#ՀՐԱՏԱՊ. Սիրիական ներխուժման վտանգը Լիբանան. Ջոլանիի զորքերի կուտակումները սահմանին

Սիրիայի անցումային կառավարության (STG) կողմից Լիբանանի հետ սահմանին ռազմական ներկայության աննախադեպ ակտիվացումը մեծացնում է Սիրիայի կողմից Լիբանան ներխուժելու վերաբերյալ շրջանառվող լուրերի հավանականությունը։

«ՓԱԿԱԳԻԾ»-ն առանձնացրել է սիրիական զորքերի տեղակայման 4 գլխավոր ուղղություններն ու դրանց ռազմավարական նշանակությունը.

1. Զորքերի կուտակման աշխարհագրությունը և ռազմական ուղղությունները.

Ապրիլից մեկնարկած և վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ինտենսիվացած զորաշարժերն ընթանում են 4 հիմնական գոտիներում.

  •  Տարտուսի հարավային հատված. Սահմանային գոտի «Ալ-Արիդա» անցակետից մինչև «Թալքալախ»։ Կենտրոնացման հիմնական վայրերն են՝ Ալ-Դակիկան, Թել Վաուան և Թալքալախը։ Սահմանի մյուս կողմում Լիբանանի զինված ուժերը հզորացրել են իրենց դիրքերը «Քոլեյաթ» օդանավակայանում, Հիսսայում և Քուբայաթում։ Սա ծայրահեղ զգայուն գոտի է լիբանանյան բանակի համար. մի կողմից՝ տեղի սուննի մեծամասնությունը կարող է համակրել սիրիական ուժերի մուտքին, մյուս կողմից՝ լեռներում գտնվող ալավի ապստամբների զգալի ներկայությունը կարող է աջակցել լիբանանցի զինվորներին, ինչը սակայն ներքին բախումների մեծ ռիսկ է պարունակում տեղի բնակչության շրջանում։
  • Ալ-Քուսեյրի շրջան. Սահմանային գոտի «Ալ-Նիզարիա»-ից մինչև «Ալ-Հավի»։ Այս տարածքը շարունակում է մնալ Կապտագոնի մաքսանենգության գլխավոր հանգույցը, որտեղ 2025 թվականից հին մաքսանենգներին փոխարինել են Սիրիայի անցումային կառավարության կողմից աջակցվող նոր խմբավորումները։
  •  Ղալամուն. Երկար սահմանագիծ Կարահից մինչև Յաբրուդ, որը գտնվում է ուղիղ Լիբանանի Բաալբեկ շրջանի դիմաց։
  •  Արևմտյան Դամասկոս. Գոտի «Ջադիդա», «Յաբուս» և «Սերղայա» սահմանային անցակետերի միջև՝ Լիբանանի Բեկաա նահանգի դիմաց։

 2. Թիրախում «Հեզբոլլահն» է և ԱՄՆ-Իրան հուշագիրը.

  • Իսրայելին աջակցելու նպատակ. Վերջին երեք ուղղությունները (Բ, Գ, Դ) գտնվում են ուղիղ «Հեզբոլլահի» ուժեղ ազդեցության և ներկայության տակ գտնվող տարածքների դիմաց։ Սա փաստում է, որ սիրիական հնարավոր օպերացիայի նպատակը Իսրայելին աջակցելն է՝ լիբանանյան դիմադրությունը ճնշելու և վերացնելու համար։
  • Ջոլանիի երկընտրանքը. Չնայած 4 օր առաջ տված հարցազրույցում Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին հայտարարել էր, թե հարևան երկիր ներխուժելու մտադրություն չունի, արտաքին հովանավորների (գլխավոր հովանավորների) ճնշումները նրան ստիպում են առաջիկա օրերին կայացնել կրիտիկական որոշում միջազգային աջակցության վերաբերյալ։
  • Հուշագրի խախտում. Հունիսի 14-ին Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Ջոլանիին Սպիտակ տուն հրավիրելու մտադրության մասին, վկայում է Վաշինգտոնի ուղիղ ներգրավվածության մասին: Սակայն Սիրիայի կողմից Լիբանան ներխուժումը կնշանակի ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի (MoU) առաջին իսկ կետի կոպտագույն խախտում։

Սիրիական գործոնը որպես Իսրայելի երկրորդ ճակատ և հուշագրի ականապատումը.
Սիրիայի անցումային կառավարության և Ջոլանիի ուժերի կուտակումները Լիբանանի սահմանին բացահայտում են Մերձավոր Արևելքում ընթացող մեծ խաղի հաջորդ աստիճանը։ Թեև Իսրայելի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք «վաղ թե ուշ» պատերազմ կսկսեն Սիրիայի դեմ (վախենալով Սիրիա-Թուրքիա դաշինքից), իրականում Վաշինգտոնն ու Թել Ավիվը փորձում են սիրիական նոր իշխանություններին օգտագործել «Հեզբոլլահի» դեմ երկրորդ ճակատ բացելու համար՝ հարվածելով թիկունքից։

Տարտուսի հարավում սուննի բնակչության հնարավոր համակրանքը Ջոլանիի ուժերին և ալավիների հավատարմությունը լիբանանյան բանակին կարող են Լիբանանի հյուսիսը վերածել նոր ներքին քաղաքացիական պատերազմի օջախի։ Ջոլանիի համար սա էկզիստենցիալ պահ է. Թրամփի կողմից Սպիտակ տուն հրավիրվելու և միջազգային լեգիտիմություն ստանալու գինը հենց «Հեզբոլլահի» չեզոքացման գործում Արևմուտքին ու Իսրայելին աջակցելն է։ Եթե սիրիական ուժերը գնան այս քայլին, ապա ԱՄՆ-Իրան 14-կետանոց հուշագիրը (MoU), որի շուրջ Ջեյ Դի Վենսն ու իրանական կողմը հենց նոր տեխնիկական հիմքեր էին ստեղծել Շվեյցարիայում, վերջնականապես կտապալվի՝ տարածաշրջանը նորից տանելով դեպի լայնամասշտաբ մեծ պատերազմ:

Գրում է  ՓԱԿԱԳԻԾ / PAKAGITS տելեգրամյան ալիքը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930