Հայաստանը գրեթե 3.8 մլրդ դոլարի արտահանում է կորցրել

Երկրորդ տարին անընդմեջ արտահանումը Հայաստանից նվազում է։ Անցած տարվա առաջին 4 ամիսներին նվազել էր ավելի քան 60 տոկոսով, այս տարի, նման կտրուկ նվազումից հետո, ևս 3.3 տոկոսով։ Անցած տարվա նվազումը կազմել էր 3.7 միլիարդ, այս տարվանը՝ 79 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ 2 տարում Հայաստանը շուրջ 3.8 մլրդ դոլարի արտահանում է կորցրել։

Արտահանման ծավալների այս կտրուկ անկումը իշխանություններն արդարացնում են վերաարտահանումների կրճատմամբ։ Նախկինում, երբ վերաարտահանումների արդյունքում արտահանումը նույնքան կտրուկ ավելանում էր, չէին ասում, որ դա պայմանավորված է այլ երկրներից ապրանքներ բերելով ու այլ երկրներ արտահանելով։ Դա վերագրում էին Հայաստանին։ Հպարտությամբ էին խոսում արտահանման ծավալների կտրուկ աճերի մասին՝ խուսափելով ասել, որ այն ոչ մի կապ չունի Հայաստանի տնտեսության ու հայկական ապրանքների արտահանումների հետ։

Հիմա, երբ արտահանումը մեծ տեմպերով նվազում է՝ հիշել են վերաարտահանումների մասին։ Նվազման ամբողջ «պատասխանատվությունը» դրել են վերաարտահանումների վրա։ Այնքան են խորացել իրենց երևակայությունների մեջ, որ վերաարտահանումների կրճատումը նույնիսկ դրական են համարում՝ կարծես դրանից Հայաաստանը կամ հայաստանյան բիզնեսը, առավել ևս՝ օլիգարխիկ բիզնեսը, ոչ մի օգուտ չի ստացել։

Կարդացեք նաև

Եթե վերաարտահանումներից օգուտներ չկային, ինչպե՞ս է Հայաստանի թիվ մեկ հարկատու դարձել մի ընկերություն, որը նստած էր, այսօր էլ դեռ նստած է վերաարտահանումների վրա։

Երբ միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի էր պտտվում Հայաստանով ու գնում այլ երկրներ, որոշ մարդիկ մեծ գումարներ էին աշխատում։ Դրանից նաև հարկեր էին գանձվում։ Ու որքան էլ համարենք, որ վերաարտահանումների ֆիսկալ էֆեկտը շատ մեծ չէր, դրանից օգուտներ էր ստանում՝ ինչպես բիզնեսը, այնպես էլ՝ պետությունը։

Արտահանման նվազումն արդարացնելու համար ասել, թե վերաարտահանումների կրճատումը դրական երևույթ է ու դա գրեթե ոչինչ չի տվել Հայաստանին, երեսպաշտություն է։ Այլ բան, որ այդ առավելությունն այդպես էլ չկարողացան օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացումների համար։

Հիմա էլ ասում են՝ իբր արտահանումները նվազել են, բայց արտաքին շուկաներում հայկական ապրանքների մատակարարումներն ավելացել են։ Ինչի՞ հաշվին են ավելացել, դա էլ դեռ հարց է։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար ընդամենը պետք է բացել Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկը ու տեսնել, թե ինչ է կատարվել։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից 2 մլրդ 327 մլն դոլարի ապրանք է արտահանվել։ Նախորդ տարի արտահանվել էր 2 մլրդ 406 միլիոնի ապրանք։ Արտահանումն այս տարի 79 մլն դոլարով նվազել է։

Այդ կրճատման ֆոնին կտրուկ աճել է հումքային ապրանքների արտահանումը, ինչի արդյունքում էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե հայկական ապրանքների արտահանումն, ի տարբերություն ընդհանուր արտահանման, աճել է։ Աճել է, բայց զուտ նրա հաշվին, որ հումքային ապրանքների արտահանումն է մեծապես ավելացել։ Եթե անցած տարվա առաջին 4 ամսում Հայաստանից 307 մլն դոլարի հանքահումքային արտադրանք էր դուրս եկել, այս տարի նույն ապրանքների մատակարարումները հասել են 585 մլն դոլարի։ Աճը կազմել է ավելի քան 190 տոկոս։

Այս տարի Հայաստանից 278 մլն դոլարով ավելի հումքային ապրանք է մատակարարվել այլ երկրներ։

Խոսքը մետաղների մասին է, որոնց իրացումը դրսի շուկաներում երբևէ որևէ խնդիր չի ունեցել։ Այդ ապրանքները միշտ էլ բարձր պահանջարկ ու գնորդ ունեցել են՝ ինչպես եվրոպական, այնպես էլ՝ ցանկացած այլ շուկայում։ Հիմնականում հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման հաշվին էլ տեղի է ունեցել հայկական ապրանքների արտահանման աճը։

Փոխարենը՝ նվազել է հայկական ծագման բազմաթիվ ապրանքների արտահանումը, որոնց մասին իշխանությունները գերադասում են չխոսել։

Նվազել է բուսական արտադրանքի արտահանումը։ Այս տարվա առաջին 4 ամիսներին 5 միլիոն դոլարով պակաս այդպիսի ապրանքներ են դուրս եկել Հայաստանից։ Այդ ապրանքների արտահանումը նվազել է գրեթե 7 տոկոսով ու դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գյուղմթերքների նկատմամբ ռուսական շուկայում դեռևս սահմանափակումներ չէին կիրառվել Դրանք սկսեցին կիրառվել հիմնականում մայիսի վերջից։ Իսկ բուսական ծագման հայկական ապրանքների արտահանումը սկսել էր նվազել դրանից  առնվազն 1 ամիս առաջ։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել բուսական ծագման մթերքների արտահանման առումով, ռուսական շուկայում ներմուծման սահմանափակումներ կիրառելուց հետո։ Հայտնի է, որ այդ ապրանքներն ընդհուպ 90 տոկոսով գնում էին Ռուսաստան։ Հիմա այլևս չեն գնում։ Այլ տեղեր էլ քիչ-միչ են գնում, ինչքան էլ տպավորություն են ուզում ստեղծել, թե այլ շուկաներում արտահանման խնդիրներ չկան, գյուղմթերքի արտահանման հարցերը լուծել են։

Տարեսկզբին նվազել է նաև կաշվի հումքի և դրանցից պատրաստված իրերի, փայտի և փայտյա իրերի, թղթե, պլաստմասսե իրերի, կոշկեղենի արտահանումը։ Սրանք բոլորն էլ հայկական արտադրության ապրանքներ են, որոնց արտահանումները կրճատվել են, երբեմն՝ շատ կտրուկ։ Օրինակ՝ կոշկեղենի արտահանումը կրճատվել է ավելի քան 36 տոկոսով, կաշվե իրերինը՝ 30 տոկոսով, փայտե, ինչպես նաև պլաստմասսե իրերինը՝ 14-ական տոկոսով։

Ընդամենը 26 մլն դոլարով ավելացել է՝ պատրաստի սննդի արտադրանքի, 10 մլն դոլարով՝ քիմիական, 7-ական մլն դոլարով էլ՝ մանածագործական և քարից, գիպսից ու գաջից պատրաստված իրերի արտահանումը։ Սրանք այն հայկական ապրանքներն են, որոնց արտահանումն ավելացել է, բայց ավելացումը հազիվ 50 մլն դոլարի է հասնում։

Հայկական ծագման ապրանքների արտահանման հիմնական աճը պղնձի ու մոլիբդենի հաշվին է։ Եթե այդ աճը չլիներ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ արտահանման ընդհանուր պատկերը։ Այդ աճը, որքան էլ կապված է մեր տնտեսության հետ, այնուհանդերձ շատ քիչ կապ ունի հայկական ապրանքների արտահանման պոտենցիալի ավելացման հետ։

Մեր տնտեսությանն արտահանման իրական դիվերսիֆիկացիա է պետք և ոչ թե՝ ձևական աճեր, որոնցով փորձում են տպավորություն ստեղծել, թե հայկական ապրանքները ռուսական շուկայի փակումից հետո սկսել են ողողել դրսի շուկաներն ու, եթե անգամ Ռուսաստանը չբացի իր շուկան, դրանից մեր տնտեսությունը մեծ վնասներ չի կրի։ Սա խաբկանք է, որով մոլորեցնում են Հայաստանի քաղաքացիներին։ Հայկական ապրանքներին այլ շուկաներում գրկաբաց չեն սպասում։ Եթե անգամ հաջողվի նոր շուկաներ մտնել, տարիներ է պետք դրանցում հաստատվելու համար։ Իսկ տնտեսությունը չի կարող այդքան սպասել։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930