Բաժիններ՝

20-ամյա Գոռ Ներսիսյանը Եվրոպայից Հայաստան է բերել կարատեի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը

Հայաստանն արդեն ունի կարատեի Եվրոպայի առաջին չեմպիոնը. 20-ամյա Գոռ Ներսիսյանն օրերս  Թբիլիսիում կայացած Եվրոպայի U21 առաջնության ժամանակ  5 մենամարտ՝ 5 հաղթանակ արդյունքով գրավել է 1-ին տեղը:

168.am-ի հետ զրույցում չեմպիոնը պատմեց՝ 8 տարեկանից մարզվում է Երևանի մարտարվեստների ակումբում, որը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ է։

«Դեռ 2018 թվականին, երբ առաջին անգամ ընդգրկվել էի հավաքականի կազմում ու մասնակցում էի մրցաշարին, խոսում էի ավագ ընկերոջս հետ ու ասում՝ շատ եմ ուզում Հայաստանին առաջին ոսկե մեդալը ես բերեմ: Սակայն այդ մրցաշարը չստացվեց ինձ մոտ. 6 տարի անց ստացվեց՝ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ես ուզում էի, որ բոլորը լսեն Հայաստանի հիմնը, ու լսեցին,- նշեց Գոռ Ներսիսյանը, ապա նկարագրեց հաղթանակի տանող սպոտային ուղին,- Շաբաթվա մեջ պարապում եմ 6 օր, քանի որ աշխատասիրությունը սպորտում կարևոր է: Այն մարդկանց, որոնք նոր են սկսում իրենց սպորտային կարիերան, խորհուրդ կտամ հավատալ սեփական ուժերին, վստահել մարզչին, անել մաքսիմալը ու ձգտել ավելիին. սա է հաջողության բանաձևը»:

Կարդացեք նաև

Մարզիկը մեծ երախտագիտությամբ նշեց անձնական մարզիչ Սարգիս Հովսեփյանի, Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի, Կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի անունները:

«Սա նաև իրենց ու մեր ֆեդերացիայի մյուս մարզիկների հաղթանակն է, քանի որ բոլոր դժվարությունների միջով միասին ենք անցել»,- հավելեց նա:

Գոռը նաև սովորում է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի երրորդ կուրսում: Սպորտային կարիերան սկսել է հոր՝ Վարդան Ներսիսյանի խորհրդով, որը պրոֆեսիոնալ լողորդ է եղել, սակայն ավտովթարի պատճառով թողել է սպորտը:

Մինչև 2024թ. Եվրոպայի U21 առաջնությունը Հայաստանի WKF կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից ունեցել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ, սակայն Գոռ Ներսիսյանի շնորհիվ  ունեցավ ոսկե մեդալ Հայաստանի կարատեի պատմության մեջ։

Թբիլիսիում կայացած այս մրցաշարն ամենամեծն է եղել Եվրոպայի առաջնության պատմության մեջ՝ 49 երկրից 1160 մարզիկների մասնակցությամբ:

WKF-ն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված կարատեն ներկայացնող միակ կազմակերպությունն է։ Հայաստանում WKF-ի ներկայացուցիչը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան է:

Տեսանյութեր

Լրահոս