Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է. Gallup
Ռուսաստանի բնակիչների ավելի քան կեսը՝ 60%-ը, կարծում է, որ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական իրավիճակը վատթարանում է։ Այդ մասին են վկայում ամերիկյան Gallup հետազոտական ընկերության՝ 2026-ի մարտից մինչև մայիսն անցկացված հարցման արդյունքները։
Սա ամենաբարձր ցուցանիշն է նմանատիպ հետազոտությունների ողջ ընթացքում, որոնք Gallup-ը Ռուսաստանում անցկացնում է 2006-ից։
Նախորդ առավելագույն ցուցանիշները գրանցվել էին 2020-ին (45%) և 2021-ին (50%)՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56%-ը նշել է, որ իրենց կենսամակարդակը վատթարանում է։ Սա ևս վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։
Միաժամանակ հարցման մասնակիցների 29%-ը հայտնել է, որ իրենց կենսամակարդակը բարելավվել է։
Բացի այդ, Gallup-ը արձանագրել է ռուսաստանցիների վստահության զգալի անկում պետական ինստիտուտների նկատմամբ։
Զինված ուժերի նկատմամբ վստահությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 79%-ից մինչև 66%, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%, իսկ ընտրություններն ազատ և արդար համարողների թիվը կրճատվել է 56%-ից մինչև 40%։
ՌԴ-ում զանգվածային լրատվության միջոցների ազատության մակարդակը դրական է գնահատել հարցվածների 34%-ը՝ նախորդ տարվա 59%-ի համեմատ։
2026-ի գարնանից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում սկսել են արձանագրել նաև ռուսական պետական սոցիոլոգիական ծառայությունները՝ Հանրային կարծիքի հիմնադրամը և Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը։
Հունիսի վերջին Հանրային կարծիքի հիմնադրամը հայտնել էր, որ Պուտինի նկատմամբ վստահության մակարդակն իջել է մինչև 69%։ Սա Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ողջ ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

