ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը և վերջերս ստորագրված փաստաթղթերով բացվող նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, խաղաղության գործընթացը և ամերիկյան դերակատարությունը, ինչպես նաև CSIS-ի և հայկական վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հեռանկարները։
«Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի այլ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծում են համագործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։
Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարումն ու ներդրումը։ Դիտարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները»,- ասված է ԱՄՆ-ոում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

