Փաշինյանը՝ Քրեական օրենսգրքի պահանջների և 18-20 տարեկաններին դատելու բարոյական իրավունքի արանքում. ո՞րն է պատասխանատվության ենթարկելու և ենթարկվելու սահմանը
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ 18-ամյա երկվորյակ եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Մասնավորապես, Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը):
Հոդվածը գրելու պահին հայտնի էր արդեն, որ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Իսկ մյուս եղբորը՝ Դավիթ Մինասյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Թե Ծաղկազարդին նվիրված պատարագի կեսից թիկնապահներով եկեղեցի մտած Նիկոլ Փաշինյանը քաղաքական ի՞նչ գործունեություն պիտի իրականացներ եկեղեցում, թողնենք մասնագետներին, փոխարենը՝ փորձենք հասկանալ՝ ինչով կարող է պայմանավորված լինել երիտասարդների՝ 18-19 տարեկանների նկատմամբ այս «վրեժխնդրությունը», հատկապես երբ, օրինակ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Փաշինյանին հորդորել էր ընտրել հետևյալ ճանապարհը՝ նշելով.
«Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին։ Նախ դու ես պատարագին քո ուշացած ու չնախազգուշացված այցով անհարմարություններ պատճառել հավատավոր և աղոթող ժողովրդին, և դրա համար արժեր ներողություն խնդրել ժողովրդից, ինչպես մետրոյի միջադեպի դեպքում։ Եվ էլի մետրոյի միջադեպի նմանությամբ քեզ մոտ հրավիրիր տղաներին և հայրաբար զրուցիր նրանց հետ, անձամբ համոզվիր, իրոք, ուզո՞ւմ էին քեզ հարվածել, թե՞ ոչ։ Գուցե դու պատեհ առիթ կունենաս բացատրություններ տալու և բացառելու նման միջադեպերի կրկնությունը։ եթե, իհարկե, ուզում ես բացառել»:
Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ պետք է հարգել պետական ինստիտուտը, երկրի ղեկավարին՝ անկախ ամեն ինչից: Այո, իսկ նույն այդ երկրի ղեկավարը, անկախ Վեհափառի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հարգե՞լ է նրան, հարգո՞ւմ է, երբ նրան ասում է՝ Կտրիճ Ներսիսյան, հարգո՞ւմ է բանակը՝ որպես կարևոր ինստիտուտ, իհարկե՝ ոչ: Արդյո՞ք հարգանք էր, երբ ոստիկանական պատով արգելափակեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Իսկ հարգա՞նք է եկեղեցու, ժողովրդի, Աստծո հանդեպ, երբ պատարագն «ընդմիջվում է» քաղաքական կամ ծառայողական գործունեությամբ: Մենք մշտապես նախանձախնդիր ենք եղել և կանք, որ հարգվի պետական ինստիտուտը, օրինակ, Պաշտպանության նախարարի պաշտոնական կարգավիճակը, զինվորական և հոգևոր իշխանության դիրքը, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները, սահմանադրության պահանջները, որոնք այդքան հաճախ նսեմացվում և չեն հարգվում երկրի ղեկավարության և իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ինչևէ, ենթադրենք՝ տղաները մեղավոր են, պասի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կարող հետևել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հորդորին, աչքի տակ ունենալով նաև «Հայր մեր» տերունական աղոթքի հետևյալ տողերը. «Եվ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին»:
Փաշինյանը կցանկանա՞ր, որ Աստված առավել մեծ և լրջագույն իր մեղքերի հանդեպ նույնքան «արդարամիտ» լիներ, որքան ինքն է այս տղաների և իր ընդդիմախոսների նկատմամբ:
Նախ պետք է հասկանալ՝ եկեղեցուն քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ մեղադրող Փաշինյանը քաղաքական ինչ գործունեություն է փորձել իրականացնել, որը խոչընդոտվել է 18 տարեկան տղաների կողմից: Իսկ 18-20 տարեկան տղաների հանդեպ Փաշինյանն առավել քան «ներողամիտ» պետք է լինի, և տվյալ դեպքում՝ փորձի պարզել իր բարոյական իրավունքի չափը: Բայց սրա մասին՝ քիչ ուշ: Իսկ հիմա՝ ինչո՞ւ է ատում Փաշինյանը հատկապես 18-20 տարեկան երիտասարդներին:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց.
«2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իր հենարաններից մեկը դարձրեց դպրոցականներին, և այդ տարի հանրակրթական դպրոցն ավարտած 18 տարեկան երիտասարդները 2020 թվականին գտնվում էին ծառայության մեջ: Ու այդ պարտադիր զինծառայողներից կամ ժամկետայիններից շատերը զոհվեցին: Եվ այս օրերին արդեն երրորդ դեպքն է, երբ անչափահաս երիտասարդներն ուղղակի իրենց կեցվածքի, պահվածքի համար այս իշխանության քինախնդրության զոհն են դառնում, ու կալանքի միջնորդությունը և այն քննելու համար որպես դատավոր Մնացական Մարտիրոսյանի հատուկ ընտրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի քինախնդրությունը մինչև վերջ է: Եվս մեկ աղմկահարույց դեպք այսօր բացահայտեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որ ուղղակի տղային իր դիրքորոշման, կարծիքի համար խուլիգանության հոդվածով փորձում են կալանավորել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այս համատեքստում էլ վերադառնանք 18-20 տարեկան երիտասարդներին դատելու՝ Փաշինյանի բարոյական իրավունքին, երբ այդ երիտասարդը մարդասպան չէ, վտանգավոր հանցագործ չէ, և իր կամքից անկախ՝ դարձել է «քաղաքական հրմշտոցի» հերոս: 44-օրյա պատերազմում զոհվել է մի քանի հազար ժամկետային, ընդ որում՝ մի քանի ամսվա ծառայող: Եվ սա՝ այն դեպքում, երբ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, և կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»: Այսինքն, կարելի էր այնպես անել, որ նրանք չզոհվեին, բայց զոհվել են, ինչպես մի առիթով Աննա Հակոբյանն էր ասել՝ «մենք կորցրել ենք 4000 դավիթներ», իսկ գլխավոր պատճառը ոչ թե այն էր, ինչ ներկայացրել էր Հակոբյանը, այլ այն, ինչ խոստովանել էր Փաշինյանը:
18-20 տարեկան զինվորները հերոսաբար կռվել են 44-օրյայի ժամանակ, նաև՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիայի, և դասալիքներին այլ տեղ պետք է փնտրել:
Նշենք, որ Փաշինյանի վերը նշված խոստովանությունից հետո 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից պահանջ էին փոխանցել այն ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի 44-օրյային առնչվող քրգործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավեն և կանչեն հարցաքննության: Տարբեր տեղեկություններով, նա որպես վկա՝ հարցաքննվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Ամիսներ առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ մի գործով հարցաքննվել է մոտ 5 ժամ՝ «իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել և շարունակաբար քննվել»:
Հավելենք, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ՝ «այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային»:
Օրերս հայտնի դարձավ, որ պետական դավաճանության, դիտավորյալ զոհեր տալու համար Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացվել: Կարծում ենք, արդյունքը գործող իշխանության օրոք միանգամայն կանխատեսելի է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը 18-20 տարեկաններին և ոչ միայն՝ պարտք է նաև սեփական որդու կյանքը 44-օրյա պատերազմում փրկելու համար, ով անգամ չի վիրավորվել (իհարկե, ուրախ ենք, երիտասարդ է): Իսկ 2020թ. 44-օրյայի ժամանակ Փաշինյանի որդու՝ ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասի զինծառայողներից զոհվել է 21 անձ:



