Գնաճը Հայաստանում կրկին ակտիվացել է. ինչո՞ւ են դատարկվում քաղաքացիների գրպանները
Նախորդ ամսվա թուլացումից հետո, գնաճը Հայաստանում կրկին ակտիվացվել է։ Երբ ապրիլի ակտիվացումից հետո, մայիսին գնաճի տեմպը դանդաղեց, տպավորություն առաջացավ, թե մտնում ենք գնաճի թուլացման շրջան, հատկապես որ, մի շարք գործոններ դրական էին դրա համար։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը կրկին գնաճի ակտիվացում է արձանագրել։ Հունիսին այն վերստին գերազանցեց 5 տոկոսը։
Վիճակագրական ծառայության դիտարկումներով, 12-ամսյա ժամանակահատվածի կտրվածքով, հունիսին Հայաստանում 5.1 տոկոս գնաճ է եղել։
Նախորդ ամսվա համեմատ, գնաճի բավական ակտիվ արագացում է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ մայիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 4.2 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով։ Հաջորդ իսկ ամսում գնաճի տեմպը 0.9 տոկոսային կետով կրկին ակտիվացավ։ Դրան էապես նպաստել է հատկապես մրգերի ու բանջարեղենի գնաճը։
Մրգերի գնաճը նախորդ տարվա հունիսի նկատմամբ հասնում է գրեթե 17 տոկոսի։
Բանջարեղենն էլ ավելի թանկ է եղել, քան նախորդ տարի։
Թվում է, թե ռուսական շուկայի սահմանափակումները չեն ազդել հայկական գյուղմթերքների արտահանման վրա, դրա համար էլ գներն այս տարի ավելի բարձր են։ Ամեն դեպքում այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել իշխանությունները։
«Որոշ դեպքերում նույնիսկ ասվում է, որ թանկ են և թանկացել են ծիրանը, կեռասը, լոլիկը, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, հիմա սա ի՞նչ է նշանակում, պարոն Պապոյան, և դիվերսիֆիկացիայի պրոցեսն ինչպե՞ս է գնում»,- կառավարության նիստերից մեկում՝ իրեն միամիտի տեղ դնելով, էկոնոմիկայի նախարարին հարցնում էր Նիկոլ Փաշինյանը։
Ուզում էր ասել, թե սահմանափակումները չեն ազդել արտահանումների վրա, դրա համար էլ ներքին շուկայում գները բարձր են։
Ներքին գները սովորաբար կապ ունեն արտահանման հետ, բայց սա այդ դեպքը չէ։ Ներքին շուկայում գներն այս տարի ավելի բարձր են ոչ թե այն պատճառով, որ արտաքին շուկաների սահմանափակումներից հետո արտահանումները չեն տուժել, այլ, որովհետև այս տարի բերքի ծավալներն են անհամեմատ ավելի քիչ։ Այդ է վկայում նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող անկումը։ Առանձին գյուղմթերքների արտադրության ծավալներն էապես ավելի պակաս են, օրինակ՝ նույն ծիրանը։ Դրա համար, չնայած այս տարի ծիրանի արտահանումն էապես կրճատվել է, այն ներքին շուկայում շարունակում է բավական թանկ լինել։ Այդպես է նաև մի շարք այլ գյուղմթերքների պարագայում։
Կա նաև հակառակը երևույթը. Որոշ գյուղմթերքներ, որոնց արտադրության ծավալներն ավելի շատ են, նույն արտահանման դժվարությունների հետևանքով այս տարի բավականաչափ էժան են։ Այդպիսի գյուղմթերքները, սակայն, շատ չեն, դրա համար էլ ներքին շուկայում այս տարի արձանագրվել է բանջարեղենի ու հատկապես մրգերի բարձր գնաճ։
Գնաճի ակտիվացումը, իհարկե, միայն մրգերի գնաճով չէ, որ պայմանավորվել է։
Բարձր է եղել ընդհանրապես սննդամթերքի գնաճը։ Չնայած այնպես չէ, որ հունիսին արձանագրված 5.1 տոկոսանոց միջին գնաճը կարելի է ցածր համարել։ Այն անհամեմատ ավելի բարձր է Կենտրոնական բանկի սահմանած թիրախից։
Հունիսին միջին գնաճը գտնվել է Կենտրոնական բանկի սահմանած թիրախի վերին մակարդակից 1.1 տոկոսային կետով ավելի բարձր դիրքում։ Բայց ինչպես տեսնում ենք, ԿԲ-ն դրանից այնքան էլ չի անհանգստանում, միջոցներ չի ձեռնարկում գնաճը մեղմելու ուղղությամբ, չի բարձրացնում հիմնական տոկոսադրույքը, որքան էլ գնաճի արագացումը դատարկում է քաղաքացիների գրպաններն ու ազդում է հատկապես այն քաղաքացիների վրա, որոնց եկամուտները ոչ միայն ցածր են, այլև դանդաղ են աճում, շատ հաճախ էլ ուղղակի չեն աճում։ Այս մարդկանց վրա գնաճը, առավել ևս՝ բարձր գնաճը, շատ ավելի ծանր ազդեցություն է թողնում։ Հատկապես, երբ գնաճի հիմնական մասը թելադրված է լայն սպառման ապրանքների ու սննդամթերքի շուկաներից։
Սննդամթերքը Հայաստանում գրեթե միշտ էլ ավելի արագացված տեմպերով է թանկացել։ Այս տարի էլ բացառություն չէ. Հունիսին, նախորդ տարվա համեմատ, սննդամթերքի գնաճը 8.6 տոկոսի է հասել։ Սա, ցանկացած պարագայում, բարձր գնաճ է, որն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն սոցիալապես անապահով հատվածի, այլև հասարակության բավական մեծ զանգվածների վրա։
Ընտրությունների նախօրյակին, երբ 10 հազար դրամով բարձրացրեցին թոշակները, ասում էին՝ թոշակառուն Հայաստանում այլևս սոված չի լինելու։ Հիմա հաշվեք, թե միայն սննդամթերքի 8.6 տոկոսանոց թանկացումից հետո ի՞նչ է մնացել բարձրացրած թոշակների տակ։
Նպաստներն էլ էին բարձրացրել, բայց ընտրություններից անմիջապես հետո այնպես արեցին, որ տասնյակ-հազարավոր նպաստառուներ զրկվեն նպաստից։ Ու այդ մարդիկ այսօր իրենց վրա կրում են բավական ակտիվ գնաճի ազդեցությունը։
Շարունակում է շատերի համար անհասանելի լինել մսամթերքը, որն այս տարի հասցրել է բավական ակտիվ թանկանալ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ հիմա մարդիկ ավելի շատ են միս սպառում, այլ այն պատճառով, որ կենդանիների գլխաքանակն է կրճատվել, մսի արտադրության ծավալներն են պակասել։ Դրա պատճառով էլ մսամթերքը 12.5 տոկոսով այս տարի ավելի թանկ է։ Բայց 12.5 տոկոսը միայն միջին գնաճն է. տավարի միսը հունիսին նախորդ տարվանից թանկ է եղել ավելի քան 23 տոկոսով։ Գառան միսը 1 տարում հասցրել է թանկանալ ևս 16.4 տոկոսով։
Համեմատաբար քիչ են թանկացել խոզի ու հավի մսերը, բայց էլի թանկացել են։
Խոզի մսի 8 տոկոսին մոտ գնաճ է գրանցվել։ Հավի միսն էլ թանկացել է 5.2 տոկոսով։
Նախորդ տարվա համեմատ շարունակում է ռեկորդային բարձր մնալ ձվի ինչպես գինը, այնպես էլ գնաճը։ Մեկ տարվա ընթացքում ձուն թանկացել է գրեթե 30 տոկոսով։
Բարձր է նաև կաթնամթերքի գնաճը՝ թթվասերը թանկ է 9.3 տոկոսով, կաթը՝ 8.3 տոկոսով, կաթնաշոռը՝ 7.4 տոկոսով, պանիրը՝ 7.2 տոկոսով։
Արևածաղկի բուսական յուղը վերջին 1 տարում թանկացել է ավելի քան 10 տոկոսով։ Ձավարեղենի գնաճը ևս բարձր է 10 տոկոսից։ Հնդկացորենը թանկացել է 9.2 տոկոսով։
Սրանք այն շատ քիչ ապրանքներն են, որոնց գներն այս տարի անհամեմատ ավելի բարձր են նախորդի նկատմամբ։ Անշուշտ, կան նաև ապրանքներ, որոնք էժանացել են, բայց դրանց ազդեցությունն այնպիսին չի եղել, որպեսզի սննդամթերքի շուկայում գնաճն ավելի մեղմ լիներ։ Ու այնպես է ստացվել, որ այս տարի սննդամթերքը Հայաստանում 8.6 տոկոսով ավելի թանկ է։
Նիկոլ Փաշինյանը, որը մինչև վարչապետի աթոռին նստելը մանրադիտակի տակ էր պահում երբեմն անգամ զրոյին մոտեցող գնաճը, հեգնում էր նախկիններին, թե միսը թանկացել է՝ խառը կանաչի կերեք, այսօր թքած ունի, որ այդ նույն մսի ու ոչ միայն մսի, նաև այլ ապրանքների գնաճը պատմական ռեկորդներ է գրանցում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

