Ալիևը կվտանգի՞ սեփական իշխանությունը՝ հանուն Փաշինյանի իշխանության պահպանման, և կընդունի՞ վերաակտիվացված ռազմավարական գործարքի առաջարկը

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանից ասում են՝ խաղաղության օրակարգում պետք է ներառվի կամ օրակարգային հարց պիտի լինի նաև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, արդյո՞ք սա չի նշանակում, որ խաղաղության գործընթացը վտանգի տակ է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը դարձյալ Բաքվի այս գործողությունները դիտարկել է հայելային տրամաբանության մեջ:

«Հիմա, օրինակ, քննարկվում է, որ ԱՄՆ Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց լռության է մատնվում, որ 10 օր կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպություններն օրակարգ են մտցրել հարց, որը վերաբերում է ղարաբաղյան շարժման շարունակությանը: Քանի ԱԺ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի էդ խոսույթը ՀՀ-ում շարունակվում է, էդ հայելային ձևով շարունակվելու է: Այսինքն, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է: Ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն և չի ունենալու, քանի դեռ մենք իշխանություն ենք, և էդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում:

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29.743 քկմ-ով, բա ի՞նչ պետք է անի, բոլորը լսում են, չէ՞, թե Հայաստանում ինչ են խոսում, ինչ է կատարվում: Ես շատ ուղիղ ասում եմ՝ ԱՄՆ դաշնակցական լոբբինգն ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են…, այսինքն, ցանկացած քայլ, որը հակասում է ՀՀ ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդն ասել է՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու:

Հիմա ցանկացած փորձ՝ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու, բերելու է հայելային արձագանքների: Եվ էդ պրոցեսը, այո, կարող է խնդիրներ առաջացնել: Խոսվում է, որ Նախիջևանում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում, թե Հայաստանում դրան նախորդած շրջանում ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, ինչ շեշտադրումներ են արվել, և այլն: Ես ուզում եմ, որ մենք խնդրի կոնտեքստը հասկանանք, պատճառահետևանքային կապերը, ընդ որում, անիմաստ բան է՝ ով է առաջինը սկսեց, ով՝ երկրորդը: Էդ նույնն է, որ գնանք և փորձենք հասկանալ, թե Ղարաբաղի շարժումը ո՞նց սկսեց, ո՞վ էր ճիշտ, ո՞վ՝ սխալ»,- մանրամասնել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկել՝ իրար պիտի հանգիստ թողնել:

Կարդացեք նաև

«Եվ հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելն է Հայաստանում, և Ադրբեջանում էլ էս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը»,- շեշտել է Փաշինյանը:

Սկսենք վերջին ձևակերպումներից:

2024 թվականի նոյեմբերի 13-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և Ալիևի հետ զրույցին՝ մանրամասնել էր.

«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»:

Կարճ ժամանակ անց՝ 2024 թվականի դեկտեմբերին, Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել էր այլ փոխշահավետ գործարքով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Դրանից առաջ նույն տարվա հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին», այն համարելով երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը: Այսինքն, Ալիևը Փաշինյանի գործարքի առաջարկին պատասխանել էր գործարքով, որը գուցե փոխշահավետ է երկուստեք: Բայց, մյուս կողմից, պետք է ընդունել, որ, ըստ էության, իրար հանգիստ թողնելու Փաշինյանի առաջարկն Ալիևն «օդում» էր թողել:

Բացի այս, 2024 թվականի դեկտեմբերին Ալիևը Փաշինյանին մեկ այլ «գործարքի» առաջարկ  էր արել, որով ևս մերժել էր նրա ռազմավարական գործարք կնքելու առաջարկը: Ադրբեջանի նախագահն առաջարկել էր Փաշինյանին բանակցություններ սկսել «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ, և գործնական քայլեր ձեռնարկել «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Այսինքն, այն, որ «արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարում է, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը», սա հիշեցում է Ալիևի ավելի վաղ ներկայացված պահանջների կամ հիմնված է դրանց վրա:

Իսկ Նիկոլ Փաշինյանին չի կաշկանդել 2024 թվականին իր մեկնած ձեռքն «օդում թողնելու»՝ Ալիևի պատասխան «ռազմավարական վարքագիծը», և 2025 թվականի դեկտեմբերին հերթական ռազմավարական գործարքն է Փաշինյանն առաջարկում Բաքվի բռնապետին:

«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։

Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձն իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերն օգտակար չեն: Բայց մյուս կողմից՝ Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»:

Եվ սրան էլ ի պատասխան՝ արդեն այս տարվա փետրվարին այս հարցի հետ կապված, ինչպես հայտնել ենք, Ալիևն այլ վտանգավոր և խորամանկ առաջարկ է արել Փաշինյանին:

Եվ հիմա ինչո՞ւ է Փաշինյանին թվում, որ այս անգամ վերաակտիվացված ռազմավարական գործարքի առաջարկն Ալիևն ընդունելու է: Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին խաղաղության օրակարգն է «վաճառում», որ պահի սեփական իշխանությունը, Ալիևը դրանից բացի՝ սեփական ժողովրդին վաղուց տված խոստումներ ունի, որոնց կատարմամբ է պահում իր իսկ իշխանությունը, պարզապես սպասում է հարմար պահի: Եվ այդ հարմար պահը կարող է այնպես ընտրվել, որ Փաշինյանը երկրի ներսում մանևրելու տեղ ունենա լավագույն դեպքում:

Եվ այն, որ Փաշինյանը վախեր ունի, այսպես ասած, հաստատված խաղաղության ջախջախման և խնդիրներ բերող պրոցեսների առաջ գալու հետ կապված, միանգամայն արդարացված է, և ոչ թե այն հիմնավորմամբ, ինչ ինքն է ասում, այլ, որովհետև Բաքվում այն կարծիքին են, որ առանց «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի չի կարող տարածաշրջանում լինել կայուն և ամուր խաղաղություն, կամ դժվար թե լինի:

Այսինքն, Բաքուն այս հարցը չի կապում ղարաբաղյան շարժման հետ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, և ոչ էլ հայելային գործընթաց է դիտարկվում: Դա չի կարող, ըստ էության, համարվել հայելային, եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները չունեն Բաքվից և Արցախից փախստականների վերադարձի որևէ պետական ծրագիր, իսկ Բաքուն ունի, Ալիևն ունի:

Ուստի Ալիևի պահանջները որպես հասարակական կամ քաղաքական մակարդակում ինչ-որ «սիմվոլիկ» միջոցառումների անցկացումը չի կարող համարժեք գործողություն դիտվել, և վստահ ենք՝ Ալիևն էլ դրանց այնքան մեծ տեղ չի տալիս, որքան Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ որոշակի վախեր ունի «ռևանշիստական ուժերի» հաշվով: Բայցև հստակ է՝ Արցախի դրոշը ՀՀ խորհրդարանում դնելով, այսօր Հայաստանը չի կարող հետ բերել Արցախը, իսկ Ադրբեջանը խորամանկ առաջարկներով կարող է հասնել «արևմտյան Ադրբեջանի» քաղաքական ծրագրի իրականացմանը՝ փուլային տարբերակով, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը դրա կանխման բանալին միայն ՀՀ ներսում է տեսնում, այսինքն, ներքին խնդիրների մակարդակում: Կամ՝ ալիևյան քարոզչամեքենային հատուկ լեզվով ասի՝ ԱՄՆ Կոնգրեսում «արևմտյան Ադրբեջանին» նվիրված միջոցառում է կազմակերպվում, որովհետև, օրինակ, ՀՀ-ում կամ Ֆրանսիայում Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված են ինչ-որ դրվագներ լինում:

Մենք միայն ուրախ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվի փակ պահել «արևմտյան ադրբեջանցիների» դեմ Հայաստանի Հանրապետության «դուռը»: Նիկոլ Փաշինյանին, ով 44-օրյա պատերազմից առաջ ԱԽ նիստում հայտարարում էր. 

«Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետություն: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան Ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու, այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում»:

Հ.Գ. Մոտ 2 տարի առաջ մի խումբ օտարերկրյա դիվանագետների հանձնվել են  «արևմտյան Ադրբեջան» համայնքի պատվավոր անդամության վկայականներ։ Այդ անձանց ցանկում է նաև Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930