Շնորհավորանքի փոխարեն՝ բողոքի նոտա Ռուսաստանից. ի՞նչ է ազդարարում Մոսկվայի «ընտրական լռությունը»
Թեև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հունիսի 7-ի ընտրություններից անցել է արդեն 12 օր, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն իշխանությունները չեն շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Այս երկարաձգվող լռությունը հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ ազդակ է, որը վկայում է այն մասին, որ երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամում կայունացման միտումներ չեն նկատվում:
Ավելին՝ շնորհավորանքի փոխարեն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի իշխանություններին՝ Գյումրիում Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի առնչությամբ։ Այս մասին նախօրեին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հունիսի 10-ին անհայտ անձինք հուշարձանից պոկել էին հերոս-քաղաքների անվանումներով ոսկեզօծ տառերը։
Ռուսական կողմը տեղի ունեցածը որակել էր՝ որպես «կանխամտածված հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա», և հայկական իշխանություններից պահանջել հստակ գնահատական տալ միջադեպին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահներն օրերս ձերբակալել են կասկածյալին։
Վերադառնալով ընտրությունների թեմային՝ նշենք, որ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը, որպես կանոն, առաջնորդվում է հստակ մշակված ավանդույթներով, որոնք անմիջականորեն արտահայտում են տվյալ երկրի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակն ու ջերմությունը: Մոսկվայի համար դաշնակցային կամ ռազմավարական բարձր կարգավիճակ ունեցող պետությունների դեպքում շնորհավորանքները սովորաբար հնչում են անմիջապես՝ ընտրությունների հաջորդ իսկ օրը, երբ հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախնական պաշտոնական տվյալները:
Սակայն այն դեպքերում, երբ երկկողմ հարաբերություններում առկա է լարվածություն, շնորհավորանքի գործընթացը հետաձգվում է: Նման իրավիճակներում Կրեմլը հաճախ որդեգրում է «սպասողական դիրքորոշում»՝ պաշտոնական հայտարարությունը հետաձգելով մինչև ընտրությունների վերջնական, իրավական արդյունքների ամփոփումը, բողոքարկման փուլերի ավարտը կամ նույնիսկ նորընտիր իշխանության պաշտոնամուտի արարողությունը, ինչն ընկալվում է՝ որպես հարաբերությունների սառեցման կամ վերանայման հստակ դիվանագիտական ժեստ: Հունիսի 12-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ խորհրդակցությունների նպատակով Ռուսաստան վերջերս մեկնած ու արդեն վերադարձած ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին էր անդրադարձել։ Իր ելույթում դեսպանը նշել էր՝ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել էր դեսպանը։
Զուգահեռաբար՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ-ի առջև ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցը սուր են դնում:
Վերաիմաստավորում ասելով՝ դեսպան Կոպիրկինը, թերևս, այս հարցը նկատի ունի: Այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները դեռևս նման ընտրության թեման ժամանակավրեպ են համարում, ավելին, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում զբաղվել ԵԱՏՄ խնդիրներով։
«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա նախօրեին ՝ խոսելով կառույցում ՀՀ-ի հետ կապված առկա լարվածությանը: Ի դեպ, ՀՀ կառավարության նիստին էլ նա նշել է, որ անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է: Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողով) առաջիկա նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 6-7-ը, Ղրղըզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում։ Այսինքն՝ թե ապրանքների սահմանափակումների, թե քաղաքական հարցերն իշխանությունները հակված են կարգավորել ռուսական կողմի հետ:
Ակնհայտորեն Մոսկվան գիտակցված կերպով պահպանում է քաղաքական դադար՝ փորձելով տնտեսական սահմանափակումների հետ մեկտեղ՝ շնորհավորանքի ուշացմամբ ևս ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ:
Այս ֆոնին գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ՔՊ-ին ուղղված ռուսական շնորհավորանքի բացակայությունը: Ռուսական կողմն ամենայն հավանականությամբ սպասում է ընտրություններին առնչվող բոլոր իրավական գործընթացների ավարտին, այդ թվում՝ ՍԴ-ում, որից հետո գուցե լինի շնորհավորանք, որը, սակայն, կարող է ևս մի քանի շաբաթ պահանջել: Քիչ հավանական է, որ Մոսկվայից որևէ փուլում չհնչի շնորհավորանք, սակայն ռուսական կողմը դա կանի այն փուլում, որպեսզի հնարավորինս սուր քաղաքական դիրքորոշում ցույց տա: Այս ֆոնին մեկ այլ ուշագրավ հարցն էլ այն է, թե ինչ ճակատագիր է ունենալու Փաշինյան-Պուտին հետընտրական հանդիպումը, որի նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում: Սակայն ռուսական հրավերը, շնորհավորանքի հետ մեկտեղ՝ այդպես էլ չի ստացվում:
Միևնույն ժամանակ, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, շահագրգռված չէ հայ-ռուսական հարաբերությունների խիստ սրմամբ։ Դրա մասին է վկայում դեսպան Կոպիրկինի հայտարարությունը։ Այդ պատճառով ներկայիս լռությունը կարելի է գնահատել ոչ թե՝ որպես հարաբերությունների խզման նախերգանք, այլ՝ որպես քաղաքական ճնշման և ազդակների փոխանցման գործիք, որի միջոցով Կրեմլը փորձում է հստակեցնել Երևանի հետագա աշխարհաքաղաքական մտադրությունները։ Մոտակա շաբաթները, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված հանդիպումները, թերևս, որոշիչ նշանակություն կունենան հայ-ռուսական հարաբերությունների ապագա ճարտարապետության համար:

