Իրանի դեմ պատերազմը վերածվում է մաշող պատերազմի. Որտե՞ղ կանգ կառնեն կողմերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։
«Շատ շուտով դուրս կգանք»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «գուցե երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։
Հարցին՝ արդյոք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելը նախապայմա՞ն է ավարտելու այն, ինչ ԱՄՆ-ը անվանել է «Էպիկական ցասում» գործողություն, Թրամփը պատասխանել է՝ ոչ:
«Իրանը պարտավոր չէ գործարք կնքել, ոչ»,- ասել է Թրամփը։
«Ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ»։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էլ հայտարարել է, թե առաջիկա օրերն Իրանի համար որոշիչ են լինելու:
«ԱՄՆ-ը կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ»,- ասել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը՝ պնդելով, որ «խելամիտ լինելու դեպքում Իրանը կգնա համաձայնության կնքման»։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ իր երկիրն «անհրաժեշտ կամք» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտելու համար՝ կախված պայմաններից։
«Մենք անհրաժեշտ կամք ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե կարևոր պայմանները՝ հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովվեն»,- ասել է Փեզեշքիանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Եվ չնայած Վաշինգտոնը հայտարարում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ամերիկա-իսրայելական ուժերը շարունակել են հարվածներն «Իրանի խորքում գտնվող ստորգետնյա ռազմական թիրախներին»։ Իսրայելը պնդել է, որ հարձակվել է քիմիական զենքի արտադրության մեջ ներգրավված գործարանի վրա։ Իրանը պնդում է, որ այն դեղորայք էր արտադրում։ Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 10 բուժաշխատող է սպանվել:
Իրանն իր հերթին՝ հարվածել է Իսրայելին, 25-ից ավելի վիրավոր կա: Նաև շարունակել են հարվածները Պարսից ծոցի երկրներին: Կատարի ափերին մոտ լցանավ է խոցվել, տուժածներ չկան: Քուվեյթը հայտարարել է, որ իրանական հարձակման հետևանքով «մեծ հրդեհ» է առաջացել իր օդանավակայանի վառելիքի պահեստում: Իրանի աջակցությունը վայելող հութիները, որոնք վերջին օրերին են ակտիվացել, հայտարարել են, որ հրթիռներով հարվածել են Իսրայելի հարավին և խոստացել հետագայում ավելի սաստկացնել հարվածները:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը հայտարարեց, որ չնայած Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար ստեղծված բարդ իրավիճակին, ամեն դեպքում ԱՄՆ-ը փորձում է իր նախապայմանները պարտադրել Իրանին:

Ըստ նրա, շրջանառության մեջ հայտնված առաջարկներն Իրանին, որոնք ամերիկյան կողմը համարում է հիմք բանակցությունների համար, իրականում կապ չունեն բանակցության, հավասարակշռված լուծման հետ, քանի որ դրանք ենթադրում են պարզապես միակողմանի զիջումներ, ներկայացված պայմանների ընդունում:
«Իրանն ակնհայտորեն չի ցանկանում դրանք ընդունել, պատերազմը երկարաձգվում է, և ԱՄՆ-ի բոլոր հաշվարկները խառնվում են: Դրանով պայմանավորված՝ ավելի հակասական են դառնում ԱՄՆ նախագահի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարությունները: Մեկ նրանք խոսում են կառուցողական բանակցությունների մասին այն ժամանակ, երբ դրանք չկան, մեկ ներկայացնում են վերջնագրեր, ապա խոսում ցամաքային օպերացիա իրականացնելու, կղզիներ գրավելու, նեղուցը բացելու մասին: Իսկ իրականում, ակնհայտորեն Թրամփի վարչակազմը ցանկանում է ավարտել այս պատերազմը, քանի որ այն արդեն բավականին մեծ վնասներ է պատճառել, սակայն հենց այնպես դադարեցնել պատերազմը չի հաջողվում: Ուստի, կարծում եմ, դեռ դիտարկվում են մի քանի սցենարներ, որոնցից ոչ մեկը, ես կարծում եմ, որ ակնկալված արդյունքը չեն տալու»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի համար բացասական մեկ այլ զարգացում է այն, որ ԱՄՆ-ը չի ստանում իր արևմտյան դաշնակիցների, գործընկերների աջակցությունն այս պատերազմում:
«Սա է պատճառը, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը սկսեցին բողոքի նոր ալիք ՆԱՏՕ-ի հասցեին, նշելով, թե ԱՄՆ-ը դիտարկում է ելքը ՆԱՏՕ-ից: Իրականում սա հայտարարություն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գործընկերներին, որոնք Թրամփի ակնկալած աջակցությունը չցուցաբերեցին ԱՄՆ-ին: Ավելին, եղան երկրներ, որոնք քննադատեցին որոշ երևույթներ ու դրվագներ, Եվրոպայում դժգոհ էին, որ այս պատերազմը սկսելը չէր քննարկվել ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ, այն դեպքում, երբ հետևանքներն այդ պատերազմի կրում են նաև նրանք: Ուստի ստեղծված է բարդ իրավիճակ, չի ուրվագծվում ոչ պատերազմի ելքը, ոչ հաղթանակի ռազմավարությունը, ոչ էլ դրանից դուրս գալու ռազմավարությունը, վերածելով իրավիճակը մարող պատերազմի: Դեռ հնարավոր չէ ասել, թե որտեղ կանգ կառնեն կողմերը»,- ասաց Եվսեևը:
Նա համարում է, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, այն ունի հարակից տարածաշրջաններ ընդլայնվելու ռիսկ: Ըստ Եվսեևի, կան երկրներ, որոնք դրանում հետաքրքրված են:
«Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է թիրախավորել ամերիկյան բազաները Պարսից ծոցի երկրներում, ակնհայտորեն ցանկանալով պահպանել իր լավ հարաբերությունները հարավկովկասյան երկրների հետ, թեև այստեղ Իրանի համար ամեն բան չէ, որ հարթ է, քանի որ ԱՄՆ-ը սերտ համագործակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, իսկ Իսրայելն ունի գործընկերային քաղաքական ու ռազմական հարաբերություններ Ադրբեջանի հետ: Այստեղ Իրանը ռիսկերը կառավարելու համար բազմաթիվ հայտարարություններ է արել, կարծում եմ՝ կա նաև համապատասխան քաղաքական աշխատանք, շփումներ, որպեսզի իրավիճակը չդառնա անվերահսկելի»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը:



