցեն, որ ՀՕՊ հրթիռներով աջակցելու նրանց պատրաստակամությունից կամ հապաղումից ուղղակիորեն կախված է մարդկանց կյանքի պաշտպանությունը։ «Սա առաջին հերթին վերաբերում է Միացյալ Նահանգներին և այն գործընկերներին, որոնք ունեն Patriot համակարգերի հրթիռներ և կարող են դրանցով ամրապնդել մեր պաշտպանությունը։ Գործընկերներից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է անհրաժեշտ, և ճշգրիտ հասկանում է հապաղման հետևանքները», — ընդգծել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031