Արցախի էջը փակողների նախընտրական «ռեստարտը». Արցախցիներին «տնավորելու» և վերադարձի հույսից զրկելու ՔՊ-ական բանաձևը

«Արցախ» բառից դիվահարվող, արցախցիներին սեփական հող ու ջրից, տուն ու տեղից, Արցախ վերադառնալու հույսից զրկած, ղարաբաղյան շարժման էջը փակած Նիկոլ Փաշինյանն ընտրությունների նախաշեմին օրերս որոշել էր հիշել արցախցի «քույրերի ու եղբայրների» հիմնախնդիրները։ Հավաքել էր մի խումբ մարդկանց ու ընտրություններից առաջ փորձում էր լապշա կախել նրանց ականջներից։

Համոզում էր մոռանալ Արցախը, Ացախում թողած իրենց ծնողների ու զավակների, հարազատների շիրիմները, տարիների ընթացքում արած-դրածն ու հորդորում, առանց ավելորդ էմոցիաների՝ տնավորվել Հայաստանում։

Ընտրություններից առաջ, հասկանալի պատճառներով, փորձում էր սիրաշահել արցախցիներին։

Եթե արդեն արցախցիների ձայների կարիքն են զգում, նշանակում է, վիճակներն իսկապես ծանր է։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող արցախցիներն ընտրողների այն ամենավերջին խումբն է, ում մտքով անգամ կարող է անցնել այսքանից հետո այս իշխանություններին ձայն տալ։ Սա հասկանում են նաև Հայաստանի այսօրվա կառավարիչները, բայց իրենց անճարությունից ձեռքները փրփուրներին են գցել։ Ժամանակին թիրախավորում ու վիրավորում էին, չլսելու էին տալիս բարձրացվող սոցիալական խնդիրները, հիմա հիշել են արցախցիներին։

Կարդացեք նաև

Երկու տարի է, մարդիկ անդադար բողոքում են, որ կառավարության հաստատած բնակարանային ապահովության ծրագրով հատկացվող գումարներով հնարավոր չէ՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Երևանից դուրս բնակարան գնել, բնակարաններն անհամեմատ ավելի թանկ են, քան հատկացվող գումարներն են, բայց լսողն ո՞վ էր։ Այն ժամանակ ընտրությունները դեռ սարերի հետևում էին, արցախցիներին սիրաշահելու խնդիր չկա։ Ընտրությունները մոտենում են, հիշել են, որ տրվող 3 միլիոնական դրամները բավական չեն՝ Երևանին սահմանակից բնակավայրերում բնակարան գնելու համար։ Ուստի՝ խոստանում են մինչև ընտրություններ, կարճ ժամանակում՝ 1-2 ամսվա ընթացքում, 3 միլիոնն ավելացնել՝ դարձնել 4 միլիոն։

Այնքան անհանգստացած են սեփական ապագայով, որ պատրաստ են այս փոփոխությանը նաև հետընթաց ուժ տալ, տարածել մինչև այժմ հատկացված հավաստագրերի վրա։

Պարզ է, որ Արցախի «քույրերի ու եղբայրների» սիրուց չէ, որ մտադրվել են գնալ նման քայլերի։ Իրենցով լիներ, եղածն էլ չէին տա, էլ ուր մնաց թե՝ գումարներն ավելացնեին։ Բայց ստիպված են անում, որովհետև Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների ձայների կարիքն ունեն։

Չնայած, այնպես չէ, որ արցախցիները գլխապատառ Հայաստանի քաղաքացիություն են ստացել ու հիմա իրենց ձայներով կարող են հագեցնել իշխանությունների ախորժակը։ Բռնի տեղահանվելուց երկուսուկես տարի անց էլ նրանց մեծ մասը գերադասում է պահպանել Արցախի քաղաքացիությունը, ինչը նշանակում է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանում տնավորվելու նրա հորդորների՝ մարդիկ վերադառնալու հույսերը չեն կորցնում։ Անգամ բնակարանի խիստ կարիքը պատճառ չէ շատերի համար ստանալ Հայաստանի քաղաքացիություն, ինչը պարտադիր պահանջ է բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Գաղտնիք չկա նրանում, որ հատուկ են այդպես արել, որպեսզի արցախցիներին զրկեն վերադառնալու վերջին հույսից։

Շուրջ 120 հազար բռնի տեղահանվածներից մինչև այժմ ընդամենը 34 հազարն է Հայաստանի քաղաքացիություն ստացել։ Մնացածը շարունակում են սպասել ու հուսալ, որ մի օր կրկին վերադառնալու են իրենց տները։

Հայաստանի քաղաքացիություն ստացած այդ 34 հազար արցախցիներից գրեթե 2 տարում կառավարության տրամադրած բնակապահովման հավաստագրով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը 1700 ընտանիք։ Բռնագաղթած արցախցի ընտանիքների հազիվ 7-8 տոկոսը։

Այս տեմպերով տարիներ, գուցե տասնամյակներ է պետք, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ամբողջությամբ  կարողանան օգտվել բնակապահովման ծրագրից։ Պատճառները տարբեր են, բայց հիմնականներից մեկը միշտ էլ եղել է առաջարկվող գումարի ու բնակարանների գների անհամապատասխանությունը։ Բնակարանները, նույնիսկ մարզերում, շատ ավելի թանկ են, քան այն գումարն է, որը պատրաստ  է տալ կառավարությունը։ Այդ պատճառով էլ շատերը չեն կարողացել ու չեն կարողանում օգտվել ծրագրից։

Բայց մինչև վերջերս դա կառավարությանն ու քաղաքական  իշխանությանը բնավ չէր անհանգստացնում, ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե ինչո՞ւ իրենց կողմից այդքան փառաբանվող ծրագրից մարդիկ չեն օգտվում՝ չնայած բնակարանի կարիքը խեղդում է շատերին։ Այդքանից հետո, հանկարծ հիշել են արցախցիների խնդիրները, ձեռք ու ոտք ընկած՝ պատրաստ են դրանց լուծումներ տալ։ Թեպետ այն, ինչ առաջարկում են, էլի լուծում չի լինելու, որովհետև դա էլ այն գումարը չէ, որով կարող են Երևանի հարակից մարզերում ու բնակավայրերում բնակարաններ գնել։

Դրանք շատերի համար նույնքան անհասանելի են լինելու նաև այն բանից հետո, երբ 3-ական միլիոնները դարձնեն 4-ական միլիոն։ Մինչ դա կանեն, բնակարանների գներն էլի կբարձրանան։ Առավել ևս՝ այսպիսի նախաձեռնությունների պարագայում շուկան շատ ավելի արագ է արձագանքում՝ արհեստական թանկացումների միջոցով մարդիկ շտապում են բարձրացնել գները։

Ուստի, դեռ վաղ է ասել, թե որքանով կփոխվի իրավիճակը՝ կառավարության այս հապճեպ որոշումից հետո։ Բայց այս պարագայում դրված խնդիրն ամենևին էլ դա չէ։ Ակնհայտ է, որ այս ամենի նպատակն արցախցիներին համոզելու, սիրաշահելու ու ընտրություններում նրանց ձայները ստանալու մեջ է։ Դրա համար էլ այդպիսի «զոհողությունների» են գնում, պատրաստ են յուրաքանչյուր անձի հաշվով 1 միլիոնով ավելացնել գումարները։

Անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ հենց հիմա։ Չէ՞ որ այդ բոլոր խնդիրները նոր չեն ու նոր չէ, որ գիտեին այդ մասին։

Ընտրությունների նախաշեմին, երբ մյուս քաղաքական ուժերին զրկել են ինչ-որ բան անելու, երբեմն՝ նույնիսկ խոսելու, քաղաքացիների  հետ շփվելու հնարավորությունից, իրենք կարող են անկաշկանդ միջամտել ընտրական պրոցեսներին, պետական լծակներն օգտագործելով՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել ընտրողների նկատմամբ։ Ու սա բոլորովին էլ միայն արցախցիներին չի վերաբերում։

Վերջին շրջանում պետական միջոցների հաշվին իշխանությունների «անշահախնդիր» հոգատարությունն ու օժանդակությունն ընտրողների հանդեպ ամենուրեք աչք է ծակում։ Բայց, որքան էլ տարօրինակ լինի, դա ընդունված չէ անվանել ընտրակաշառք, չնայած ակնհայտորեն ընտրողներին կաշառելու նպատակով է արվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031