Օլիմպիական հաղթանակներին առավել մոտ. «Յունիբանկը»՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

Էմոցիաներ ու հաղթանակներ՝ սպորտային այս կարևորագույն պահերը «Յունիբանկի» հետ կդառնան առավել մոտ. «Յունիբանկը» ստանձնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավորի դերը: Համագործակցության պայմանագիրը ստորագրեցին «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:

Մեսրոպ Հակոբյանը սպորտին ու կրթությանը մեծապես աջակցելու բանկի քաղաքականությունը համարում է նախևառաջ քաղաքացիական և սոցիալական պատասխանատվություն:

«Ըմբշամարտը Հայաստանում ամենասիրված ու հաջողակ մարզաձևերից է: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նվաճումները և ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, որոնք, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրպագուներին»,- նշեց «Յունիբանկի» վարչության նախագահը՝ շեշտելով, որ բանկն ամեն ինչ անելու է, որպեսզի մարզիկները չբախվեն որևէ ֆինանսական խնդրի և վստահ շարժվեն դեպի օլիմպիադա:

Ի դեպ, նա նաև հիշեցրեց՝ բանկն արդեն իսկ սպորտային աջակցության տարբեր ծրագրերի կողքին է կանգնած՝ հիմնվել է ֆուտզալի թիմը, աջակցում են ձյուդոյին, հրաձիգներին, վերջերս նաև՝ երիտասարդ փաուրլիֆթերներին:

Կարդացեք նաև

«Ծրագրերը բազմազան են, տարբեր ուղղություններով՝ ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանն ուղղված, որոնք թույլ են տալիս մեր մարզիկներին լավ պատրաստվել առաջնություններին՝ ցուցաբերել լավ արդյունքներ»,- հավելեց Մեսրոպ Հակոբյանը։

Unisport մարզական ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը ևս կարևորեց Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված այս ծրագրերը՝ դիտարկմամբ. «Սպորտը մշտապես ֆինանսներ է պահանջում»:

Ի դեպ, Unisport ակումբը հիմնադրվել է այս տարվա օգոստոսին և աջակցում է օլիմպիական ուղեգիր ձեռք բերած մարզիկներին, իսկ ակումբը հիմնադրելու մտահղացումը եղել է «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանինը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն իր շնորհակալության խոսքում վստահեցրեց՝ միասին երկար ճանապարհ են անցնելու:

««Յունիբանկը» սպորտին շատ մոտ է կանգնած, և դրա համար որոշում ենք կայացրել աշխատել հենց «Յունիբանկի» հետ,- նկատեց Ռոբերտ Խաչատրյանը, ապա պայմանագրով ստանձնած փոխադարձ պարտականություններին անդրադառնալով՝ ասաց,- Բանկը մեզանից ակնկալում է, որ մեր արդյունքները բարելավենք, իսկ մենք էլ ակնկալելու ենք, որ բանկը շարունակական ֆինանսավորում իրականացնի ու գնանք առաջ»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հույս հայտնեց, որ «Յունիբանկն» այս քայլով օրինակ կդառնա մյուս բանկերի համար՝ աջակցելու այլ սպորտաձևերի:

«Յունիբանկն» իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին և սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը: Բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվեց Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը:

Այս ակումբին միացել են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի՝ մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս